Մերձավոր Արևելքում 15-ամսյա հակամարտությունը կտրուկ տեղաշարժ է առաջացրել տարածաշրջանային ուժերի հավասարակշռության մեջ։
Իրանը և Ռուսաստանը լրջորեն թուլացել են. Իսրայելի հարվածները տարածաշրջանում Թեհրանի պրոքսիների դեմ նպաստեցին սրան, ինչպես նաև Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի փլուզմանը: Իսրայելն ավելի ուժեղ է դարձել, բայց այնպիսի երկրներ, ինչպիսիք են Թուրքիան, Եգիպտոսը և Կատարը, նույնպես ազդեցություն են ձեռք բերել:
Իրանի անկումը, թերևս, ամենաուշագրավն է։ Նրա շատ գովաբանված «դիմադրության առանցքը» հիմնված էր հիմնականում «Համաս»-ի և «Հեզբոլա»-ի վրա: «Համաս»-ը Եվրամիության և Միացյալ Նահանգների կազմից ահաբեչական կազմակերպություն է ճանաչվել, մինչդեռ «Հեզբոլա»-ի միայն զինված թևն է ԵՄ-ի սև ցուցակում:
Դրամատիկ փոփոխություններ
Պատերազմը սկսվեց այն բանից հետո, երբ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին արմատական «Համաս»-ը սկսեց իր հարձակումն Իսրայելի վրա: Տասնամյակներ շարունակվող հակամարտության կտրուկ սրման ֆոնին՝ «Համաս»-ի՝ Իսրայելի դեմ հարձակումների արդյունքում սպանվեց ավելի քան 1200 մարդ։ Զինյալ խմբավորումը նաև ավելի քան 200 պատանդ է վերցրել:
Դրան հետևած Իսրայելի ռմբակոծությունների և ցամաքային գործողության հետևանքով զոհվել են «Համաս»-ի ղեկավարության բարձրաստիճան դեմքերը և մոտ 18 հազար գրոհայիններ: Այդ հարվածները նաև Գազայի հատվածը վերածեցին ավերակների՝ ընդհանուր առմամբ սպանելով մոտ 46 հազար մարդու՝ ըստ Գազայի առողջապահական ոլորտի պաշտոնյաների:
«Համաս»-ի հիմնական ղեկավարության թուլացումը և Գազայի ոչնչացումը կնպաստեն այլ տեսակի ռազմատենչության առաջացմանը», - ասում է Վաշինգտոնում բնակվող քաղաքական վերլուծաբան և Մերձավոր Արևելքի և Հարավային Ասիայի հարցերով հետազոտող Ֆաթիմա Այուբը:
Հունվարի 14-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ Վաշինգտոնը գնահատում է, որ «Համաս»-ը հավաքագրել է այնքան զինյալներ, որքան նա կորցրել է պատերազմի ժամանակ:
«Դա տևական ապստամբության և հավերժական պատերազմի հիմք է», - Վաշինգտոնում ասել է նա։
Իրանի ձախողումը
Պատերազմը աղետ էր Իրանի համար։ Անցած չորս տասնամյակների ընթացքում Թեհրանը միլիարդներ է ծախսել տարածաշրջանում՝ Լիբանանում, Սիրիայում, Իրաքում, Գազայում և Եմենում պրոքսի զինյալների ցանց ստեղծելու վրա: Այսօր դա տապալված է:
2024 թվականի սեպտեմբերից Իսրայելը ծանր հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլա»-ին՝ սպանելով նրա երկարամյա առաջնորդ Հասան Նասրալլահին և նրա առանցքային համախոհներին:
Իսրայելի հարձակումը կտրուկ նվազեցրեց «Հեզբոլա»-ի դերը, մինչդեռ նախկինում այն Լիբանանի ամենահզոր քաղաքական ուժն էր: Լիբանանը այժմ ունի նոր նախագահ և վարչապետ։ Երկուսն էլ դիտվում են որպես «չափավոր և բարեփոխիչ» գործիչներ՝ զերծ Թեհրանի ազդեցությունից:
Սիրիայում դա էլ ավելի խորը ազդեցություն ունեցավ։ «Հեզբոլա»-ն այլևս ի վիճակի չէր օգնել նախագահ Բաշար ալ-Ասադին պահպանել իր իշխանությունը: Ոչ էլ ռուսական ուժերը կարողացան դա անել, քանի որ Մոսկվայի ուշադրությունը կլանված է ավելի մեծ՝ Ուկրաինայում տեղի ունեցող և Ռուսաստանին թուլացնող պատերազմով։
«Իսրայելը գործի դրեց իրադարձությունների մի շղթա, որոնք ի վերջո հանգեցրին Ասադի ռեժիմի փլուզմանը», - կարծում է Լոնդոնի Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի վերլուծական կենտրոնի Մերձավոր Արևելքի գծով փորձագետ Հյու Լովատը:
Թեհրանը ստիպված եղավ դուրս գալ Սիրիայից Ասադի ռեժիմի տապալումից հետո։ «Իրանում նույնիսկ կոշտ քաղաքականության և «Դիմադրության առանցքի» կողմնակիցների շրջանում են ընդունում, որ պարտվել են», - ասում է Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի ինստիտուտի Իրանի ծրագրի տնօրեն Ալեքս Վատանկան:
Ըստ նրա՝ դեռ վաղ է ասել, թե արդյոք սա շրջադարձային կլինի Թեհրանի տարածաշրջանային հավակնությունների համար, բայց Իրանն արդեն իսկ մտածում է արաբական երկրներում իսլամիստական զինյալ խմբավորումներից հրաժարվելու մասին:
«Ծախսերը գերազանցում են օգուտները», - նշել է Վատանկան՝ հավելելով․ - «Ու եթե նրանք կայացնեն այդ որոշումը, հետագայում մենք կառերեսվենք Իրանի տարածաշրջանային օրակարգի այլ իրականության հետ»:
Նա ասել է, որ Իրանի ազդեցությունը Եմենի հութի ապստամբների վրա ավելի թույլ է:
Միացյալ Նահանգները, Իսրայելը և Մեծ Բրիտանիան հարձակվեցին Եմենի հյուսիսում հութիների կողմից վերահսկվող էներգետիկ և նավահանգստային ենթակառուցվածքների վրա, երբ վերջինս հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր արձակեց Իսրայելի վրա և հարձակվեց Կարմիր ծովում նավերի վրա:
«Հութիներն շատ ավելի անկախ են գործում և իրենց սեփական օրակարգն ունեն պաղեստինցիների առումով», - նկատել է նա, - «Նրանք այնքան էլ կախված չեն նրանից, թե Իրանը ինչ կորոշի անել»:
Մոսկվայի դուրս գալը
Ասադի փախուստը Մոսկվա նշանակում է, որ Ռուսաստանը կորցրել է իր ռազմական դիրքը Մերձավոր Արևելքում:
Կան կադրեր, թե ինչպես են ռուսական ուժերը տարհանվում Սիրիայից ու, ըստ տարբեր հաղորդումների, ուղղություն են բռնում դեպի արևելյան Լիբիա: Կրեմլը կորցրել է մի դաշնակցի, որ ուներ դեռ Սառը պատերազմի ժամանակներից:
«Այն հսկայական ռազմավարական հարված է ստացել», - ասել է Լովատը՝ հավելելով․ - «Ես ոչ մի մոտալուտ հնարավորություն չեմ տեսնում, որ Ռուսաստանը կարողանա վերահաստատվել Մերձավոր Արևելքում»։
Այնուամենայնիվ, Մերձավոր Արևելքի այլ երկրներ ազդեցություն են ձեռք բերել Թեհրանի, Մոսկվայի և նրանց դաշնակիցների հաշվին: Թուրքիան այժմ մեծ հնարավորություններ կունենա Սիրիայի ապագան ձևավորելու հարցում։
Անկարայի կողմից աջակցվող իսլամիստական «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորումն այժմ գլխավորում է Սիրիայի ժամանակավոր կառավարությունը:
Իսրայելն այժմ հայտնվել է շատ ավելի ուժեղ ռազմական դիրքում՝ հզոր հարվածներ հասցնելով բազմաթիվ թշնամիների:
Եգիպտոսն ու Կատարը դիվանագիտական հաջողություններ են գրանցել՝ միջնորդելով «Համաս»-ի և Իսրայելի միջև անհասանելի թվացող զինադադարը:
Այնուամենայնիվ, Սաուդյան Արաբիան՝ նավթով հարուստ սուննի միապետությունը, պատերազմից շատ բան չի շահել:
«Նրանք իրենց ողջ գումարն են դրել «Աբրահամի համաձայնագրի» վրա և մոտ էին Իսրայելի հետ պաշտոնական կարգավորմանը հասնելուն մինչև հոկտեմբերի 7-ը», - ասում է վերլուծաբան Այուբը, - «Բայց այդ ժամանակից ի վեր նրանք ոչ մի նշանակալից ազդեցություն չեն ունեցել տարածաշրջանային զարգացումների վրա»:
Արաբական Միացյալ Էմիրությունները և Բահրեյնը՝ Էր-Ռիադի հիմնական դաշնակիցները, ճանաչեցին Իսրայելը «Աբրահամի համաձայնագրով» 2020 թվականի սեպտեմբերին։
Նախապատերազմյան հույսերը, որ Սաուդյան Արաբիան կհետևի նրանց օրինակին, կարող են հակամարտության զոհ դառնալ ՝ հաշվի առնելով Գազայում մահերի և ավերածությունների մասշտաբները:
Այս գործոնը նաև տարածաշրջանի հասարակական կարծիքն է մեծապես շրջել Միացյալ Նահանգների դեմ, որը թեպետ Իսրայելին կոչ էր անում զսպվածություն ցուցաբերել, միևնույն ժամանակ տրամադրում էր պատերազմի համար անհրաժեշտ զենքերը: ԱՄՆ-ի թե՛ հեռացող, թե՛ եկող վարչակազմերը իրենց են վերագրել զինադադարի պայմանավորվածության հասնելու հաջողությունը, սակայն դրա հետևանքներով արդեն զբաղվելու է ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը:
Ակնկալվում է, որ նա առավելագույն ճնշման քաղաքականություն կորդեգրի Իրանի նկատմամբ։ Նրա հռետորաբանությունը հաստատապես իսրայելամետ է: Առաջիկա օրերը ցույց կտան, թե արդյոք զինադադարի շուրջ համաձայնագիրը կպահպանվի, և թե ինչպես Թրամփի գալը կրկին կխառնի բոլոր խաղաքարտերը: