«Անկախ դիտորդ» առաքելությունը, որ 22 դիտորդով շրջիկ դիտորդություն է իրականացնում այսօր, ժամը 14-ի դրությամբ արձանագրել է 19 խախտում Գյումրիում և 14-ը՝ Փարաքարում: Դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը լրագրողներին հայտնեց, որ գրանցել են վիճաբանության 4, բաց քվեարկության 3 դեպք, դիտորդի իրավունքների խախտման՝ 2:
Նա հայտնեց, որ Գյումրիում դիտորդի իրավունքի խախտման դեպքի առնչությամբ գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել:
Դիտորդ Սևադա Ղազարյանին հեռացրել են Գյումրիի 31/37 տեղամասից այն բանից հետո, երբ նա հանձնաժողովի նախագահից պահանջել է պրոակտիվ կերպով ընտրողներին օգնող չառաջարկել՝ ըստ Իոաննիսյանի:
Հանձնաժողովի նախագահը «Ազատության» հետ զրույցում պնդել է, որ թյուրիմացություն է եղել։ Մեկ տարեց ընտրողի հետ կապված հարց է եղել։
Բացի այդ, «Անկախ դիտորդ»-ը Գյումրիի 31/70 ընտրական տեղամասում արձանագրել է քվեարկության կտրոնի հափշտակություն՝ քաղաքացին գողացել է իր քվեարկության կտրոնը: Ոստիկանները փորձել են հետապնդել նրան:
ՆԳՆ-ից ավելի վաղ հայտնել են, որ կեսօրի դրությամբ Ոստիկանությունում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 2 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։ Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։ Արդյունքներով կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։