«Չեմ ասի, թե մենք այս պահին պատմություն ենք կերտում ... ». - վարչապետ Փաշինյանի թիմի նախկին անդամ Հովիկ Աղազարյանը պատմություն չի կերտում, բայց ըստ իրեն կարևոր գործ է սկսում: Կուսակցություն է հիմնել, որ Փաշինյանին տուն ուղարկի:
«Մենք գտնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը առաջիկայում արտահերթ կամ հերթական խորհրդարանական ընտրություններում չպետք է դառնա Հայաստանի Հանրապետության վարչապետ», - հայտարարեց Աղազարյանը:
Հովիկ Աղազարյանի հիմնադրած կուսակցության համագումարն էր այսօր, ինքն էլ նախագահ ընտրվեց: Միասնական ազգային սահմանադրական կուսակցության գաղափարն իրենն ու իր ընկեր Հակոբ Ասլանյանինն է, որին խմբակցությունից ու կուսակցությունից հեռացրին Աղազարյանին պաշտպանելու համար:
«Քաղաքացիական պայմանագիր» թիմը արդեն գոյություն չունի, որովհետև մարդկային այն համախումբը, որտեղ ամեն ինչ արվում է մեկ անձի կամքով, չի կարող թիմ անվանվել», - հայտարարեց Ասլանյանը:
Ժողովրդավարական երկրներում երկու անգամից ավելի չեն ղեկավարում: Փաշինյանի գնալու ժամանակն է, ասում է «Քաղաքացիական պայմանագրի» նախկին անդամը: Անթույլատրելի է, որ մեկ մարդ որոշի ամեն ինչ, իր ելույթում նշեց Աղազարյանը՝ Փաշինյանի իշխանությունը որակելով ավտորիտար ռեժիմ:
«Նիկոլ Փաշինյանի կողմից արդեն տևական ժամանակ իրականացվող թաքնված ավտորիտար կառավարումը վերջնականապես բացահայտվեց, երբ նա ուղիղ եթերով հայտարարեց, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահին ինքն է հորդորել, որ հրաժարվի իր պաշտոնից», - ընդգծեց նա:
Պատգամավոր Աղազարյանը միակն էր, որ Նիկոլ Փաշինյանի ասածը չկատարեց, նրան հրապարակավ մերժեց ու վայր չդրեց մանդատը: Դրանից հետո Աղազարյանին իշխող կուսակցությունից ու խմբակցությունից հեռացրին՝ «պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների» հիմնավորմամբ: ՔՊ-ականներին հասանելի դարձան նաև նրա անձնական կյանքի մանրամասները, որ Աղազարյանի հեռախոսից թիմակիցներին էին հասել իրավապահներից:
«Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը, նորից եմ կրկնում, արտահերթ հավանական կամ հերթական ընտրություններում չդառնա Հայաստանի Հանրապետության վարչապետ», - վստահեցրեց Աղազարյանը:
Պատգամավորները, որ մինչև կուսակցությունից հեռանալը հրապարակավ պաշտպանում էին Փաշինյանի քաղաքականությունը, այսօր պնդում էին, թե լարվածությունը վարչապետի հետ բոլորովին ուրիշ պատճառով էր: Փաշինյանի արտաքին դիվանագիտության՝ խաղաղության պայմանագրի, Արևմուտք թեքվելու դիրքորոշումներից տարբերվող կարծիքներ են հայտնել, որ կուտակվել ու բերել է այդ հանգուցալուծմանը:
«Խնդիրները առարկայացան, որոնք պայմանավորված են խաղաղության պայմանագրի հարցով, որոնք պայմանավորված են Եվրոմիություն, այսպես կոչված, դիրքորոշվելու հարցով, խնդիրները առարկայացան, և իմ մոտ էնպիսի տպավորություն ստեղծվեց, որ ես էդ ճանապարհին արդեն խանգարող էի: Եվ հետևաբար՝ պարոն Քյարամյանի և իմ հետ կապված էդ տհաճ միջադեպը Ազգային ժողովում չէր կարա լիներ պատճառ՝ դա ընդամենը առիթ էր», - պնդեց Աղազարյանը:
