Մատչելիության հղումներ

Սարիկ Մինասյանը շարունակեց Արցախը արժեզրկելու, արցախցիներին թիրախավորելու ՔՊ-ի գիծը. արձագանքներ՝ Մինասյանի հայտարարությանը


Սարիկ Մինասյանը, արխիվ
Սարիկ Մինասյանը, արխիվ

Գյումրիի քաղաքապետի թեկնածու, ՔՊ-ական Սարիկ Մինասյանը շարունակեց Արցախը և արցախցիներին ատելության թիրախ դարձնելու իշխանության քաղաքականությունը. Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգրալյանի արձագանքն է երեկ Հանրայինի եթերում իշխանական Մինասյանի հայտարարությանը:

«Ձուկը քանի որ գլխից փտում է, մարմինն էլ նախընտրում է փտած լինել: Հիմա ես միայն կարող են հույս հայտնել, որ իշխանական վերնախավում մարդիկ լինել, որոնք կասեն՝ հերիք է, ուղղակի մի շարունակեք, այս ատելության արշավը մի շարունակեք: Ու կապ չունի՝ դա արցախցիների հանդեպ է, գյումրեցիների հանդեպ է, թե ուրիշների, սա բոլորիս դեմ է դուրս գալու», - ասաց Բեգլարյանը

ՔՊ-ական Սարիկ Մինասյանին նախընտրական բանավեճի ընթացքում վրդովվեցրեց «Իմ հզոր համայնք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանի քննադատությունը, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանը հայտարարում՝ «Արցախը Հայաստանը և վերջ», հետո այն ճանաչում Ադրբեջանի տարածք: Սրան ի պատասխան ՔՊ-ական Մինասյանը հակադարձեց, թե նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք «Լեռնային Ղարաբաղն այնքան վատ տեղ էր, որ գյումրեցիները գումարով իրենց երեխաներին ազատում էին ծառայությունից»:

«Ում երեխային ժամկետային ծառայության ընթացքում տեղափոխել են Լեռնային Ղարաբաղ, այդ մարդիկ իրենց դժբախտ են համարել, հիմա եկել եք գյումրեցիներին ուզում եք հակառակն ապացուցե՞լ», - ասել է Մինասյանը:

Արտակ Բեգլարյանի գնահատմամբ՝ իշխանության դասերը սերտած Սարիկ Մինասյանը այսպես նաև Արցախը արժեզրկելու փորձ է անում, հակառակ դեպքում կխոսեր բանակում թե՛ նախկինում, թե՛ հիմա եղած խնդիրներից ու վտանգներից, որոնք վայրով պայմանավորված չեն:

«Խնդիրն Արցախի մեջ չէ, պետք է հասկանալ, որ պատճառն անվտանգային ռիսկերն են, դա միայն Արցախում չի դրսևորված ու միայն Արցախում չի եղել ժամանակին, նույնիսկ հիմա էլ կա», - ընդգծեց Բեգլարյանը:

Իշխանությունից պատգամավոր Հասմիկ Հակոբյանը վստահեցնում է, թե իրենց թիմակից Սարիկ Մինասյանին սխալ են հասկացել: Ինքը փորձեց բացատրել, թե Մինասյանն ինչ նկատի ուներ:

«Ոչ թե ասել է՝ Ղարաբաղը վատ տեղ էր, այլ Սարիկ Մինասյանն ասում է՝ ձեր համար էնքան վատ տեղ էր, որ Ղարաբաղի վրա փող էիք աշխատում, այսինքն, ինքը շեշտադրում էր, թե ինչպես էին վերաբերվում Լեռնային Ղարաբաղին», - ասաց Հակոբյանը:

Թե՛ նախկինում, թե՛ հիմա բանակում կոռուպցիա կա, բայց Արցախն առանձնացնելը և թիրախավորելը դատապարտելի է համարում իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը: Պնդում է՝ գործող իշխանության օրոք բանակում խնդիրները ոչ միայն չեն լուծվել, այլ ավելի են արմատավորվել:

«Սևացնում ու նսեմացնում են Արցախը, զորակոչի հետ կապված, որ դա համատարած էր, ես դա կտրականապես չեմ ընդունում, որովհետև ես շատ լավ տեղյակ եմ: Արցախի հետ կապել կոռուպցիան, դա ուղղակի ծիծաղելի է, ո՞ւմ պիտի համոզեն իրենք: Ես չեմ ասում՝ Արցախում չի եղել կոռուպցիա, բայց թող չսևեռվեն Արցախի վրա, թիրախավորեն, այսպես ասած, որ բաներ էին տալիս, ոչ, ծնողները այստեղ էլ են անհանգստանում, երբ որ իրանց երեխաներին բանակ են տանում», - ընդգծեց Ալեքսանյանը:

Խորհրդարանական ընդդիմությունից շեշտում են՝ Գյումրիում իշխանության թեկնածու Սարիկ Մինասյանը Արցախի մասին բանավեճի ընթացքում արած իր հայտարարություններով հանդես եկավ որպես դասական ՔՊ-ական:

«ՔՊ-ն ներկայացնող թեկնածուն գնաց քաղաքական ինքնասպանության ճանապարհով, մյուս կողմից նաև պատասխանատվություն ստանձնեց այս իշխանությունների այն բոլոր մեղսակցության համար՝ հայրենիքի հանձնումից մինչև Հայաստանի անվտանգությունն, ըստ էության, թշնամիներին վաճառելու հարցից, և դրանով իսկ ինքն իր ճանապարհը փակեց հետագայում քաղաքական գործընթացների համար», - նշեց
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Սա Գյուրիի քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի միակ հայտարարությունը չէ, որ քարոզարշավի փուլում արժանացել է քննադատության: Մինասյանը նաև ասել էր, թե Արցախն անցավ Ադրբեջանին, քանի որ «չենք կռվել»: Բեգլարյանի կարծիքով՝ իշխանության քայլերը երկրում ատելության մթնոլորտն են խորացնում են, իսկ արցախցիների նկատմամբ, ըստ նրա, այդ քարոզն առավել ցայտուն է դրսևորվում:

«Իշխանական վերնախավը, Փաշինյանի գլխավորությամբ, հաճախակի թիրախավորում է Արցախը, արցախցուն, Արցախյան շարժումը և այլն, ուղղակի խիստ անընդունելի է: Որևէ մեկն իրավունք չունի Արցախի արժեքը նվազեցնել, դա կլինի Նիկոլ Փաշինյանը, թե Սարիկ Մինասյանը, թե հասարակ քաղաքացի», - ընդգծեց Բեգլարյանը:

ՔՊ-ական Սարիկ Մինասյանն այսօր հանրային եթերում արած իր հայտարարությանը չի անդրադարձել, ընդդիմադիր պատգամավորները կարծում են՝ դրանով պետք է իրավապահները զբաղվեն:


XS
SM
MD
LG