Մատչելիության հղումներ

Աղազարյանը մանրամասներ է հրապարակում, պնդում՝ իրեն շանտաժի են ենթարկել


Պատգամավոր Հովիկ Աղազարյան, արխիվ
Պատգամավոր Հովիկ Աղազարյան, արխիվ

Հովիկ Աղազարյանի հեռախոսային խոսակցությունները փորփրելուց, նրան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ու կուսակցությունից հեռացնելուց հետո էլ պատգամավորին հանգիստ չեն տալիս: Աղազարյանը երեկ Factor TV-ի եթերում պնդեց՝ ինչ-որ պաշտոնյա սպառնացել է իրեն, որ հեռախոսից հայտնաբերված անձնական կյանքի վերաբերյալ տեղեկությունները կհայտնվեն ընտանիքի անդամների ձեռքին, եթե մանդատը վայր չդնի:

«Ասե՞լ են՝ «էսպիսի բան կա, մանդատդ վայր դիր, թե չէ տարբեր մարդիկ կիմանան, այդ թվում՝ ձեր ընտանիքի անդամները», - լրագրողի այս հարցին Աղազարյանն արձագանքեց. - «Այո, ուղիղ այդպես էլ ասել են»:

«Ինձ հրավիրեցին ուժեղ տղերք, չեմ ասի որտեղից, հրավիրեցին ուժեղ տղերք, քնքշորեն, բանորեն, և այլն, և այլն, պարոն վարչապետի խնդրանքը, ճիշտ չի, դա պետականության, և այլն, և այլն, և այլն, և այլն, և այլն: Ինձ ասում են՝ «դուք օքե՞յ եք, պարոն Աղազարյան, եթե այս ինֆորմացիան ձեր տղաները իմանան», ասում եմ՝ «այո, օքեյ եմ»: «Դուք օքե՞յ եք, պարոն Աղազարյան, որ էս ինֆորմացիան իմանա այ սա», ասում եմ՝ «ոչ, օքեյ չեմ»: «Բա որ իմանա՞»: «Բա որ իմանա, ես էլ ուրիշ բան կասեմ», - պատմեց Հովիկ Աղազարյանը:

Թե ովքեր են Աղազարյանին ահաբեկում, պատգամավորը չի ասում, բայց նրա հեռախոսի պարունակությունը դուրս է եկել Հակակոռուպցիոն կոմիտեից, հասել ԱԱԾ, հետո՝ վարչապետին, վերջում էլ՝ ՔՊ-ականներին:

Աղազարյանի հեռախոսը նախաքննական մարմինն առգրավել է Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի հետ միջադեպի գործով:

Քննիչը, ըստ Աղազարյանի, վստահեցրել էր իրեն, որ գործին առնչվող նյութերից բացի ոչինչ իրենց հետաքրքիր չէ: Պատգամավորն ասում է՝ միամտաբար հավատացել է, և այժմ աներևակայելի գործողությունների են դիմում իրեն ոչնչացնելու համար:

«Ասենք ինչ-որ մի կնոջ հետ կապ եմ ունեցել անձնական, դա հրապարակման ենթակա ա՞, դա հանցագործություն ա՞», - ընդգծեց պատգամավորը:

Հովիկ Աղազարյանի փաստաբանը հարցումներ է ուղարկել իրավապահ կառույցներին, որպեսզի պարզի՝ ինչպե՞ս է նրա հեռախոսի պարունակությունը դուրս եկել Հակակոռուպցիոն կոմիտեից, իրավական ի՞նչ հիմքերով են նախաքննության հետ կապ չունեցողները դրան հասանելիություն ստացել:

«Հանցանք կա՝ քրեական օրենսդրությամբ նախատեսված հանցանք, բայց ո՞ւմ կողմից ա կատարվել՝ ներկա պահին չգիտեմ՝ քննիչի՞, վերադաս դատախազի՞, Ազգային անվտանգությա՞ն: Դրա համար ես կոնկրետ փաստաբանական հարցումներ եմ կատարել և՛ քննիչին, և՛ Ազգային անվտանգության ծառայությանը, և այդ համապատասխան պատասխանները ստանալուց հետո, բնականաբար, ով որ մեղավոր կլինի, նրա դեմ ես ինքս հաղորդում կտամ», - «Ազատությանն» ասաց Հակոբ Ճարոյանը:

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները շարունակում են պնդել, թե իրենց նախկին թիմակցի հեռախոսային խոսակցություններն օրինական ճանապարհով և քրեական գործի շրջանակում են հասել վարչապետին, ապա՝ իրենց:

«Մենք Ազգային ժողովի պատգամավորներ ենք և մենք չունենք, ըստ էության, մի քիչ կարող է կոպիտ հնչի ասածս, անձնական կյանք, անձնական տվյալներ և այլն: Մենք հանրային գործունեություն ենք ծավալում և պարտավոր ենք մեր հանրային գործունեության մեջ լինել հնարավորինս բարեվարք», - այսօր հայտարարեց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Արդեն երեք օր է՝ ՔՊ-ականներն ասում են, թե Աղազարյանը պետական գաղտնիք է հանրայնացրել, պատգամավորն էլ հակադարձում է՝ նման տեղեկատվության ինքն առհասարակ չի տիրապետել:

Գլխավոր դատախազությունը լռությունը չի խախտում:

Աղազարյանը վրդովված է՝ եթե ամեն ինչ այդքան հիմնավոր է, թող քրեական գործ հարուցեին, զրկեին իրեն անձեռնմխելիությունից, կալանավորեին, ինչո՞ւ են իր անձնական կյանք մտել: Նույնն այսօր ասաց նրա փաստաբան Հակոբ Ճարոյանը. - «Եթե կա, իհարկե, ես գիտեմ, որ չկա, եթե կա պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություն հեռախոսի մեջ, բնականաբար՝ քննիչը դա պարտավոր էր զեկուցել հսկող դատախազին, որի հիման վրա պետք է հարուցվեր նոր քրեական վարույթ: Համենայն դեպս, և՛ Աղազարյանը, և՛ ես տեղյակ չենք, որ, ասենք, նոր քրեական վարույթ հարուցված լինի»:

Իսկ մարդու անձնական կյանքի մասին տեղեկությունները, փաստաբան Ճարոյանի կարծիքով, ձեռք են բերվում մի նպատակով՝ «բնականաբար, շանտաժի համար»: «Ներկա պահին, իհարկե, ես գիտեմ, որ մոտավորապես ինչ տիպի ինֆորմացիա է, բայց, ենթադրենք, չի բացառվում, որ վաղը էդ ամբողջ ինֆորմացիան ինչ-որ ֆեյք էջերով տարածվի, բայց չնայած Աղազարյան Հովիկն ասում է՝ «եկեք բացեք նայենք, տվեք հեռախոսս՝ ես ինքս տարածեմ», - նշեց փաստաբանը:

Փաստաբանի այս կասկածներից բառացիորեն ժամեր անց տելեգրամյան ալիքներում հայտնվեցին Աղազարյանի կյանքին վերագրվող ինչ-ինչ դրվագներ: Պատգամավորը վերջին հարցազրույցում անհանգստացած էր՝ մոտ երկու շաբաթ է՝ իրավապահներն իր հեռախոսը չեն վերադարձնում, չի բացառում՝ նամակներն էլ կխմբագրեն. - «Բա ինչի՞ են մտել իմ անձնական կյանքի մեջ: Դա նշանակում ա ճնշում, էլի»:

Ճնշումների մասին պատգամավորի ահազանգին մինչ այս պահը չեն արձագանքել Մարդու իրավունքների պաշտպանը, իրավապաշտպան կազմակերպությունների մեծ մասը:

XS
SM
MD
LG