Աղազարյանի պնդումներն, ըստ նախկին թիմակցի, անհեթեթ են
Գործող իշխանությունը ավտորիտար ռեժիմ որակելը իրականության հետ աղերս չունի, նախկին թիմակցին հակադարձում է «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Ծովինար Վարդանյանը:
«Պարոն Աղազարյանի պնդումները ընդհանրապես մեկնաբանելու ցանկություն նույնիսկ չունեմ, որովհետև անհեթեթ են», - «Ազատությանը» ասաց Վարդանյանը:
Իշխանական պատգամավորը լուրջ չի վերաբերվում նաև Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մասին նախկին գործընկերների հայտարարություններին:
«Կամայական իշխանության տուն կարող է ուղարկել ժողովուրդը և կարող է իշխանության բերել նորից ժողովուրդը», - ընդգծեց Ծովինար Վարդանյանը:
«Մեզ չհաջողվեց ուսապարկիզացիայից դուրս գալ». Հակոբ Ասլանյան
Իսկ Հակոբ Ասլանյանն այսօր չխնայեց նախկին կուսակիցներին, իր ելույթում շեշտեց, թե ինքն ու Աղազարյանը «ուսապարկ» չեն եղել: Իր նշանակությունն ապացուցող մեկ օրինակ բերեց՝ ընտրություններում 3 հազար 500 ձայն է ստացել:
«Պարոն Աղազարյանը և ես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, խմբակցությունում ամեն ինչ արել ենք, որպեսզի ապահովենք առողջ, անկաշկանդ մթնոլորտ: Բայց ցավոք սրտի մեզ չհաջողվեց ուսապարկիզացիայից դուրս գալ: Այդ գործընթացը հասավ իր տրամաբանական արդյունքին, և մենք այսօր ունենք մեկ անձի իշխանություն», - ասաց Ասլանյանը:
Որքան էլ մեծ է Փաշինյանին հեռացնելու ցանկությունը, բայց փողոցում ակտիվանալու պլաններ չունեն: Վարչապետի հրաժարականը չեն պահանջի, ընտրությունների միջոցով են պատկերացնում իշխանության գալը: Իրենց ծրագրերը համարում են հեղափոխական: Կողմ են, որ կոռուպցիայի դեմ պայքարի լծակներն ընդդիմության ձեռքում լինեն. - «Որովհետև կոռուպցիան ակնհայտ է, որ կառավարող ուժի շրջանակներում է, ձևակերպումն է՝ տնտեսագիտական, իրավական ձևակերպումն է էդպիսին», - ընդգծեց Աղազարյանը:
Իսկ մինչև ընտրությունները ի՞նչ հունով կգնան Աղազարյանի քրեական գործերը, պատգամավորը չգիտի: «Ազատությանն» ասաց՝ զարգացումներ չկան: «Մանր եղջերավորների գործով», որ կոռուպցիոն գործարքի համար է կասկածվում, վկայի կարգավիճակում է: Այս կարգավիճակն անգամ չունի պետական գաղտնիքի մասին ենթադրյալ արտահոսքի գործով, որ հարուցվեց Փաշինյանի ու նրա թիմակիցների հայտարարությունների հիման վրա:
Վարչապետը խորհրդարանի դահլիճում էր հայտարարել՝ ժողովրդավարության բաստիոնը պետք է լծակներ գտնի կարմիր գծեր հատած պատգամավորին մանդատից զրկելու համար. - «Քաղաքական, բարոյական և այլ լծակներ՝ նման կարմիր գծեր հատած պատգամավորին ժողովրդի կողմից տված մանդատից զրկելու համար»:
Փաշինյանի հայտարարությունից երկու ամիս անց էլ մանդատից զրկելու լծակները չեն գտնվել: Հովիկ Աղազարյանը պնդում է՝ իր դեմ հարուցված քրեական գործերն անհիմն են: