«Սիրելի քաղաքացիներ, ինչպես գիտեք Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրանքով դիմել է ինձ՝ վայր դնել Ազգային ժողովի մանդատը՝ բոլորիս հայտնի դեպքերի պատճառով: Խորը ափսոսանքով եմ նշում, որ ստիպված եմ մերժել վարչապետի խնդրանքը», - այսօր հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Նա վերջնականապես որոշեց՝ մերժում է վարչապետ Փաշինյանի խնդրանքն ու մանդատը վայր չի դնում։ Աղազարյանը շաբաթ օրը «Ազատությանն» ասել էր՝ ճնշումներով մանդատից չի հրաժարվի, այսօր 24news-ի հետ զրույցում պարզաբանել է՝ ինչու է դիմադրում Փաշինյանին. - «Իմ կյանքի ծանրագույն որոշման համար, ի թիվս այլ հիմնավորումների, որոնք կարող են և սուբյեկտիվ լինել, հիմք են հանդիսացել հետևյալ երկու հանգամանքը»:
Նիկոլ Փաշինյանը տասն օր առաջ խոստովանեց՝ խնդրել է պատգամավորը մանդատը վայր դնի։ Պատճառը Ազգային ժողովում Քննչականի այժմ նախկին պետ Արգիշտի Քյարամյանի հետ վիճաբանությունն է։ Քյարամյանն այդ օրը պատգամավորին մեղադրել էր որդուն առնչվող քրեական գործին միջամտելու համար։ Հակակոռուպցիոն կոմիտեն քննում է՝ պատգամավորը չարաշահե՞լ է պաշտոնական դիրքը, թե՞ չէ։ Մեկ գործ էլ կա մանր եղջերավորների թեմայով. - «Գոյություն ունի տխրահռչակ ոչխարների գործը, որտեղ ես վկա եմ»: Աղազարյանին կասկածում են, որ ոչխարների բիզնես է հովանավորել։ Պատգամավորը մտավախություն ունի, որ եթե քննության փուլում մանդատը վայր դնի, մարդիկ կմտածեն՝ գործարքի է գնացել.
«Եթե ես ընդունեի վարչապետի խնդրանքը, ապա հետագայում, երբ այդ վարույթների ավարտման արդյունքում պարզվի, որ ես մեղավորություն չունեմ, ապա հասարակութան մեջ կարող է տպավորություն ստեղծվել, որ ինձ ինչ-որ գործարք է առաջարկվել, և ես գնացել եմ այդ գործարքին»:
ՔՊ-ական պատգամավորն ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր՝ խորհրդարանից մի դեպքում կհեռանա՝ եթե Քյարամյանը ապացուցի, որ ինքը չարաշահել է պաշտոնական դիրքը. - «Ես մանդատս վայր դնելը նպատակահարմար չեմ համարում՝ իմ անվան, համբավի հետ կապված էդ ճշգրտումները հասարակությանը առավելագույնս թափանցիկ ներկայացնելու տրամաբանությամբ»:
Քյարամյանի հետ միջադեպի գործով պատգամավորի վարքը քննում են նաև կուսակցությունում։ Փաշինյանի գլխավորած վարչությունն էլ դեռ դիրքորոշում չի հրապարակել։ Այս ընթացքում Աղազարյանին ակտիվ հարցաքննել են բոլոր գործերով, հեռախոսն առգրավվել մոտ տասն օր առաջ ու դեռ չեն վերադարձրել։
Իշխող կուսակցության ղեկավարը պատգամավորներից նաև Նարեկ Զեյնալյանին էր հորդորել հեռանալ։ Զեյնալյանը չդիմադրեց, անմիջապես կատարեց վարչապետի խնդրանքը։ Ինչպե՞ս կընդունվի հարազատ կուսակցութունում Աղազարյանի պայքարը։ Փաշինյանը կհանդուրժի՞ Աղազարյանի դիմադրությունը, թե՞ կպատժի։ Վարչապետը լուռ է, իշխանական թիմում դեռ չեն արձագանքում։ Կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն էլ հրաժարվեց մեկնաբանել թիմակցի քայլը. - «Դեռ չեմ կարող մեկնաբանել և որևէ բան ասել սրա հետ կապված»:
Փաշինյանի երկարամյա թիմակիցն արդեն ենթադրում է՝ իրեն ինչ է սպասում. իր քայլը չեն հանդուրժի, այն շատ վատ կընդունվի խմբակցության կողմից, և կդրվի իրեն խմբակցությունից հեռացնելու հարցը:
Մինչ Աղազարյանի ճակատագիրը կորոշեն «Քաղաքացիական պայմանագրում», իրավաբաններն ահազանգում են՝ վարչապետ Փաշինյանն իրավունք չունի պատգամավորներին խնդրել մանդատը վայր դնել, այդ միջամտությունը հակասահմանադրական է։ Պատգամավորը մանդատը ստացել է ժողովրդի քվեով, առաջնորդվում է իր համոզմունքով ու խղճով, ոչ թե վարչապետի կամքով։ Փաշինյանի հորդորով պաշտոնից հրաժարական տվեց նաև Աղազարյանի հետ վիճած Քյարամյանը։ Փաշինյանի խնդրանքն անմիջապես կատարեց նաև Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարը։
«Կա՞ արդյոք նման խնդրանքով հանդես գալու քաղաքական, բարոյական և իրավական հնարավորություն: Ես կարծում եմ՝ այո», - հայտարարել էր վարչապետը Հանրայինին տված հարցազրույցում:
Ըստ իրավաբանների՝ այս դեպքում էլ Փաշինյանը խախտել է Սահմանադրությունն ու միջամտել գործադիրից անկախ դատական իշխանության գործերին։ Ինքը՝ վարչապետն այս մեղադրանքներին չի արձագանքել։