Մատչելիության հղումներ

Վարդան Ղուկասյանը հայտարարում է՝ երեկվանից Մարտուն Գրիգորյանին չի տեսել


Վարդան Ղուկասյան, արխիվ
Վարդան Ղուկասյան, արխիվ

Գյումրիի ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Կոմկուսի թեկնածու Վարդան Ղուկասյանը «Մեր քաղաքը» ընդդիմադիր դաշինքի ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանին երեկվանից չի տեսել, նրա հետ բանակցություններ չի ունեցել։

Այսօր ասուլիսի ժամանակ Ղուկասյանը վերահաստատեց՝ պատրաստ է Մարտուն Գրիգորյանի հետ նստել, բանակցել։

«Ես հուսով եմ, որ մենք ինչ-որ պայմանավորվել ենք մինչև ընտրությունները․․․ բոլորս հեռուստատեսության աչքի առջև ասել ենք, ես, օրինակ, էսպես եմ ասել՝ եթե ինձանից որևիցե մեկը ընդդիմությունից շատ ձայներ հավաքի, միանշանակ ես կմիանամ իրեն և ընդհուպ ոչ պաշտոնների ակնկալիքով։ Գիտեմ, որ Ռուբենն արդեն հայտարարություն է արել, շնորհակալություն եմ հայտնում, Կարենը նույնությամբ հայտարարություն է արել, ես իրենից ևս շնորհակալություն եմ հայտնում և ես հուսով եմ, որ ես անպայման իրենց հետ կբանակցեմ, կքննարկեմ», - ասաց Ղուկասյանը՝ շարունակելով․ - «Ինքն [Մարտուն Գրիգորյանը] ասել է, որ անպայման մենք միանալու ենք, ընդդիմության դաշտը միասին է լինելու և ՔՊ-ն չի անցնելու, էդ լսել եմ ես, հիմա սպասենք, նայենք։ Մենք սպասում ենք իրեն»։

Գյումրիում երեկ կայացած ընտրություններում որևէ քաղաքական ուժ չի կարողացել հավաքել 50+1 տոկոս՝ իշխանություն ձևավորելու համար։ Անցողիկ շեմը հաղթահարած մյուս երկու ընդդիմադիր ուժերը՝ 6.2 տոկոս ստացած «Մայր Հայաստանն» ու 7,9 տոկոս ստացած «Իմ հզոր համայնքն» արդեն հայտարարել են, որ կսատարեն Գյումրիի նախկին քաղաքապետ Ղուկասյանին: Այժմ հենց Մարտին Գրիգորյանից է կախված՝ արդյոք ընդդիմության միավորումը տեղի կունենա, թե ոչ։

Գրիգորյանն առայժմ չի խախտել լռությունն ու չի պատասխանել գլխավոր հարցին՝ պատրա՞ստ է միանալ ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Կոմկուսի թեկնածու Վարդան Ղուկասյանին: Մարտուն Գրիգորյանն ու նրա թիմակիցներն առավոտից զանգերին չեն պատասխանում։ «Ազատության» թղթակցի այցելության պահին նրա շտաբի դուռը փակ էր, նրա թիմը որևէ հրապարակային հայտարարություն դեռ չի արել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG