Գլխավոր դատախազությունը դիմել է Ազգային ժողովին պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդագրով։ Ծավալուն միջնորդություններն արդեն տեղադրված են խորհրդարանի կայքում:
Դատախազությունը միջնորդագրում պնդում է, որ փաստական հիմքեր ունի իշխող ուժից անցած տարեվերջին հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու հոդվածներով քրեական հետապնդում հարուցելու համար:
Աղազարյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ դատախազության այս միջնորդությունն իր համար անակնկալ չէր, մեղադրանքներն էլ չի ընդունում։
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեպքում նշված են առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունների չարաշահման, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման հոդվածները:
Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը կարող է քննարկվել խորհրդարանի և հերթական և արտահերթ նիստում: Ազգային ժողովի հերթական նիստը նշանակված է մարտի 25-ին: Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ:
Մանրամասները տե՛ս այստեղ