Մատչելիության հղումներ

Եվրոպական խորհրդարանը վաղը կքննարկի Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցը


Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան, Լևոն Մնացականյան, Դավիթ Մանուկյան, Դավիթ Իշխանյան, Դավիթ Բաբայան
Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան, Լևոն Մնացականյան, Դավիթ Մանուկյան, Դավիթ Իշխանյան, Դավիթ Բաբայան

Եվրոպական խորհրդարանը վաղվա լիագումար նիստում կքննարկի Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցը։

Քննարկումն այսպես է վերնագրված՝ «Ադրբեջանի կողմից հայերի ապօրինի կալանավորումներն ու այդ թվում՝ բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների կեղծ դատավարությունները», իսկ հրատապ համարված բանաձևի քվեարկությունը նախատեսված է հինգշաբթի՝ մարտի 13-ին։

Հայ գերիների ազատ արձակման պահանջով երեկ Բեռլինում է բողոքի ակցիա անցկացվել: Ադրբեջանում արդեն տարիուկես պահվող հայերի լուսանկարներով մարդիկ կոնկրետ քայլերի կոչ են արել ԵՄ երկրներին, այդ թվում՝ Գերմանիային, որ պատժամիջոցներ սահմանեն ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են հայ բանտարկյալների ապօրինի կալանավորման և վատ վերաբերմունքի համար, ճնշում գործադրեն Բաքվի վրա բանտային պայմանների միջազգային մոնիթոինգի հասնելու համար:

Ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում: Այժմ դատարանի առաջ են կանգնած Արցախի վրա 2023-ի սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակումից հետո գերեվարված 16 հայերը, նրանց թվում՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը:

Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ցեղասպանությունից մինչև ահաբեկչություն ու ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։

Երեկ 15-ի դատավարությունն է շարունակվել, մեղադրողները հարցեր են ուղղել նախկին պաշտոնյաներին՝ հիմնականում ղարաբաղյան շարժման ծագման մասին:

Այսօր շարունակվում է Ռուբեն Վարդանյանի դատավարությունը

Այսօր շարունակվում է նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը: Մինչ Վարդանյանը հրաժարվում է ցուցմունքներ տալուց՝ դատը որակելով ֆարս, ըստ «Ազերթաջ»-ի, այսօրվա նիստում Ղարաբաղում բնակվող ծագումով մի հայ հայտարարել է, թե իբր Վարդանյանը Ադրբեջանի դեմ կռվելու համար 45-50 տարեկան տղամարդկանցից խմբեր է կազմել՝ անդամագրման դիմաց առաջարկելով 700-2000 դոլար:

Ադրբեջանական լրատվամիջոցները վկայի անունը չեն հրապարակում, լուսանկարը՝ ևս, փոխարենը՝ մանրամասն նրա հայտարարություններն են մեջբերում, իբր նա էլ է հարցեր ունեցել Ղարաբաղում «աշխարհահռչակ բիզնեսմեն ու օլիգարխ Վարդանյանի հաստատվելու վերաբերյալ»:

Նիստից ռեպորտաժ հրապարակող միակ լրատվամիջոցը՝ պետության կողմից վերահսկվող «Ազերթաջ»-ն է: Անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել թե՛ վկային, թե՛ Ադրբեջանում գերության մեջ դատվող հայերին վերագրվող հայտարարությունները:

Ըստ բաց աղբյուրների՝ Արցախի զանգվածային հայաթափումից հետո հենց 2 տասնյակից քիչ հայ է մնացել Լեռնային Ղարաբաղում:

Ռուբեն Վարդանյանի համախոհներից, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը տեղեկություններ չուներ, թե ո՞վ է ցուցմունք տված հայը. - «Ենթադրում եմ, որ հնարավոր է Արցախում մնացած մի քանի արցախցիներից մեկը ճնշումների ներքո նման բան ասած լինի: Միևնույն ժամանակ չեմ էլ բացառում, որ ցուցմունքները, որոնք մեր հայրենակիցներն են տալիս, ամենևին չեն համապատասխանում նրա հետ, ինչ զանգվածային լրատվամիջոցները տարածում են»:

«Եթե Ադրբեջանը որոշել է, որ պետք է արցախցիերը ցուցմունք տան՝ այնտեղ ինչ է կատարվում, առաջարկում եմ՝ թող էդ պրոցեսին մասնակից դարձնեն 100 հազարավոր արցախցիներին, ովքեր այնտեղ ապրում են ու տեսել են ոչ միայն Ռուբեն Վարդանյանի գործունեությունը, այլ նաև մնացած գերիների: Ակնհայտ է, որ Ադրբեջանը նաև իրականությունից խուսափելով այս 1-2 անձի ցուցմունքով ուղղակի հերթական կեղծ դատավարությունն է իրականացնում», - ասաց Առաքելյանը:

«Ազերթաջ»-ի այսօր հրապարակած լուսանկարում Ռուբեն Վարդանյանը ժպտում է, չնայած չափազանց նիհարած է ու ակնհայտ հյուծված տեսք ունի: Վարդանյանը, համախոհների տեղեկություններով, շարունակում է իր նկատմամբ ապօրինությունները դադարեցնելու պահանջով փետրվարի 18-ից հայտարարած հացադուլը: Օրերս ընտանիքի միջոցով փոխանցած աուդիոուղերձում Արցախում ընդամենը 3 ամիս պաշտոնավարած Վարդանյանը դարձյալ կեղծ էր որակել իր դատավարությունը:

«Մի՛ կեղծեք փաստաթղթերը, մի՛ նենգափոխեք արձանագրությունները: Չէ՞ որ դուք ամեն ինչ ունեք՝ իմ բոլոր գաջեթները, իմ բոլոր փաստաթղթերը: Դատը մի՛ դարձրեք ձևական դատավարություն, իմիտացիա, շոու», - ասել է նա:

Չնայած պարբերաբար վատթարացող առողջական վիճակին, մարտի 1-ից սկսած հացադուլը չի դադարեցնում նաև «Ապրելու երկիր» կուսակցության փոխնախագահ Մանե Թանդիլյանը: Այսօր Ազատության հրապարակ կրկին շտապօգնության ծառայություն է եկել: Թանդիլյանն իր ակցիայով խնդրում է Ռուբեն Վարդանյանին՝ «դադարեցնելու իր կյանքի համար վտանգավոր հացադուլը»։




XS
SM
MD
LG