Կառավարական ամառանոցների մոտ այսօր արցախցի մայրիկներն էին իրենց երեխաների հետ ակցիա անում՝ պահանջելով ապրիլից չդադարեցնել «40+10» աջակցության ծրագրերը։
2023 թվականին արցախցիների բռնի տեղահանությունից հետո Հայաստանի կառավարությունը որոշել էր բնակարանի վարձակալության և կոմունալները վճարելու համար ամսական 40 հազար +10 հազար դրամ սոցիալական աջակցություն տրամադրել արցախցիներին։ Ապրիլի 1-ից կառավարության որոշմամբ թե՛ աջակցության գումարն է քչանալու, թե՛ շահառուների թիվն է խիստ կրճատվելու:
Բնակարանային հարցերը չլուծած արցախցիներն ասում են՝ սա ուղիղ ճանապարհ է իրենց տանիքից զրկելու: Արցախցի կանայք այսօր կառավարական ամառանոցների մոտ նաև սիմվոլիկ լվացք էին փռում՝ ցույց տալու համար, որ եթե ծրագիրը դադարեցվի, իրենք իրենց երեխաների հետ պարզապես կմնան փողոցում:
«Մարդիկ կհայտնվեն անճարության մեջ, ու այս ահավոր բռնի արտագաղթի դեմ պետք է մի ձև պայքարել, հաղթահարել», - ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Ընդ որում, արցախցի կանայք շեշտում էին՝ կառավարության առաջարկած բնակարանային ծրագրից շատերը չեն կարողանում օգտվել, և երբ նորմալ բնակարանային ապահովման ծրագիր կլինի, դրանից հետո նոր հնարավոր է մտածել «40+10» հազարները կրճատելու մասին, ոչ թե կրճատե՝, մարդկանց փողոցներում թողնելով:
«Մեր պահանջը չի նշանակում, որ արցախցին ուզում է տարիներով «40+10»-ը ստանալ, արցախցին պարզապես ասում է՝ լուծեք բնակարանային հարցը: Այդ պահի դրությամբ հազարանով մարդիկ շահառու չեն», - նկատեց կանանցից մեկը:
Ակցիան ավարտելով արցախցի մայրիկները քայլերթով գնացին Ազատության հրապարակ, որտեղ երկրորդ օրն է՝ արդեն նստացույց է:
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը երեկ հանրահավաքին 12 պահանջ էր ներկայացրել կառավարությանը՝ նրանց թվում նաև սոցիալական՝ աջակցության ծրագրերը չկրճատելու ու նորմալ բնակարանային ապահովման ծրագիր իրականացնելու մասին:
Բայց բացի սոցիակալան պահանջներից, արցախցիները պահանջում են Ղարաբաղի հարցը չփակել, Արցախի ժողովրդի հավաքական վերադարձը պահել կառավարության ու միջազգային ատյանների օրակարգում, արցախցիների ճակատագիրը որոշող հարցերում ներգրավել Արցախի լեգիտիմ ներկայացուցիչներին, ջանքեր գործադրել Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ: Երեկվանից սկսած նստացույցի մասնակիցները Հայաստանի իշխանություններից պահանջում են պատժել նաև արցախցիների նկատմամբ ատելության քարոզ իրականացնողներին:
Ստեփանակերտից բռնի տեղահանված տիկին Ռայիսան երեկվա հանրահավաքին այդպես էլ չէր հասել, հեռու է ապրում, տեղը չէր գտել, բայց այսօր եկել էր միանալու պահանջներին, որոնցից առաջնայինը Արցախ վերադառնալն է:
Հայաստանի իշխանությունը, սակայն, արցախցիների վերադարձը իրատեսական չի համարում, և հարցը հայ - ադբրեջանական բանակցությունների առարկա չէ:
Սոցիալական ծրագրերը խիստ կրճատել, տիկին Ռայիսայի խոսքով, կհարվածի առանց այն էլ բարդ պայմաններում ապրող արցախցիներին: Գևորգ Մարտիրոսյանն էլ ասում է՝ իրենց անտեսված են զգում: Արցախցիներից շատերը եկել են, կարող են աշխատել, բայց շատ բանից տեղյակ չեն, պետությունն էլ չի համակարգում կարող ուժերը, հնարավորություն չի տալիս մարդկանց իրենց տեղը գտնել նոր պայմաններում, հիմա էլ նաև սոցիալական աջակցությունն է կտրում:
«Մենք ոչ ասում ենք՝ թող հելնի, ոչ իշխանափոխություն, ոչ ասում ենք՝ լավն ա, ոչ ասում ենք՝ վատն ա, մեզ պետք է, որ մեր սոցիալական՝ այն, ինչը պիտի միջինը լինի մարդու համար, որ կարողանա ապրել, դա բերեն, գցեն տեղը», - նշեց նա:
Արցախցիները պատրաստվում են նստացույց անել այնքան ժամանակ, քանի դեռ իրենց պահանջները կառավարությունից չեն լսել: Վաղը նրանք բողոքի ցույց կանցկացնեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առջև: