Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ «Համաս» խմբավորումը փորձում է վերջին պահին վերանայել հրադադարի շուրջ նախօրեին ձեռք բերված պայմանավորվածությունների մի քանի դրույթներ:
«Համաս»-ը խախտում է պայմանավորվածությունները և վերջին պահին ճգնաժամ է ստեղծում», - հայտարարում է Բենիամին Նեթանյահուի գրասենյակը՝ հավելելով, որ այդ պատճառով Իսրայելի նախարարների կաբինետը հետաձգել է այսօր նախատեսված հանդիպումը, որի ընթացքում պետք է հաստատվեր նախօրեին ձեռքբերված պայմանավորվածությունը։
«Իսրայելը կառավարությունը նիստերի օր չի նշանակի, քանի դեռ միջնորդները չեն հայտարարել, որ «Համաս»-ը հաստատել է համաձայնագրի բոլոր դետալները»,- ասված է Իսրայելի վարչապետի աշխատակազմի հայտարարությունում։
15 ամիս տևած հակամարտությունից հետո չորեքշաբթի օրը Գազայի հատվածում հրադադար հաստատելու և պատանդների փոխանակման համաձայնություն է ձեռքբերվել Իսրայելի և «Համասի» միջև, որն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ին։
Հրադադարը կնքվել է Եգիպտոսի և Քաթարի միջնորդությամբ ԱՄՆ-ի աջակցությամբ ամիսներ տևած բանակցություններից հետո՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հունվարի 20-ին կայանալիք երդմնակալությունից առաջ:
Սակայն Գազայի հատվածի պաշտոնական աղբյուրներն ավելի ուշ հաղորդել են, որ պաղեստինյան անկլավում հրադադարի շուրջ պայմանվորվածության մասին հայտարարությունից ի վեր Իսրայելը շարունակել է հարվածները, որի հետևանքով առնվազն 73 մարդ է սպանվել, ավելի քան 200-ը վիրավորվել։