Մատչելիության հղումներ

Աղազարյանի հեռախոսը թվային խուզարկության է ենթարկվել. վերականգնվել են նաև ջնջված նամակագրությունները


Պատգամավոր Հովիկ Աղազարյան, արխիվ
Պատգամավոր Հովիկ Աղազարյան, արխիվ

«Քաղաքացիական պայմանագրից» հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանը բողոքարկել է Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի որոշումը՝ պահանջելով գլխավոր դատախազից քրեական վարույթ նախաձեռնել պատգամավորի նամակագրության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ։

Հակոբ Ճարոյանի փոխանցմամբ, քննությամբ պետք է պարզվի՝ ինչպե՞ս Հովիկ Աղազարյանի հեռախոսի բովանդակությունը հայտնվեց վարչապետի, հետո էլ արդեն՝ ՔՊ-ականների սեղանին։

Փաստաբանի փոխանցմամբ՝ պատգամավոր Աղազարյանի հեռախոսի բովանդակությունը դատարանի որոշմամբ դուրս է բերվել Հակակոռուպցիոն կոմիտեում՝ հատուկ սարքի միջոցով իրականացված թվային խուզարկության ընթացքում։ Ընդ որում, այդ սարքը հնարավորություն է տալիս վերականգնել ոչ միայն հեռախոսում առկա տեղեկատվությունը, այլև ժամանակին ջնջված հաղորդագրությունները:

Ի դեպ, Հակակոռուպցիոն կոմիտեում պատգամավորի հեռախոսը թվային խուզարկության է ենթարկվել երկու անգամ, առաջինը՝ նոյեմբերի 23-ին՝ պատգամավորի և փաստաբանի ներկայությամբ, մյուսը՝ նոյեմբերի 29-ին՝ վերջիններիս բացակայությամբ։

«Նոյեմբերի 29-ին նորից է մեզ կանչում, ասում է՝ «մենք ստացել ենք նոր վերծանող ծրագիր, որի միջոցով ավելի մանրամասն պետք է մենք իրականացնենք թվային խուզարկություն», - «Ազատությանը» փոխանցեց Ճարոյանը:

Հովիկ Աղազարյանի հեռախոսի թվային խուզարկությունից հետո արդեն՝ դեկտեմբերի 3-ին, «Քաղաքացիական պայմանագիր»-ը հայտարարություն տարածեց, թե Աղազարյանին հեռացրել են կուսակցությունից՝ պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։ Ինչպե՞ս Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի վերծանած տեղեկությունները հասան ՔՊ վարչություն, հարցնում է փաստաբանը. - «Քննիչը ասում է, որ «ես որևէ հանցավոր արարք չեմ կատարել, ոչ մեկի չեմ տրամադրել», Ազգային անվտանգությունն էլ ասում էր, որ ձեր հարցերը ուղղեք քննիչին»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանում պատասխանելով ընդդիմադիր պատգամավորի հարցին, պնդել էր, թե Աղազարյանի հեռախոսի անձնական նամակագրությանը ծանոթացել են բացառապես օրենքի շրջանակներում։

«Հովիկ Աղազարյանի հեռախոսը առգրավվել է անկախ մարմնի կողմից, և անկախ մարմինը օրենքով սահմանված կարգով, բոլորովին ուրիշ գործով, քննչական հանձնարարական է տվել մեկ այլ մարմնի, որը էդքան էլ անկախ չի, և երբ որ էդ մարմինը հանդիպել է տեղեկությունների, որոնք իրենց մեջ պարունակում են պետական անվտանգության սպառնալիքներ, այդ թվում՝ հակահետախուզական սպառնալիքներ, պարտավոր էր զեկուցել իր վերադասին, տվյալ դեպքում՝ Հայաստանի վարչապետին», - հայտարարել էր պետության ղեկավարը:

«Լավ, եթե ենթադրենք էդ մատուցել է, բա անձնակա՞ն տվյալները ինչի է մատուցել: Որովհետև եթե դուք առաջին օրվա խոսակցությունը ՔՊ-ականների ուշադիր նայեք՝ «ահավոր բաներ էր», «մենք ամաչում էինք դրա հետ կապված», «ցանկանում էի խեղդել», - Ալեն Սիմոնյանն է ասում...», - նշեց փաստաբան Ճարոյանը:

«Ես ուզում էի անձամբ իրան ինչ-որ ձևով խեղդեի, հա: Ամաչում եմ, ամաչում եմ», - հայտարարել էր ԱԺ նախագահը:

Փաստաբան Հակոբ Ճարոյանը հարցնում է՝ եթե պետական գաղտնիքի արտահոսք է եղել , ինչպես պնդում է իշխանությունը, ինչո՞ւ քննիչը դրա հիման վրա քրեական վարույթ չի հարուցել, երբ պատգամավորի հեռախոսի բովանդակությունը վերծանելիս հանդիպել է այդ փաստին: Փոխարենը՝ Գլխավոր դատախազությունը մամուլի հաղորդումների հիման վրա հանձնարարական է տվել Հակակոռուպցիոն կոմիտեին , որն էլ միայն դեկտեմբերի 16-ին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով Աղազարյանի վերաբերյալ քրեական վարույթ է հարուցել:

«Ներկա պահին կոնկրետ մեզ, տվյալ գործով, որ վարույթ է նախաձեռնվել, կոնկրետ Հովիկ Ազաղարյանին որևէ կարգավիճակով դեռևս չեն հրավիրել վարույթն իրականացնող մարմին, ասենք՝ Հակակոռուպցիոն կոմիտե: Հիմնվել վարչապետի ասածի վրա և ասել կա թե չկա, ես դա հիմնավոր չեմ համարում», - ընդգծեց փաստաբանը, հարցին՝ «սուտ կասե՞ր Ազգային ժոովում վարչապետը», արձագանքելով. - «Բազմաթիվ ստերի մոտ ևս մեկ սուտը որևէ ձևի, այսպես ասած, էական չէ»:

Չնայած իշխանության ամենաբարձր մակարդակով հնչեցրած պնդումներին, թե պատգամավորը պետական անվտանգության ու նաև հակահետախուզական տվյալներ պարունակող տեղեկությունների արտահոսք է կազմակերպել, առայսօր գլխավոր դատախազը Աղազարյանին մեղադրանք ներկայացնելու համար նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ չի եկել խորհրդարան:

Պարզ չէ նաև՝ շուրջ մեկ շաբաթ առաջ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով հարուցված քրեական վարույթով արդյոք հարցաքննվել են վարչապետն ու ՔՊ վարչության մյուս անդամները։ Հակակոռուպցիոն կոմիտեից այս հարցին չեն պատասխանում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG