Մատչելիության հղումներ

Դավիթ Համբարձումյանը պնդում է՝ քաղաքական հետապնդման է ենթարկվում, ՔՊ-ից հակադարձում են


2018 թվականի հեղափոխության մասնակիցների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար ավելի քան 6 տարվա ազատազրկման դատապարտված Դավիթ Համաբարձումյանը պնդում է՝ ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում վարչապետի թեկնածու լինելու իր որոշման համար:

«Մի քանի ամիս առաջ, երբ ես ընդունեցի խորհրդարանական «Պատիվ ունեմ» խմբակցության առաջարկն՝ առաջադրել ինձ Հայաստանի վարչապետի պաշտոնում, ես գիտակցում էի, որ իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի չեզոքացնեն իրենց համար ծագած այդ իրական վտանգը։ Ես որոշումը կայացնելիս պատրաստ եմ եղել ամեն տեսակ փորձության՝ լավ իմանալով, որ Հայրենիքի անկախության համար մղվող պայքարն ամենևին հեշտ ճանապարհ չէ», - հայտարարել է նա։

Ավելի քան 7 տարի տևած դատաքննությունից հետո երեկ դատարանը հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանին դատապարտել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։

Ըստ մեղադրանքի՝ Համբարձումյանը 2018-ի ապրիլին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում խախտել է հասարակական կարգը, հանրահավաքի մասնակիցների նկատմամբ զենքով բռնություն գործադրել: ՀՀԿ-ական Համբարձումյանը մեղադրանքը չի ընդունում, այն համարում է շինծու՝ պնդելով, թե չկա իր մեղավարությունն ապացուցող որևէ փաստ: Նույնն այսօր պնդեց նրա թիմակից, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Այն, ինչ տեղի է ունենում Դավիթ Համբարձումյանի հետ, քաղաքական հետապնդում է, որ պայմանավորված է թե իր ՏԻՄ մակարդակում ակտիվությամբ և ազդեցիկությամբ՝ մի քանի անգամ ՔՊ-ին տարբեր հարթակներում հաղթելու փաստով, և թե իհարկե, նաև իր թեկնածու լինելու փաստով: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս այսօրվա կառավարիչների վախն իմփիչմենթի գործընթացից», -ա սաց նա:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած Հանրապետականի հորդորով խորհրդարանի «Պատիվ ունեմ» խմբակցությունը հունիսի սկզբին հայտարարել էր՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց են սկսում, թեկնածուն էլ Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանն է: Ամիսներ անց նախաձեռնությանը միացավ նաև խորհրդարանի մյուս «Հայաստան» դաշինքը: Սակայն եղած ստորագրությունները դեռ բավարար չեն, որ հարցը քննարկվի խորհրդարանում:

Խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր պնդեց՝ Համբարձումյանին առաջադրել են, որ հետո քաղհալածյալ ներկայացնեն. «Բոլոր այն անձինք, ովքեր կասկածվում են գողության, սպանության, մնացած հանցագործությունների մեջ, դիմում գրեք ՀՀԿ կամ ՀՅԴ և դրանից հետո ներկայացրեք դա որպես քաղաքական հետապնդում»:

«Այդ տղուն ո՞վ էր ճանաչում, իր մասին միակ տեղեկությունն այն էր, որ միտինգի ժամանակ մարդկանց վրա էր հարձակվել: Սերժ Սարգսյանն իրեն շախմատիստ է իրեն պատկերացնում, բայց վատ է խաղում՝ նարդիի մակարդակով, ու ամեն ինչ մի քայլ հետո պարզ է դառնում: Արվել է նա դրա համար, որպեսզի Դուք, հարգելի լրագրող, ինձ հիմա հարց տաք, և Դավիթ Համբարձումյանը ներկայացվի որպես քաղբանտարկյալ: Հարց եմ տալիս՝ քաղաքական առումով ո՞ւմ է պետք Համբարձումյանը»:

Դավիթ Համբարձումյանն այժմ արտերկրում է, այսօր տարածած հայտարարությամբ խոստանում է առաջիկա օրերին վերադառնալ Հայաստան և նոր թափ հաղորդել իշխանափոխությանը, որի միակ տարբերակը, ըստ նրա, շարունակում է մնալ իմպիչմենտը: Նրա թիմակից Հայկ Մամիջանյանի կարծիքով՝ Համբարձումյանի թեկնածության վերաբերյալ իրավական տեսանկյունից որևէ խնդիր չի առաջանում քանի դեռ չկա ուժի մեջ մտած դատարանի որոշում:

Հայկ Մամիջանյանը սա մանիպուլյացիա որակեց. «Սիմոնյանը նաև ասում է՝ «Արցախը չեն հանձնել», է հետո՞, այսինքն՝ ինչքան դա ճշմարտության հետ կապ ունի, այդքան էլ սա: Երկրորդ՝ ՔՊ-ի կողմից ակնհայտ մանիպուլյացիա է իրականացվում՝ ներկայացվելով մեկ այլ դրվագի կադրեր այս դատական գործի շրջանակներում»:

Դավիթ Համբարձումյանն այժմ արտերկրում է, այսօր տարածած հայտարարությամբ խոստացել է առաջիկա օրերին վերադառնալ և նոր թափ հաղորդել իշխանափոխությանը, որի միակ տարբերակը, ըստ նրա, շարունակում է մնալ վարչապետին իմփիչմենթի ենթարկելը:

Դավիթ Համբարձումյանը Հայաստան վերադառնալուն պես կկալանավորվի, երեկ դատարանը վերացրել է նաև ընտրված խափանման միջոց գրավը: Հանրապետական գործչի փաստաբանն էլ «Ազատությանը» փոխանցել է՝ դատարանի որոշումը բողոքարկելու են վերաքննիչ ատյան:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG