«Այո, մենք իշխանության չենք հավակնում». - Հայաստանի երրորդ նախագահը կրկին վստահեցնում է՝ ինքն ու թիմակիցները իշխանության չեն հավակնում: Փաշինյանին անվստահություն հայտնելու իրենց նախաձեռնությունը միայն իշխանափոխության նպատակով է՝ ով ուզում է լինի:
«Էս պայքարը ոչ թե իշխանության համար ա, այլ իշխանափոխության համար ա: Ով ուզում ա, մենակ իշխանափոխություն լինի», - հայտարարեց Սերժ Սարգսյանը:
Սարգսյանն այսօր նաև վստահեցրեց, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հարցը չի քննարկել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: «Պատիվ ունեմ» խմբակցությունը երեք օր առաջ հայտարարեց Փաշինյանին անվստահություն հայտնելու իրենց նախաձեռնության մասին: Խորհրդարանից դուրս էլ քայլեր կանեն, փողոցում էլ շարժում կսկսեն:
«Իհարկե գեներացվելու ա, բա առանց փողոցի ո՞նց կլինի», - ասաց նախկին նախագահը, լրագրողի հարցին էլ՝ «իսկ փողոց գեներացնելու հիմքեր տեսնո՞ւմ եք նաև այս գործընթացով», արձագանքելով. - «Վստահ եմ ես, ոչ թե տեսնում եմ, այլ վստահ եմ»:
Սերժ Սարգսյանի թիմակիցներն առաջարկում են Նիկոլ Փաշինյանին փոխարինել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանով: Նրան են առաջադրել վարչապետի թեկնածու:
«Դավիթ Համբարձումյանը ի վիճակի է այդ ուղղությամբ պայքար մղելու: Ում էլ առաջադրեինք, ակնհայտորեն մեծ հակազդեցության էր արժանանալու, և էդ մասին ես ձեզ ասել եմ, որ մեր դեպքում հակազդեցությունը մեծ է: Ով ուզում է, միայն թե իշխանափոխություն լինի: Սա ճահիճ է, ճահիճ», - նշեց երրորդ նախագահը:
Խորհրդարանում երկրորդ ուժի ղեկավարը՝ Սեյրան Օհանյանը վաղն է հանդիպելու «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարին: Մինչ այդ էլ արդեն ասել է, որ խմբակցության բոլոր պատգամավորները պատրաստ են ստորագրել ողջամիտ ժամկետներում իմփիչմենթի գործընթաց նախաձեռնելու համար:
Նախաձեռնողները ժամկետներից չեն խոսում, «Պատիվ ունեմ»-ից Հայկ Մամիջանյանն ասում է՝ իրենք միայն ընդդիմադիրների ստորագրություններին չեն սպասում, ավելին են ակնկալում:
«Ինչի՞ց վերցրեցիք, որ մենք մուտք ենք անելու, երբ որ լինի 36 ստորագրություն: Մենք երբևէ տենց բան հայտարարե՞լ ենք», - «Ազատությանը» ասաց Մամիջանյանը:
Երկու ընդդիմադիր խմբակցությունների ձայները բավարար չեն անգամ, որ անվստահություն հայտնելու նախագիծը հասնի քննարկման: Երկու ստորագրություն պակասում է: Խորհրդարանում չորս պատգամավորներ կան, որ լքել են ընդդիմադիր ու իշխանական խմբակցությունները, երեքը հայտարարել են՝ չեն միանալու, մեկից՝ Իշխան Զաքարյանից, լուր չկա:
Եթե անգամ այս երկու ստորագրությունն էլ լրացնեն, որ նախագիծը կարողանան քննարկել, ընդունել, ու Փաշինյանին պաշտոնանկ անեն, առնվազն 28 պատգամավոր էլ իշխող թիմից պետք է միանա: Ինչպե՞ս են ապահովելու այս ձայները: Հայկ Մամիջանյանն ասում է՝ չեն շտապում նախագիծն արագ քննարկման դնել. - «Եվ հետագայում ովքեր որ միանան, մենք ձևաթուղթը այն ժամանակ մուտք կանենք, երբ որ ավելի շոշափելի թվով ստորագրություններ լինեն, որպեսզի ինքներս մեզ չսահմանափակեինք էն 24-ժամյա և 12-ժամյա ռեժիմի պատմությամբ»:
Իսկ կարո՞ղ են փողոցում զանգվածներ հավաքել, որ ճնշեն ՔՊ-ականներին՝ կողմ քվեարկեն Փաշինյանին հեռացնելու նախագծին: Պատգամավոր Մամիջանյանը նախադրյալներ տեսնում է, որ ժողովրդական ճնշում կլինի: Իրենց սկսած գործի հաջողությանը հավատում է:
«Հանրապետական կուսակցությունը երբեք չի զբաղվում որևէ բանով, որին չի հավատում», - վստահեցրեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը:
«Ես չեմ կարծում, որ որևէ լուրջ թեկնածու պատրաստ է ուղղակի մտնել այդպիսի գործընթացի մեջ». - խորհրդարանով Փաշինյանին տուն ուղարկելու այս սցենարը իրատեսական չի համարում երկրորդ նախագահը: Մինչև Սարգսյանի թիմակիցների այս նախաձեռնությունն էր Ռոբերտ Քոչարյանն ասել՝ իր կարծիքով որևէ լուրջ թեկնածու պատրաստ չէ մտնել այդպիսի գործընթացի մեջ. - «Ես ավելի պրագմատիկ մարդ եմ, և մտնել մի պրոցեսի մեջ, որը զրոյին ձգտող հաջողության հավանականություն ունի, ինձ համար դա իսկապես հետաքրքիր չի»:
Չնայած Սերժ Սարգսյանի ու նրա թիմակիցների ակնկալիքներին, իշխող թիմից վստահեցնում են՝ իրենց շարքերից ոչ մեկը չի միանա Նիկոլ Փաշինյանին հեռացնելու գործին, պատրաստվում են հերթական՝ 2026 թվականի ընտրություններին. հետհաշվարկը սկսված է, սոցցանցերում գրել է Ազգային ժողովի խոսնակը: