Մատչելիության հղումներ

Հրադադարի համաձայնությունից հետո էլ Իսրայելը շարունակել է հարվածները Գազայում, կան տասնյակ զոհեր


Գազայի հատված - Պաղեստինցիներն արձագանքում են հրադադարի համաձայնության մասին լուրին, Դեյր ալ-Բալա, 15-ը հունվարի, 2025թ.
Գազայի հատված - Պաղեստինցիներն արձագանքում են հրադադարի համաձայնության մասին լուրին, Դեյր ալ-Բալա, 15-ը հունվարի, 2025թ.

Հրադադարի շուրջ պայմանավորվածությունից շատ չանցած, Գազայի հատվածի պաշտոնական աղբյուրների համաձայն, Իսրայելը շարունակել է հարվածները, ինչի հետևանքով առնվազն 73 մարդ է սպանվել, ավելի քան 200-ը՝ վիրավորվել։

France-Presse-ը, մեջբերելով Գազայի քաղաքացիական պաշտպանության գործակալության հաղորդագրությունը, նշում է, որ զոհերի թվում կա 20 երեխա, 25 կին։

Երեկ, մինչդեռ, պաղեստինցիները տոնում էին Իսրայելի և Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված պաղեստինյան «Համաս» խմբավորման միջև հրադադարի համաձայնությունը, որը ձեռք բերվեց պատերազմի սկսվելուց մոտ 15 ամիս անց: Երեք փուլից բաղկացած համաձայնության շրջանակում Իսրայելը համաձայնել է աստիճանաբար դուրս բերել զորքը Գազայից, իսկ «Համաս»-ն ազատ կարձակի իսրայելցի պատանդներից մի քանիսին՝ մոտ 1000 պաղեստինցի գերիների դիմաց:

Կատարի վարչապետ Շեյխ Մուհամեդ բին Աբդուլռահման ալ-Թանին հայտարարել է, որ Կատարի և Եգիպտոսի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնությունն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ին:

«Այս համաձայնագիրն ունի հստակ մեխանիզմ առաջին 42 օրվա համար։ Եվ կա երկրորդ և երրորդ փուլերի բանակցությունների հստակ մեխանիզմ։ Իսկ համաձայնագրի բոլոր մանրամասները կհրապարակվեն առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում՝ վերջնական տեսքի բերելուց հետո», - ասել է Կատարի վարչապետը:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակն արդեն հայտարարել է, որ նախարարների կաբինետը հետաձգել է այսօր առավոտյան նախատեսված հանդիպումը, որի ժամանակ պետք է քննարկվեր Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի հաստատման հարցը, պարզաբանելով, որ «Համաս»-ը փորձում է վերջին պահին զիջումներ կորզել: Վարչապետի գրասենյակից ասել են, որ նախարարների կաբինետը չի հանդիպի այնքան ժամանակ, քանի դեռ միջնորդները չեն ծանուցել Իսրայելին, որ «Համաս»-ն ընդունել է համաձայնագրի բոլոր տարրերը:

Պաշտոնական հայտարարություններից ու մամուլի հրապարակումներից պարզ է դառնում, որ առաջին փուլում կսկսվի վեցշաբաթյա զինադադար, որի ընթացքում իսրայելական զորքն աստիճանաբար դուրս կգա Գազայի կենտրոնից։ Այս փուլում Իսրայելի բանտերում պահվող պաղեստինցիների դիմաց «Համաս»-ը կազատի 2023-ի հարձակման ժամանակ պատանդառված 33 իսրայելցու: «Համաս»-ը դեռ ազատ չի արձակել 94 իսրայելցի պատանդի, նրանցից, Իսրայելի տվյալներով, այս պահին ողջ է միայն 60-ը:

Հակամարտության հետևանքով տեղահանված պաղեստինցիներին այս փուլում թույլ կտրվի վերադառնալ իրենց տներ, ապա կսկսվի մարդասիրական օգնության տրամադրումը: Երկրորդ փուլում պետք է ազատ արձակվեն մնացած պատանդները և վերջ դրվի պատերազմին, իսկ երրորդ փուլում նախատեսվում է մահացած պատանդների դիերը վերադարձնել նրանց ընտանիքներին, ապա կենտրոնանալ Գազայի վերականգնման վրա:

Երկրորդ և երրորդ փուլի վերաբերյալ հետագա բանակցությունները կսկսվեն գործարքի իրականացման 16-րդ օրը: Ըստ Le Beck International խորհրդատվական ընկերության ավագ վերլուծաբան Մայքլ Հորովիցի՝ հենց այստեղ էլ կարող է ի հայտ գալ առաջին դժվարությունը հրադադարը երկարաձգելու համար:

«Մեծ անորոշություն կա այն հարցում, թե արդյոք Իսրայելը հանձնառու է վերջնականապես վերջ դնել հակամարտությանը: Հարցն այն է, թե արդյոք Իսրայելն իսկապե՞ս կարող է Գազայում վերադառնալ իշխանության, պահպանել իր ռազմական հնարավորությունները և նույնիսկ օգուտ քաղել այս ենթադրյալ հաղթանակից՝ ամրապնդելու իր ներկայությունը Գազայից դուրս, մասնավորապես Արևմտյան ափում», - ասում է Հորովիցը:

ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենն իրեն է վերագրել հրադադարի համաձայնագրի ձեռքբերումը՝ ասելով, որ վերջնական գործարքը հիմնականում արտացոլում է մայիսին իր արած առաջարկի շրջանակը:

«Այս պլանը մշակվել և բանակցվել է իմ թիմի կողմից և հիմնականում կիրականացվի եկող վարչակազմի կողմից: Այդ իսկ պատճառով ես իմ թիմին հրահանգեցի եկող վարչակազմին ամբողջովին տեղեկացնել դրա մասին», - հայտարարել է Բայդենը:

ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին ասել է, որ հրադադարի համաձայնագիրը ձեռք բերվեց շնորհիվ նոյեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններում իր տարած հաղթանակի:

«Քանի որ այն ազդարարեց ողջ աշխարհին, որ իմ վարչակազմը խաղաղության կձգտի և կբանակցի գործարքներ՝ ապահովելու բոլոր ամերիկացիների և մեր դաշնակիցների անվտանգությունը», - հայտարարել է Թրամփը:

Սպիտակ տունն աշխատում է հաղթահարել Նեթանյահուի բարձրացրած խնդիրները

Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների հարցով համակարգող Ջոն Քիրբին NBC News-ին ասել է, որ աշխատում են հաղթահարել Իսրայելի վարչապետի բարձրացրած խնդիրները և վստահ են, որ կկարողանան լուծել դրանք, ու հրադադարն ուժի մեջ կմտնի կիրակի օրվանից։

«Մենք պետք է դադարենք անհանգստանալ այն մասին, թե ով է իրեն դա վերագրում և ով է դրա համար գովասանքի արժանանում: Պատանդներին դա չի հետաքրքրում, Գազայի բնակիչներին դա չի հետաքրքրում», - ընդգծել է Քիրբին:

Մարդասիրական օգնությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունները ողջունել են համաձայնությունը և խոստացել ընդլայնել աշխատանքը Գազայում: Պաղեստինցի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալությունը կոչ է արել անխափան մուտք տրամադրել Գազա, որպեսզի «թեթևացնեն պատերազմի պատճառած տառապանքը»:

2023-ի հոկտեմբերին 7-ին բռնկված պատերազմի ընթացքում գրեթե 47 հազար պաղեստինցի է սպանվել, այդ թվում՝ մոտ 18 հազար երեխա։ Իսրայելի կողմից զոհվել է 1139 մարդ: Պատերազմի ընթացքում Իսրայելն էապես թուլացրել է Իրանի աջակցությունն ստացող «Համաս» և «Հեզբոլա» կազմակերպություններին՝ սպանելով նրանց բարձրաստիճան ղեկավարությանը, նվազեցնելով նրանց ռազմական հնարավորությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG