Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում այսօր ավագանու արտահերթ ընտրություններ են:
Գյումրիի ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ: Դրանք են՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, «Ապրելու երկիր»-ը, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը, «Եվրադաշինք»-ը, «Դեմոկրատական այլընտրանք»-ը, «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը և «Իմ հզոր համայնք»-ը:
Գյումրիում ընտրողների պաշտոնական թիվը 111 հազար 236 է, իսկ Փարաքարում՝ 20 հազար 967:
Փարաքարի ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 4 քաղաքական ուժ: Նրանք են՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Միասնություն» դաշինքը, «Ազգային առաջընթաց»-ը և «Կայունություն»-ը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են՝ ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 98 տեղամասեր:
Առավոտյան ժամը 8.00-ին Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 98 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին:
Ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 38 տեղական ԶԼՄ-ներ, ընտրությունները դիտարկելու նպատակով հավատարմագրվել է 5 դիտորդական առաքելություն: