Մատչելիության հղումներ

«Հայաստան»-ը պատրաստ է միանալ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին, եթե փողոցում էլ պայքար սկսվի


Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները կմիանա՞ն Փաշինյանին հեռացնելու գործին, որ նախաձեռնել են Սերժ Սարգսյանի թիմակիցները: Դաշնակցության գրասենյակում մոտ երկու ժամ տևած քննարկումն ավարտվեց առանց հանգուցալուծման: «Հայաստան» խմբակցության պատգամավորները պայման ունեն:

«28 հոգին գործընթացն սկսելու դեպքում պատրաստ է անմիջապես ստորագրել», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների քննարկումը դեռ չէր ավարտվել, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը հրապարակեց ձևաթուղթը, որ միայն իրենց ստորագրություններով էր:

Օրվա ավարտին արդեն «Հայաստան» խմբակցությունը հրապարակեց իր 28 պատգամավորների ստորագրությունները՝ նշելով, որ դրանք բավարար չեն իմփիչմենթի գործընթացը սկսելու համար։

Մինց այդ պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ասել է՝ չեն մերժել, խմբակցության 28 պատգամավորներն էլ կմիանան, եթե փողոցում էլ զուգահեռ պայքար սկսեն ու հստակեցնեն ժամկետները:

«Պետք է ջանքեր գործադրել, ապահովել ևս 2 ստորագրություն, որպեսզի ցանկության և հարմար պահի կարողանանք մտնել խորհրդարան, ու հավելյալ ստորագրություններ, ևս 18-ը, որ գործընթացը հասնի հաջողության: Մենք դա պատկերացնում ենք, որ կարող է տեղի ունենալ բացառապես փողոցային պայքարի ու համաժողովրդական ճնշման արդյունքում ու պատրաստ ենք այդտեղ ևս մեր մասնակցությունն ունենալ», - ընդգծեց Իշխան Սաղաթելյանը:

«Պատիվ ունեմ»-ի վարչապետի թեկնածուն Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն է: «Հայաստան» խմբակցության պատգամավորներն առարկություն չունեն թեկնածուի հետ կապված: Հարցեր ունեն՝ պակասող երկու ստորագրությունն ինչպե՞ս են ապահովելու: Առնվազն 36 ստորագրություն է պետք, որ անվստահության նախագիծը հասնի քննարկման, ընդդիմադիր պատգամավորները բավարար չեն, երկու հոգի պակասում է:

«Մենք մեր գործընկերներին նաև այդ հարցով.... փորձեցինք շոշափել տրամադրությունները, հասկանալ՝ էս պահին առնվազն կա էդ երկուսը, որպեսզի գործընթացը սկսենք, դժվախտաբար, այս պահին դա դեռ չունենք», - ընդգծեց Իշխան Սաղաթելյանը:

Երկու ստորագրությունը դեռ չգտած, «Պատիվ ունեմ»-ը ավելին է ակնկալում, սպասում է, որ իշխող խմբակցությունից էլ կմիանան: Պատիվ ունեմ»-ի ղեկավար Հայկ Մամիջանյանն ասում է՝ Խորհրդարանում քննարկումը կսկսեն, երբ իրենց միանան շատ պատգամավորներ:

«Մենք էս գործընթացը մուտք ենք անելու Ազգային ժողով այն ժամանակ, երբ դրա ուղղությամբ շոշափելի ձեռքբերումներ լինեն ստորագրությունների տեսքով», - նշեց Մամիջանյանը:

Փաշինյանին պաշտոնից հեռացնելու համար առնվազն 54 պատգամավորի քվե է պետք: Հավանակա՞ն են համարում, որ իշխող թիմից առնվազն 26 պատգամավոր կմիանա իրենց:

«Նախագահ Սարգսյանն էլ դրա մասին խոսեց, որ մենք մեր նախաձեռնությանը հավատում ենք և վստահ ենք, որ կկարողանանք այն հասցնել հաղթական կետի: Մենք մեր անելիքները բոլոր հարթություններում՝ թե՛ տեղեկատվական, թե՛ փողոցային ճնշման, թե՛ քաղաքական, շատ հստակ գիտենք և իրականացնելու ենք վստահությամբ, որ դրանք հաջողությամբ են ավարտվելու», - պատասխանեց Մամիջանյանը:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նրանց պես լավատես չէ, մինչև այս նախաձեռնությունն է հայտարարել՝ պրագմատիկ գործիչ է ու հետաքրքրված չէ հաջողության հավանականություն չունեցող գործընթացներով: Արդյոք «Հայաստան» խմբակցության առաջնորդի այս դիրքորոշո՞ւմն է կաշկանդում, որ առանց նախապայմանների հենց հիմա էլ ստորագրեն: Սաղաթելյանն ասաց՝ այդ հայտարարությունից հետո իրավիճակ է փոխվել, իրենց պահանջը հստակությունն է, որոշակիությունը:

«Կոնկրետ խորհրդարանական ուժ ստանձնել է այս պրոցեսի քաղաքական պատասխանատվությունը, 15 օր առաջ էդպես չէր, և առաջադրել է թեկնածու, որը ողջունելի է: Իսկ խմբակցության կարծիքն ու քննարկումներին, ինչ որ ասում եմ, ամբողջ խմբակցության, այդ թվում նաև Ռոբերտ Քոչարյանի կարծիքն է: Հենց հիմա ստորագրելով, այսինքն, ստորագրել ենք, բայց ինչ-որ մի ձևաթղթի վրա էս սաղ հավաքելով, միևնույն է այդ գործընթացը չի սկսում: Օրինակ՝ ժամկետները ձեզ հետաքրքիր չի՞, թե երբ է տեղի ունենում, այսինքն, պրոցեսը թողնում ենք աշնանը, թե՞ վաղվանից կոչ ենք անում մարդկանց՝ իջնել փողոց», - նշեց Իշխան Սաղաթելյանը:

Չնայած Սերժ Սարգսյանի ու նրա թիմակիցների ակնկալիքներին՝ իշխող խմբակցությունում վստահ են՝ իրենց շարքերից ոչ մեկը չի միանա Փաշինյանին հեռացնելու գործին: Իշխանությունը պատրաստվում է հերթական՝ 2026-ի ընտրություններին:




XS
SM
MD
LG