Մատչելիության հղումներ

Մասիսի քաղաքապետը մեղավոր ճանաչվեց 2018-ին ցուցարարների դեմ բռնության համար, դատապարտվեց 6 տարի 3 ամսվա ազատազրկման


Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյան, արխիվ
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյան, արխիվ

Վեց տարվա դատավարությունից հետո Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման: Նա գրավով ազատ էր արձակվել, դատարանը վերացրեց գրավը, ընտրեց կալանքը: Այս որոշումը դեռ ուժի մեջ չի մտել, փաստաբան Զորայր Հարությունյանն «Ազատությանը» փոխանցեց, որ բողոքարկելու են այն վերաքննիչ ատյան:

Դավիթ Համբարձումյանը մեղքը չի ընդունում:

Համբարձումյանը 2019-ից ամբաստանյալի աթոռին է, մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի առաջնորդած հեղափոխության օրերին Երևանի Հանրապետության հրապարակ շտապող հանրահավաքի մասնակիցների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար:

Ըստ իրավապահների՝ 2018-ի ապրիլի 22-ին ժամը 16-17-ի սահմաններում Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկի բանուկ հատվածում տեղի է ունեցել միջադեպ, որին մասնակցել են Մասիսի քաղաքապետն ու նրա եղբայրը։

Ավելիի վաղ, Համբարձումյանը մեղադրվում էր նաև մեկ այլ դրվագով՝ հեղափոխության օրերին մայրաքաղաքի Էրեբունի թաղամասում ցուցարարների նկատմամբ բռնություններ գործադրելու և զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Այդ դեպքով Մասիսի քաղաքապետը դեռ շուրջ մեկ ամիս առաջ ձերբակալվել էր, սակայն դատարանը նրան ազատ էր արձակել՝ գտնելով, որ ձերբակալումը ոչ իրավաչափ է, միևնույն ժամանակ՝ չկան բավարար չափով ապացույցներ, որ նա կատարել է այդ արարքը։

Ամիսներ առաջ՝ հունիսին, ընդդիմադիր Հանրապետականը հենց Համբարձումյանին որոշեց վարչապետի ընդդիմադիր թեկնածու առաջադրել: Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու ավելի քան մեկամսյա ակտիվ քննարկումներից հետո Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցությունն իր չորս անդամներից և երկու անկուսակցականներից բաղկացած «Պատիվ ունեմ» խմբակցությանն առաջարկեց թեկնածու առաջադրել Դավիթ Համբարձումյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG