Մատչելիության հղումներ

Մանե Թանդիլյանի ինքնազգացողությունը վատացել է. տեղափոխվել է հիվանդանոց


Երեկ երեկոյան վատացել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ինքնազգացողությունը, «Ազատությանը» հայտնեց կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը: Նրան տեղափոխել են հիվանդանոց:

Մանե Թանդիլյանը մարտի 1-ից հացադուլ է սկսել Ազատության հրապարակում՝ ի պաշտպանություն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ու Բաքվում պահվող մյուս հայ գերիների։

Մեսրոպ Առաքելյանի փոխանցմամբ՝ կեսօրի դրությամբ Թանդիլյանը գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Նա հրաժարվում է հացադուլը դադարեցնել:

Թանդիլյանը հացադուլը սկսեց նաև Ռուբեն Վարդանյանին խնդրանքով՝ «դադարեցնել իր կյանքի համար անդառնալի սպառնալիք հանդիսացող հացադուլը»։

Փետրվարի 18-ից Բաքվի բանտում հացադուլ հայտարարած Վարդանյանն աշխարհի ուշադրությունն է հրավիրում, ինչպես ընտանիքի միջոցով էր փոխանցել, իր նկատմամբ դատական ֆարսի վրա: Նրա ամերիկացի փաստաբանն ահազանգել է Ադրբեջանում Վարդանյանի կյանքին սպառնացող վտանգի մասին:

Մարտի 7-ին հրապարակվեց Բաքվի բանտից նրա փոխանցած աուդիոուղերձը, որում Վարդանյանը բացատրել է ադրբեջանական բանտարկության մեջ արդեն երկրորդ անգամ հացադուլ անելու շարժառիթը, ընդգծել, որ բողոքի այդ ծայրահեղ քայլին է գնում ոչ թե մեկուսարանի պայմանների կամ իր վիճակի պատճառով, այլ բողոքում է դատական պրոցեսի դեմ: Դատաքննության մեկնարկից ի վեր Վարդանյանը հրաժարվում է ցուցմունք տալուց, բարձրաձայնում է իր նկատմամբ ապօրինությունների, կեղծված ապացույցների մասին:

XS
SM
MD
LG