Ռուս - ադրբեջանական հարաբերություններում լարվածությունը չի մարում․ Բաքուն սպառնում է Ռուսաստանի դեմ հայց ներկայացնել միջազգային դատարան՝ անցած դեկտեմբերին Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի վթարի հարցով, որը 38 մարդու մահվան պատճառ էր դարձել։
Ադրբեջանցի պաշտոնյաներն ու լրատվամիջոցները պնդում են՝ Բաքուն դժգոհ է, որ Ռուսաստանի իշխանությունը մինչ օրս չի ընդունել իր մեղսակցությունը և չի կատարել նախագահ Ալիևի պահանջները՝ չի պատժել մեղավորներին ու չի փոխհատուցել վնասները։
«Ադրբեջանի տրամադրության տակ են «Պանցիր-Ս» տիպի հրթիռի բեկորներ, որով և ռուսները հարվածել են ինքնաթիռին», - երեկ, հղում անելով կառավարական աղբյուրներին, հաղորդել էր Reuters-ը։
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովն էլ «Ազատությանն» ասել է․ - «Մենք անգամ գիտենք՝ ով է կրակել, ով է հրաման տվել, ով է սեղմել ձգանը։ Եվ ուզում ենք, որ նրանք ասեն՝ այո, պատահարը տեղի է ունեցել կոնկրետ անձանց մեղքով, որոնք պարտավոր էին ժամանակին նախազգուշացնել, որ Գրոզնիի օդանավակայանը փակ է քաղաքացիական ինքնաթիռների համար՝ ուղղորդելով անձնակազմին վայրէջքի փորձ անելու փոխարեն վերադառնալ»։
«Ստեղծվում է ապացուցողական բազա, հավաքվում են փաստեր ու հանցանշաններ՝ միջազգային դատարան դիմելու համար», - երեկ հաղորդեց ադրբեջանական APA գործակալությունը` ընդգծելով. - «Մոսկվան պետք է հրապարակավ ընդունի իր մեղքը, հակառակ դեպքում Բաքուն կդիմի համապատասխան քայլերի»։
«Թուրան»-ն, իր հերթին, փաստում է, որ մարդատար ինքնաթիռի կործանմանը զուգահեռ և ոչ պակաս Բաքվին մտահոգում է այլ հանգամանք՝ աղետի օրը ոչ միայն AZAL ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը, այլև Ադրբեջանի նախագահական օդանավն է Ռուսաստանի տարածքում տեխնիկական խնդիրներ ունեցել։ Այդ մասին գործակալությունը հաղորդել էր դեռ հունվարին, դրանից հետո ավելի քան մեկ ամիս Ադրբեջանի իշխանությունները չէին հերքում, բայց և չէին հաստատում այս մասին հաղորդումները։ Երեկ, սակայն, «Թուրան»-ը հաղորդեց, թե «Թվային զարգացման ու տրանսպորտի նախարարությունը փաստացի ընդունել է, որ Իլհամ Ալիևի պաշտոնական ինքնաթիռը՝ «Բաքու-1»-ը, արտաքին տեխնիկական խոչընդոտների է բախվել դեպի Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ գագաթնաժողովի ճանապարհին»։
Այդ օրը պաշտոնապես հաղորդվել էր, որ Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգի ճանապարհից ետ է դարձել Ղազախստանում տեղի ունեցած ողբերգության պատճառով։ «Թուրան»-ը, սակայն, հղում անելով Ադրբեջանի կառավարության զեկույցին, նշում է՝ «նախագահական ինքնաթիռն անսպասելի լքել է Ռուսաստանի օդային տարածքն ու վերադարձել Բաքու՝ չնախատեսված ռադիոտեխնիկական խնդիրների պատճառով»։
«Դեկտեմբերի 25-ի իրադարձություններն Ադրբեջանում շահարկումների տեղիք են տվել՝ դրանց ետևում թաքնված իրական մտադրությունների շուրջ», - գրում է «Թուրան»-ը, մանրամասնելով. - «Թեև պաշտոնապես որևէ մեղադրանք Մոսկվային չի առաջադրվել, սակայն GPS համակարգի խափանումները, հատկապես՝ Ռուսաստանի կողմից վերահսկվող օդային տարածքում, մտահոգություններ են առաջ բերել միտումնավոր միջամտության վերաբերյալ։ Վերլուծաբանները ենթադրում են, որ այդ միջադեպերը կարող են առավել լայն աշխարհքաղաքական մանևրերի մաս լինել՝ հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև վերջին լարվածությունը տարածաշրջանային հարցերում»։
Ադրբեջանական APA-ն, իր հերթին, երեկ հաղորդել էր՝ «Մոսկվան պետք է ընդունի իր մեղքը, հակառակ դեպքում Բաքուն կդիմի հաջորդ քայլերին»։ Այսօր արդեն հաղորդվեց՝ պաշտոնական Բաքուն պահանջել է դադարեցնել «Ռուսաստանի տան» գործունեությունը Ադրբեջանում։ Արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեի խոսքով՝ այդ մասին պաշտոնական նոտան Մոսկվա է ուղարկվել երեք օր առաջ, դրանում, մասնավորապես, ասվում է.
«Նման կազմակերպությունների աշխատանքը Ադրբեջանում կարգավորվում է ազգային օրեսդրությամբ, երկրների միջև փոխադարձության սկզբունքով և երկկողմ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։ Մինչդեռ «Ռուսաստանի տունը» չի գրանցվել որպես իրավաբանական անձ, ինչով լրջորեն խախտել է Ադրբեջանի օրենսդրությունը։ Ռուսական կողմից ակնկալում ենք համապատասխան միջոցներ այս ուղղությամբ»։
«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովը, մինչդեռ, ռուսական պետական հեռուստաալիքի եթերում պնդել է. - «Մոսկվան բազմիցս է դիմել ադրբեջանական կառույցներին գրանցման հարցով, սակայն բոլոր դիմումները մնացել են անպատասխան։ Գնդակը հիմա Ադրբեջանի դաշտում է»։
Մինչ այդ, իշխանամետ Baku TV-ն օրեր առաջ ռեպորտաժ էր հրապարակել՝ «Ռուսաստանի տանը» մեղադրելով մշակութային, հումանիտար գործունեության քողի տակ հակաադրբեջանական լրտեսության համար:
«Թեև Ռուսաստանի ու Ադրբեջանի կառավարությունները պաշտոնապես մնում են «ռազմավարական դաշնակիցներ», սակայն այս իրադարձությունները կարող են այդ հարաբերությունները քննության ենթարկելու հիմք դառնալ», - իր հերթին, պնդում է ադրբեջանական «Թուրան»-ը։