Մատչելիության հղումներ

Աղազարյանի որդին ազատվել է աշխատանքից, ըստ փաստաբանի՝ «նրան ստիպել են» դիմում գրել


Պատգամավոր, նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյան, արխիվ
Պատգամավոր, նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյան, արխիվ

Ենթադրյալ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով քրեական գործի հարուցումից հետո էլ մանդատը վայր չդրած նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանն այսօր Ֆեյսբուքում հայտնեց, թե «նախկին էջը վերականգնելուց հետո նկատել է կոպիտ միջամտություն, մասնավորապես, անձնական նամակագրություններից որոշ հատվածների թիրախային հեռացում»։

Որևէ բացատրություն, թե ինչ բովանդակությամբ նամագրության մասին է խոսքը, Աղազարյանն իր հայտարարության մեջ չի նշել։ Իսկ կարճ գրության մեջ էլ բառախաղ է օգտագործել՝ Փաշինյանի հեղինակած «Երկրի հակառակ կողմի» փոխարեն խոստանալով բացահայտել «Երկրի իրական կողմը». «Ես կփորձեմ իմ էջում նախկինում հրապարակված երեք պատմվածքներ, որոնք մաս են կազմում «Երկրի իրական կողմը» գրքի, վերծանել և վերջ»։

Աղազարյանը, որ կտրուկ հերքում է, թե ինքը տիրապետել է պետական գաղտնիքի, չի բացառում, որ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ շփումներում գուցե հայտնած լինի մի բան, որը պետք չէր:

Հովիկ Աղազարյանին «Քաղաքացիական պայմանագրից» հեռացրին կուսակցական փակ քննարկումից տեղեկություն լրագրողին հայտնելու, կուսակցական ու բարոյական նորմեր խախտելու պատճառաբանությամբ։ Այս որոշումից առաջ Աղազարյանը մերժել էր Փաշինյանի խնդրանքն ու մանդատը վայր չէր դրել։

Պատգամավորի փաստաբան Հակոբ Ճարոյանն այսօր պնդեց՝ դեռևս որևէ փաստ, ապացույց Աղազարյանի՝ ենթադրյալ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մասով չի ներկայացվել։ Փաստաբանը դիմել է Գլխավոր դատախազություն, պահանջել է քրեական վարույթ հարուցել նրա անձնական տեղեկությունները հրապարակելու համար։ Այս մասով էլ դեռ նորություն չունեն։

Հովիկ Աղազարյանի որդին ազատվել է աշխատանքից

Փաստաբան Ճարոյանը տեղեկացրեց, որ Հովիկ Աղազարյանի որդին է այսօր ազատվել աշխատանքից: Հովսեփ Աղազարյանն աշխատում էր Էկոնոմիկայի նախարարության գործերի կառավարման վարչությունում: Ըստ փաստաբանի՝ Աղազարյանի որդուն մեկ շաբաթ առաջ նախարար Գևորգ Պապոյանն է հորդորել ազատման դիմում գրել, կրտսեր Աղազարյանը, սակայն, հրաժարվել է կամավոր հեռանալ։

Նախարարությունից վստահեցրին՝ կրտսեր Աղազարյանը գործից դուրս է եկել սեփական դիմումի համաձայն։ Փաստաբանը, սակայն, շարունակում է հակառակը պնդել. - «Ստիպել են, որ գրի»։

Հակոբ Ասլանյանը հեռացվեց ՔՊ-ից

Իշխող ուժից կամավոր չհեռացավ նաև Հակոբ Ասլայնանը, որը միակն էր, որ հրապարակավ պաշտպանել էր ընկերոջը՝ Հովիկ Աղազարյանին։ ՔՊ վարչությունը երեկ որոշեց հեռացնել նրան կուսակցությունից, ավելի վաղ նաև Ազգային ժողովի խմբակցությունից էին հեռացրել։ Կուսակցությունից հայտնեցին, թե Փաշինյանի մասնակցությամբ վարչության նիստի ժամանակ քննարկել էին կարգապահական բնույթի հարցեր։ Ինքը՝ Ասլանյանը, հեռացումից հետո էլ շարունակում է լռել։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG