Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը չորեքշաբթի երեկոյան հեռուստաուղերձի ժամանակ հայտարարեց, որ Ռուսաստանից բխող սպառնալիքի և ԱՄՆ-ի քաղաքականության հնարավոր փոփոխությունների պատճառով նախաձեռնելու է քննարկում այն մասին, որպեսզի Ֆրանսիան, որպես միջուկային տերություն, երաշխավորի Եվրամիության մյուս երկրների անվտանգությունը։
Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ Ֆրանսիան պատրաստ է, մասնավորապես, Գերմանիայում տեղակայել մի քանի կործանիչ, որոնք կարող են կրել միջուկային զենք։ Եթե ԱՄՆ-ը կրճատի իր ռազմական ներկայությունը Եվրոպայում կամ ընդհանրապես լքի Եվրոպան, դա կնշանակեր, որ Գերմանիան և հավանաբար ԵՄ այլ երկրներ կհայտնվեն ֆրանսիական, այլ ոչ թե ամերիկյան «միջուկային հովանոցի» տակ։ Մակրոնը հիշեցրել է Գերմանիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթած Պահպանողական կուսակցությունների դաշինքի ղեկավար Ֆրիդրիխ Մերցի խոսքերը, որը հանդես էր եկել հօգուտ այն գաղափարի, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան իրենց «միջուկային հովանոցը» տարածեն Գերմանիայի վրա։
Մակրոնը շեշտեց, որ միջուկային զենք կիրառելու որոշումը կմնա բացառապես Ֆրանսիայի նախագահի իրավասությունների շրջանակում։
Ֆրանսիայի նախագահը խոստովանել է, որ ԱՄՆ-ը «փոխել է իր դիրքորոշումը» Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ։ Մակրոնն ասել է՝ հուսով է, որ ԱՄՆ-ը կմնա Եվրոպայի դաշնակիցը, և ընդգծել, որ պետք է ուժեղացնի համաեվրոպական պաշտպանությունը: Ոչինչ չանելն, ընդգծել է Մակրոնը, «խելագարություն» կլինի։ Ֆրանսիայի նախագահն ընդգծել է ՆԱՏՕ-ին անդամակցելու երկրի հավատարմությունը, սակայն հավելել է, որ «Եվրոպայի ապագան չպետք է որոշվի Վաշինգտոնում կամ Մոսկվայում» և ընդգծել, որ Եվրոպան պատրաստ է «մրցակցել» և՛ ԱՄՆ-ի, և՛ Ռուսաստանի հետ։
Խոսելով ուկրաինական պատերազմի մասին՝ Մակրոնն ընդգծել է, որ այն չպետք է ավարտվի Ուկրաինայի կապիտուլյացիայով, և չպետք է խաղաղություն կնքվի «ցանկացած գնով»։ Միաժամանակ նա կրկին չի բացառել Ուկրաինայում եվրոպական բանակների կոնտինգենտի տեղակայումը խաղաղ համաձայնագրերի ձեռքբերումից հետո՝ որպես դրա երաշխավոր։ Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը վտանգ է ներկայացնում ոչ միայն Ուկրաինայի, այլև ԵՄ երկրների համար՝ նշելով, որ ՌԴ-ն շարունակում է հզորացնել իր բանակը։