Մատչելիության հղումներ

Ղուկասյանը սպասում է Գրիգորյանի պատասխանին. վերջինս խոստանում է՝ ՔՊ-ն քաղաքապետ չի ունենա


Ո՞վ կլինի Գյումրիի հաջորդ քաղաքապետը. այս հարցի հասցեատերը ընդդիմադիր պատգամավոր Մարտուն Գրիգորյանն է, որը հետընտրական ողջ օրվա լռությունը խախտեց ֆեյսբուքյան մի կարճ գրառմամբ:

«Սիրելի՛ գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս` ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու՝ դա հաստատ է», - գրել է նա։

Ի՞նչ է նշանակում այս գրառումը, արդյոք արդեն կայացել է ընտրություններում երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած Վարդան Ղուկասյանի ու Մարտուն Գրիգորյանի համաձայնությունը, դեռ պարզ չէ: Վարդան Ղուկասյանին աջակցելու մասին առավոտյան առավել հստակ արտահայտվեցին անցողիկ շեմը հաղթահարած մյուս երկու ընդդիմադիր ուժերը՝ «Իմ հզոր համայնքը» և «Մայր Հայաստանը»: Ղուկասյանի՝ քաղաքապետ ընտրվելու հարցում վճռորոշը Մարտուն Գրիգորյանի դիրքորոշումն է, նա էլ մինչ այս պահը այս գրառումից բացի այլ հայտարարություն չի արել, զանգերին չի պատասխանում, իսկ շտաբի դռները փակ են այցելուների առաջ:

Այսօր օրվա երկրորդ կեսին հրավիրած ասուլիսում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը վստահեցրեց, թե ինքն ու Գրիգորյանը ոխերիմ թշնամիներ չեն: 2008-ին Գրիգորյանն ու Ղուկասյանը դարձյալ պայքարել էին քաղաքապետի պաշտոնի համար, հաղթել էր Ղուկասյանը: 2012-ին նրանց մերձավորներն իրար վրա էին կրակել:

«Նախ իմ ձայները բոլորից բարձր են, ընդհանուր առմամբ աշխարհում ես չգիտեմ մի դեպք, որ ովքեր շատ ձայն են ունեցել, գնան, միանան քիչ ձայներ ունեցողին: Ե՛վ Կարենը, և՛ Ռուբենը միացել են ինձ, մենք սպասում ենք, ինքը 6 ավագանի ունի», - ասաց Վարդան Ղուկասյանը:

Մարտուն Գրիգորյանը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած «Պատիվ ունեմ» խմբակցության պատագամավոր է: Այս ընթացքում Ղուկասյանը մեկ անգամ չէ, որ կոշտ քննադատել է երրորդ նախագահին: Հարցին, թե արդյոք այս հանգամանքը չի խոչընդոտի բանակցություններին, պատասխանեց. «Ես, հիշո՞ւմ եք, որ ասում էի, թե կբանակցեմ այն թեկնածուների հետ, որոնք քաղաքի շահն ավելի բարձր են դասում և չեն ղեկավարվում դրսից: Ես սպասում եմ այդ ամեն ինչին: Սպասում եմ պատասխանի, սպասում է ամբողջ քաղաքը, հայ ժողովուրդը»:

Նա անպատասխան թողեց նաև հարցը, թե պատրա՞ստ է ընդառաջ գնալ Մարտուն Գրիգորյանին:

Մի քանի քրեական գործերով անցնող նախկին քաղաքապետն այսօր պնդեց, թե պատրաստ է անգամ բանտից ղեկավարել քաղաքը: Հատուկ նշեց՝ եթե ընդդիմության միավորումը ստացվի, փոխքաղաքապետի պաշտոնը ոչ մեկին չի զիջի:

Ինչ վերաբերում է ամենաշատ ձայները՝ 36 տոկոս ստացած, բայց միայնակ իշխանություն ձևավորելու հնարավորություն չունեցող «Քաղաքացիական պայմանագրին» սատարելուն, ապա շեշտեց. «Ինչ ուզում է անեն, կանգնած տեղը թեկուզ շառով էլ տան, ես իրենց հետ ճանապարհ չունեմ: ՔՊ-ի հետ ճանապարհ չեմ գնալու, վերջ»:

Եթե համայնքապետ ընտրվի, ուզի թե չուզի՝ իշխանության հետ աշխատելու է: Լրագրողները հետաքրքրվեցին՝ իսկ վարչապետին կդիմավորի, Վարդան Ղուկասյանն արձագանքեց. «Ես ընդհանրապես ոչ մեկին սենց բան չեմ արել, իմ հորս էլ չեմ արել, բայց սոբորդինացիան պահելու համար ինձ կպահեմ ճիշտ: Եթե հանկարծ մի հատ սխալ վերաբերմունք տեսա այդ հարաբերությունների մեջ, միանշանակ երկրորդ անգամ չեմ գնալու, ձեռքս չեմ բարձրացնելու, չեմ բարևելու, երեսներն էլ չեմ նայելու, բայց չափը ես միշտ պահել եմ: Եթե իրենց էլ չհարգեմ, աթոռը կհարգեմ: Իր քաղաքականությունը միանշանակ չեմ ընդունում, ինչ արվել է, չեմ ընդունում, բայց քաղաքի հետ կապված եթե որևէ խնդիր լինի, միանշանակ, հո իմ քաղաքի խնդիրները չեմ փակելու»:

Եթե ընդդիմությունը Գյումրիում միավորվի, նրանց ձայներն առաջին իսկ փուլով բավարար են Ղուկասյանին քաղաքապետ ընտրելու համար: Այս սցենարի դեպքում 36 տոկոս ստացած «Քաղաքացիական պայմանագիրը» մեծությամբ երկրորդ քաղաքում ընդդիմություն կդառնա: Եթե Վարդան Ղուկասյանը 33 հոգանոց ավագանու կազմից առնվազն 17 ձայն չստանա, քաղաքապետի ընտրության երկրորդ փուլ կլինի:



Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG