Գլխավոր դատախազը խորհրդարան կգնա Նիկոլ Փաշինյանի նախկին թիմակից Հովիկ Աղազարյանի ու ընդդիմադիր պատգամավոր Տարոն Մարգարյանի հետևից, որ նրանց զրկեն պատգամավորական անձեռնմխելիությունից ու նրանց նկատմամբ քրեական հետապնդում սկսեն: Աննա Վարդապետյանի միջնորդագրերն արդեն Ազգային ժողովում են:
Աղազարյանին առնչվող քրեական գործով կասկածներ կան, որ պատգամավորը խոշոր չափի կաշառքի դիմաց խոստացել է կազմակերպել մանր եղջերավորների արտահանումը Արաբական Միացյալ Էմիրություններ առանց կարանտինի: Նրա դեմ ցուցմունքներ կան:
Ըստ քրեական գործի՝ քաղաքացիներ Սլավիկ Կարապետյանն ու Աշոտիկ Կամավոսյանը Սևանում հանդիպել են իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանին ու առաջարկել 200-300 հազար դոլար այդ գործը կազմակերպելու համար, Աղազարյանն էլ համաձայնել է:
Ցուցմունք տվողները, ըստ Դատախազության, պատմել են, թե հետո էլ Ազգային ժողովի շենքի հարևանությամբ՝ Սիրահարների այգում են հանդիպել, ու Աղազարյանը վստահեցրել է, թե Սննդի անվտանգության տեսչության պաշտոնյաների հետ պայմանավորվել է, ու պահանջել է 100 հազար դոլորը: Օրեր հետո իրենք Աղազարյանին 20 հազար դոլար են առաջարկել ՝ խոստանալով մնացածը հետո տալ, Աղազարյանն էլ հրաժարվել է՝ պատճառաբանելով, թե քիչ է:
Հովիկ Աղազարյանը հաստատում է, որ Սևանում հանդիպել են իրեն ու նման գործարք առաջարկել, ինքը խոստացել է մտածել, իսկ հետո հրաժարվել է:
«Հաջորդ հանդիպմանը՝ մեկ-երկու օր հետո, ես ասեցի, որ չէ, դա օրենքի խիստ կարգավորում է, և պարտադիր պետք է այդ ծառայությունը արվի, և վերջ: Հիմա, թե իրանք իրար մեջ ինչ են ասել, ինչ չեն ասել էդ Էմիրաթների ներկայացուցչի հետ, բան, և այլն և այլն, ես արդեն տեղյակ չեմ», - ասաց պատգամավորը:
Ըստ քրեական գործի՝ ցուցմունքների արժանահավատությունը հաստատվել է հեռախոսազանգերի վերածանմամբ, թե զրույցների ժամերն ու հանդիպման վայրերը համընկել են:
Աղազարյանի փաստաբանը պնդում է, թե գործը շինծու է, պատգամավորին պատժելու նպատակով են զրկում անձեռնմխելիությունից. - «Դրանում համոզված եմ՝ պատժում են, որ չկատարեց վարչապետի խնդրանքը SMS հաղորդագրության հիման վրա, պատգամավորական մանդատը ցած չդրեց»:
Հովիկ Աղազարյանի ու իշխող թիմի հարաբերությունները լարվեցին անցած տարեվերջին, երբ Փաշինյանը խնդրել էր մանդատը վայր դնել, Աղազարյանը մերժել էր, հետո նրան հեռացրին խմբակցությունից ու կուսակցությունից: Աղազարյանը հիմա ընդդիմադիր դիրքերում է, քննադատում է վարչապետին:
Մեկ այլ քրեական գործով էլ, ըստ միջնորդագրի, պատգամավոր Աղազարյանը 23 հազար դոլար կաշառք է ստացել: Խոստացել է միջնորդել, որ Երևանի Աջափնյակ համայնքում վթարային վիճակում գտնվող դպրոցի շենքը տան կառուցապատող ընկերության, հողատարածքի մի հատվածի վրա դպրոցը կկառուցի, մյուսին՝ բազմաբնակարան շենք, միջնորդությունը չի ստացվել, ու նա չի վերադարձրել ստացած գումարը:
Աղազարյանը 23 հազարի պնդումը հերքում է, ասում է, թե տվյալ մարդուց 8 հազար դոլար է պարտքով վերցրել ու հետո վերադարձրել է:
Սերժ Սարգսյանի կուսակից Տարոն Մարգարյանին առնչվող քրեական գործն էլ վերաբերում է Երևանում մանկապարտեզների ու դպրոցների տարածքների ապօրինի օտարման դեպքերին:
Պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկում են Ազգային ժողովի թե՛ հերթական, թե՛ արտահերթ նիստով, քվեարկությունը գաղտնի է: Խորհրդարանի հերթական նիստը մյուս շաբաթ կգումարվի: Պատգամավորների մեծամասնությունը պետք է կողմ քվեարկի, իշխող թիմի ձայները բավարար են: