Մատչելիության հղումներ

Դարձյալ մերժում. Արցախցիների իրավունքների խորհուրդը կառավարությունից ստացել է իրենց պահանջների պատասխանը


Դարձյալ մերժում, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանը կառավարությունից ստացել է իրենց վերջին հանրահավաքում հնչեցրած պահանջների պատասխանը: 12 կետերից միայն մի քանի սոցիալական հարցերի են անդրադարձել, փոխանցեց Մկրտչյանը։

«Լրիվությամբ մերժել են, կարծես թե չեն էլ ուսումնասիրել, չեն էլ նայել», - ասաց նա:

Կառավարությունից ստացած պատասխանում նախ հանդիմանանք է՝ անտեսվում է պետության մեծածավալ աշխատանքը: 115 միլիարդի ծրագրեր են արել տեղահանվածների համար, արցախցիներին հիշեցնում են գործադիրից։ Պատասխանում թվերը շատ են՝ պոլիկլինիկաներից ավելի քան 78 հազար արցախցի է օգտվել, սոցապի աջակցությամբ 6200-ը գործ են գտել, դպրոցահասակները դպրոց են գնացել, իսկ բնակարանային ծրագիրը կառավարությունն աննախադեպ է համարել ու գրել, որ այն նպատակին չի ծառայում ծրագրի հետ կապ չունեցող գործոնների պատճառով։ Ահա այս պատասխանից հետո Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները որոշել են շարունակել պայքարը։

«Իրենց նպատակն է, որ արցախցին Հայաստանում չապրի։ Խաբում են, թե ստամոքսի կռիվ է, բայց այդպիսի բան չկա։ Մեր առաջին պայմանը Արցախ վերադարձն է, բայց բոլորս հասկանում ենք, որ դա մեկ օրվա, հինգ օրվա, մի ամսվա աշխատանք չէ, երկար ճանապարհ է պետք դրան հասնելու համար», - նշեց Արտակ Մկրտչյանը:

Կառավարության պատասխանում քաղաքական պահանջներին անդրադարձ չկա՝ վերադարձի իրավունքից մինչև գերիների ազատ արձակում։ Խորհրդի անդամները նոր պատասխանի արդեն չեն սպասում։

«Չխոսել Արցախի, գերիների մասին, կամ չգիտեմ՝ Ադրբեջանը ստիպում է, որ լուծարվի Մինսկի խումբը՝ սրանք, իհարկե, անընդունելի են, որևէ իշխանություն կամ որևէ անձ իրավասու չէ փակել Արցախի հարցը», - նշեց Նժդեհ Իսկանդարյանը:

Խորհրդում իրենց պահանջները երկու մասի են բաժանում՝ առաջնային քաղաքական ու հրատապ սոցիալական։ Այս ամսվա սկզբից բնակվարձի աջակցության «40+10» հազարական դրամի ծրագիրը կրճատվել է՝ այժմ այն միայն խոցելի խմբերի համար է։ Նրանք կստանան 40 հազար, մի քանի ամսից՝ 30 հազար դրամ։ Արցախցիներն ահազանգում էին, որ դրսում են հայտնվելու, իրենց համար նախատեսված բնակարանային ծրագիրը հարց չի լուծում։

Դրմբոնը 36 տարի կառավարած Սուրեն Շաբոյանը Դրմբոնը Բոնի, Լիսաբոնի, Վաշինգտոնի ու Լոնդոնի կողքին կդներ։ Հիմա Ազատության հրապարակում արցախցիների տեղադրած վրանում էր, ոչ մի կերպ չի հասկանում, թե ինչու է Հայաստանի իշխանությունը տեղահանվածներին զրկում գոնե վարձով ապրելու հնարավորությունից՝ ամսական 50 հազարի ծրագրից։ Եթե չի վստահում, թող փողն ուղիղ չտա, խորհրդի առաջարկն է մեջբերում Սուրեն Շաբոյանը։

Կառավարության նամակում գրված է՝ ծրագիրը վերանայման ենթակա չէ, այսինքն՝ բոլոր տեղահանվածներին տրամադրվող «40+10»-ին վերադարձ չի լինի։ Փոխարենը մեկ այլ ծրագիր են մշակել ու առաջիկայում կհաստատեն․ եթե ընտանիքի մեկ անդամին 55 հազար դրամից պակաս է հասնում, լրացուցիչ 40 հազար կտան ու մյուս անդամներին էլ՝ 10 հազարական։ Փող ու ձրի ապրուստ չենք ուզում, հակադարձում են տեղահանվածների իրավունքներով զբաղվողները։ Նրանք վստահ են, որ կառավարությունը աջակցության ծրագրերը կրճատում է, որ իրենց ստիպի բնակարանի սերտիֆիկատ վերցնել, բայց դրանով, պնդում են, տուն գնել անհնար է։

Կառավարության հետ նամակագրության ժանրը սպառված են համարում։ Մինչև ապրիլի 15-ը խորհուրդը համախմբման գործով է զբաղվելու։ Ըստ Արտակ Մկրտչյանի՝ ոչ միայն արցախյան, հայաստանյան ու սփյուռքի հանրային ու քաղաքական ուժերին կոչ են անում միանալ իրենց օրակարգին։ Հանրահավաք ու այլ ակցիաներ կհետևեն այս քննարկումներից հետո։ Խորհրդի վրան-շտաբի լույսը Ազատության հրապարակում կշարունակի վառ մնալ։

Սուրեն Շաբոյանը պահանջագրի բոլոր կետերից վերադարձի իրավունքի հարցն է առաջ մղում։ Մտածում է՝ իշխանությունն այդ մասին չի խոսում հանուն խաղաղության, իր խոսքով՝ չլինելիք խաղաղության։ Փոքրիկ ազգերի չարչարանքների մասին մտքերը նրան փակուղի են տանում՝ «էս ի՞նչ աշխարհ ա» վերջաբանով։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG