Խորհրդարանի երկու խմբակցությունների պատգամավորներ կողմ են վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվստահության գործընթացին, բայց ստորագրությունները երկու առանձին թղթերի վրա են:
«Տարբեր ցուցակները, որոնք հրապարակում են, կա ընդամենը մեկ նախագիծ, որտեղ հղումներն են, որտեղ մեր կողմից առաջադրումն է՝ անվստահության գործընթաց սկսելու հետ կապված, և որտեղ դրված է առայժմ վեց ստորագրություն», - «Ազատության» հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Աբրահամյանն առաջնային է համարում, որ «Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորներն իրենց ձևաթղթի տակ դնեն ստորագրությունները: Սերժ Սարգսյանի առաջնորդած ուժը կարծում է՝ գործընթացը մեկնարկել է:
«Հանդիպման ժամանակ իրենք ասել են՝ «մենք պատրաստ ենք տանք, պատրաստ ենք դա, ավելի, սենց, տեսանելի ասեմ, սեյֆում ունենանք, մինչև դուք գաք և էդ պրոցեսը մեկնարկենք»: Մենք, կրկնում եմ, ասել ենք, որ ոչ միայն մեկնարկել ենք, այլ դրա երկրորդ քայլն ենք արել նաև թեկնածու առաջադրելով: Եվ այս տեսանկյունից մենք ստացել ենք միայն հավաստիացում», - ասաց Աբրահամյանը:
Բոլոր 28 պատգամավորների ստորագրություններով մի ցուցակ էլ երեկ հրապարակեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ միայն ստորագրությունները բավարար չհամարելով իմփիչմենթի գործընթացը սկսելու համար։
Պատգամավորներից Քրիստինե Վարդանյանն «Ազատությանն» ասաց՝ ստորագրել, հրապարակել են, որ ցույց տան՝ ո՛չ գործընթացի, ո՛չ թեկնածուի հետ խնդիր չունեն: Խնդիրը պակասող ստորագրություններն են:
«Մենք չունենք առանձին ձևաթուղթ, նկատի ունեմ փաթեթ՝ պատրաստած անվստահության գործընթացի համար, չունենք թեկնածու: Ստորագրել ենք «Պատիվ ունեմ»-ի կազմած փաթեթի համար, Դավիթ Համբարձումյանի թեկնածության համար: Էդտեղ ինտրիգ չկա», - նշեց Վարդանյանը, - «Կարող է մի թղթի վրա ... ես չգիտեմ՝ ինչի ենք հիմա մենք քննարկում՝ մի թուղթ է, թե երկու թուղթ է, եթե պակասող ստորագրություններ կան, և ընդհանրապես գործընթացը տեղից չի շարժվում: Ասենք՝ Իշխան Զաքարյանը ասել ա՝ «մի թղթի վրա ինձ ստորագրություններ տվեք, թե չէ չեմ ստորագրո՞ւմ»: Տենց ա՞, մի ժամում հնարավոր ա դա կազմակերպել»:
«Խնդիրը մենք չենք, խնդիրը մեր ստորագրությունը որերորդ համարից դնելը չի, որ թղթի տակ դնելը չի», - ընդգծեց դաշնակցական պատգամավորը, հարցին էլ՝ «դուք նախաձեռնողի՞ց եք սպասում հաջորդ պակասող ստորագրություններ», պատասխանելով. - «Բնականաբար: Եթե մենք տեսնեինք ... ոչ թե խնդիրը էն ա, որ չէ, մենք չենք անի, թող իրենք անեն, եթե մենք տեսնեինք ճանապարհը հաջողության, հավանականությունը, կնախաձեռնեինք: Մենք չենք տեսել դա»:
Հարցին էլ՝ ե՞րբ են «Պատիվ ունեմ»-ի ձևաթղթի տակ դնելու իրենց ստորագրությունները, Վարդանյանն արձագանքեց. - «Ես էս հարցերին, էլ չգիտեմ, ե՞րբ է ... Դա պետք ա մուտք անելու համար, չէ՞, ենթադրում եմ: Ենթադրում եմ՝ երբ մուտք անեն»:
Երեկ ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները բանակցեցին, բայց համախոհների հաջորդած անթաքույց քննադատություններից ու մեղադրանքներից պարզ է դառնում՝ այս պահին չունեն մեկ ընդհանուր դիրքորոշում, իսկ հարցերը շատ են:
«Մենք համարում ենք, որ պրոցեսը արդեն մեկնարկել է, իրենք չեն համարում»
Տիգրան Աբրահամյանը մասնակցել է երկու ընդդիմադիր խմբակցությունների քննարկմանը: Նա նախապայմաններ է տեսնում:
«Մենք համարում ենք, որ պրոցեսը արդեն մեկնարկել է, քանի որ մենք ոչ միայն հայտարարել ենք, այլ նաև մեր թեկնածուն ներկայացված է՝ Դավիթ Համբարձումյանը: Իրենք չեն համարում, որ հիմա պրոցեսը սկսել ա, իրենց համար պրոցեսի մեկնարկը այն 36 պատգամավորների ստորագրությունն է, որից հետո պետք է արդեն երկրորդ փուլին անցնել», - ասաց «Պատիվ ունեմ»-ի քարտուղարը:
Քրիստինե Վարդանյանն ասում էր՝ նախապայման չունեն, իրենց որևէ մեկը չի տվել ձևաթուղթ, չի ասել՝ «ստորագրեք», բայց իրենք պատրաստ են. - «Իրենք նախաձեռնել են գործընթացը, ենթադրում ենք, որ ծրագիր ունեն՝ ինչպես ստանալ մյուս ձայները պակասող: Հիմա, եթե մեր ստորագրությունները պետք են Դավիթ Համբարձումյանին միասնական թեկնածու ֆիքսելու համար, էդ այլ խոսակցություն ա: Ի վերջո, ե՞րբ ա լինելու փողոցային շարժում ... սրանք են հարցեր, որ, այսինքն՝ էս հարցերի պատասխանները չկան, չունենք»:
Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան»-ում կարծում են՝ իրենց պատճառով չէ, որ պրոցեսն առաջ չի գնում, մյուս նախկին նախագահ Սերժ Սարգսյանի «Պատիվ ունեմ»-ում՝ իրենց:
Ընդդիմության հակասությունները իշխանությանը ձեռնտու չե՞ն: Քայլ չձեռնարկելն է, ըստ Տիգրան Աբրահամյանի, իշխանությանը ձեռնտու:
«Սկսած Մայր Աթոռի դեմ հարձակումներով, վերջացրած այսպես կոչված խաղաղության պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակով, երբ որ փաստաթղթի 17 դրույթներից 15-ը չի հանրայնացվել, և դա ցանկացած պահի կարող է ստորագրվել, կա խնդրահարույց սահմանազատման հետ կապված գործընթացը, և էլ չգիտենք, թե գործող իշխանությունը ինչ նոր անակնկալներ է բերելու մեր հասարակությանը, և մենք այս իրավիճակում նստենք, սպասենք, որևէ քայլ չձեռնարկենք, որ փորձենք կանխել ոչ միայն այդ իրադարձությունների ընթացքը, այլ իշխանության փոփոխության այդ պրոցեսը, պարզապես չենք կարող: Որովհետև 26 թվականին զուտ նստել սպասելը մեզ կարող է բերել մի իրավիճակի, երբ որ այլևս որևէ բան անելու նպատակահարմարություն, նույնիսկ կամ անհրաժեշտություն էլ չլինի», - հայտարարեց «Պատիվ ունեմ»-ի քարտուղարը:
Չբացառելով փողոցային պայքարը՝ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ Փաշինյանին հնարավոր է հեռացնել ընտրություններով, ի տարբերություն Սերժ Սարգսյանի: Երրորդ նախագահի թիմակից Տիգրան Աբրահամյանի տպավորությամբ՝ «Հայաստան»-ը իմփիչմենթի գործընթացի վրա ջանքեր ներդնելու ցանկություն չունի, այստեղ տեսակետների տարբերություն է տեսնում:
«Պատրաստ ենք ինչ գործիքակազմ ունենք՝ օժանդակել», - վստահեցրեց Քրիստինե Վարդանյանը:
«Նիստերի դահլիճ բերելու ենք, երբ ունենանք 54»
Ընդդիմադիր երկու խմբակցությունները միասին 34 ստորագրություն ունեն, բայց վարչապետին անվստահություն հայտնելու Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու համար 36-ինն է պետք: «Պատիվ ունեմ»-ի ղեկավարն ասաց՝ այդ ուղղությամբ աշխատում են:
Նախկին նախագահ Սերժ Սարգսյանը գործընթացը դատապարտված չի համարում. - «Գործընթացը սկսվում ա, երբ Ազգային ժողովի մեկ պատգամավոր առաջադրում ա վարչապետի թեկնածու, գործընթացը էդ ժամանակ ա սկսվում: 36-ը ... լավ»:
«Նիստերի դահլիճ բերելու համար 36 մարդու ստորագրություն է, պարոն նախագահ, պետք», - «Ազատության» այս դիտարկմանը Սարգսյանն արձագանքեց. - «Բայց մենք ասեցինք, որ նիստերի դահլիճ բերելու ենք, երբ ունենանք 54, 36-ը կապ չունի, վատ թիվ եք ասում 36-ը»:
Դավիթ Համբարձումյանը փողոցային պայքարից է խոսում
«Պատիվ ունեմ»-ի վարչապետի թեկնածու, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն այսօր փողոցային պայքարից էր խոսում:
«Հայաստան» խմբակցության պատգամավորները փողոցում պայքարը իմփիչմենթի գործընթացի հետ զուգահեռ են պատկերացնում, այստեղ ընդդիմադիրների կարծիքները համընկնում են, բայց Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժից նաև ժամկետների հստակություն են ուզում: Դավիթ Համբարձումյանն, օրինակ, կոնկրետություն այսօր էլ չմտցրեց՝ ոչ հեռու ապագայում, ասաց. - «Վստահ եմ, որ մեզ կհաջողվի էդ փողոցը գեներացնել»:
Տարաձայնություններով հանդերձ՝ ընդդիմադիրներն ընդհանուր եզրեր գտնելու հնարավորությունը սպառված չեն համարում: Եթե 36 պատգամավոր միանան, վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծ ներկայացեն, այն պետք է քվեարկության դրվի 48-72 ժամվա մեջ: Այ հենց այստեղ առնվազն 54 պատգամավորի կողմ քվե է անհրաժեշտ, այսինք՝ 34 ընդդիմադիրներին առնվազն երկու տասնյակ՝ այդ թվում իշխանական պատգամավորների ձայներն անհրաժեշտ կլինեն: Եթե վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծը չի ընդունվում, ապա իմփիչմենթի մասին պետք է առնվազն կես տարի մոռանալ: Իշխանության հայտարարության համաձայն՝ հերթական ընտրություններին մեկ տարուց էլ քիչ ժամանակ է մնացել: