Մատչելիության հղումներ

Համոզված եմ՝ պետական գաղտնիքի հետ կապված ապացույց չկա, իրենք էլ չգիտեն՝ ինչ անել. Աղազարյանի փաստաբան


Պատգամավոր Հովիկ Աղազարյանը, արխիվ
Պատգամավոր Հովիկ Աղազարյանը, արխիվ

Մեկուկես ամիս է անցել պատգամավոր Աղազարյանին առնչվող պետական գաղտնիքի արտահոսքի քրեական գործի հարուցումից, բայց նրան դեռ հարցաքննության չեն կանչել: Այս գործով որևէ կարգավիճակ չունի, «Ազատությանը» հայտնեց նրա փաստաբան Հակոբ Ճարոյանը:

«Ես համոզված եմ՝ որևէ պետական գաղտնիքի հետ կապված որևէ ապացույց գոյություն չունի: Հենց դա է պատճառը, որ իրենք էլ չգիտեն՝ ինչ գործողություններ իրականացնել», - նշեց նա:

Վարչապետ Փաշինյանն ու նրա թիմակիցները մոտ երկու ամիս առաջ մեծ աղմուկով Աղազարյանին մեղադրեցին պետական անվտանգությանը սպառնացող տեղեկությունների արտահոսքի համար: Ավելի ուշ Հակակոռուպցիոնում քրեական գործ հարուցվեց: Ինչ փուլում է գործը, ինչ զարգացումներ կան՝ կոմիտեի լրատվականից խոստացան ավելի ուշ արձագանքել:

Պատգամավորի փաստաբանը համոզված է՝ քննչական մարմինը չի կարողանում հիմնավոր ապացույց գտնել, որ Աղազարյանը պետական գաղտնիք է հրապարակել, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսեն:

Առանց պատգամավորին հարցաքննելու էլ գլխավոր դատախազը կարող է խորհրդարան գնալ ու պատգամավորների համաձայնությունը ստանալ Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու, քրեական հետապնդում սկսելու համար, ասում է նրա փաստաբանը: Բայց մեղադրանքը պետք է կարողանան հիմնավորել:

Այս քրեական գործի պատմությունը սկսվեց այն բանից հետո, երբ իշխանական Աղազարյանը մերժեց Փաշինյանի խնդրանքն ու մանդատը վայր չդրեց: Հետո նրան մեղադրեցին կուսակցական ու բարոյական նորմերը խախտելու, փակ նիստից տեղեկության արտահոսքի համար: Չնայած ՔՊ-ի անդամների ծանր մեղադրանքներին, Ազգային անվտանգության ծառայությունը ոչինչ չարեց: Այս գործը հարուցվեց իշխանականների հրապարակումների հիման վրա:

Հակոբ Ճարոյանի կարծիքով՝ Աղազարյանին առնչվող քրեական գործերից միայն մեկով գլխավոր դատախազը կարող է նրա հետևից գնալ՝ մանր եղջերավորների գործով: Ճարոյանն ասաց՝ այստեղ նրա դեմ կոնկրետ ցուցմունք տվողներ կան և կարող են կառչել սրանից:

Վարչապետ Փաշինյանի հայտարարությունից երկու ամիս անցել է, ու Աղազարյանին մանդատից զրկելու այլ լծակները չեն գտնվել, հիշեցրեց փաստաբան Ճարոյանն ու ավելացրեց՝ եթե այդ մեղադրանքները փոքր-ինչ հիմքեր ունենային, նրա ձևակերպմամբ, այս սպառնալիքն էլ օդում չէր մնա:

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

XS
SM
MD
LG