Մատչելիության հղումներ

«Արցախցին բեռ չէ», «արդարություն». ակցիա կառավարության մասնաշենքի մոտ


Կեսօրին կառավարության 3-րդ՝ հսկա մասնաշենքի շեմին, որտեղով ամեն օր անցնում-դառնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցները, կավիճով արված բազմաթիվ գրառումներ հայտնվեցին՝ «արցախցին բեռ չէ, արցախցին պոտենցիալ է» արտահայտությունից մինչև «արդարություն»: Այս ֆլեշմոբով մի խումբ արցախցիներ բողոքում էին աջակցության ծրագիրը կրճատելու որոշման դեմ:

Վաղվանից արցախցիներին տրամադրվող ամսական 50 հազար դրամ աջակցության ծրագիրը կտրուկ կրճատվում է, եթե մինչ այս օժանդակությունը բոլորին էր հասնում, ապրիլի 1-ից ծրագրից կօգտվեն միայն անչափահասները, տարեցները, հաշմանդամության առաջին ու երկրորդ խումբ ունեցողներն ու այլ խոցելի խմբեր: Տասնյակ հազարավորների համար աջակցությունը կդադարեցվի:

Մարիամ Աբրահամյանը կառավարական շինության դռան դիմաց գրել էր՝ «40+10»-ի դադարեցում = հարկադիր արտագաղթ:

«Սա այն նվազագույնն է, որը պետք է Հայաստանի Հանարապետությունն անի բռնի տեղահանվածների համար», - ասաց նա, - «Մենք գիտենք, որ Հայաստանում բնակարանների վարձավճարները, ինչո՞ւ չէ նաև առաջին անհրաժեշտության ապրանքների վճարներն ու ծառայությունները եվրոպական քաղաքների գների են հասել, ու մարդիկ ստիպված արտագաղթելու են այնպիսի վայրեր, որտեղ գոնե բնակվարձն այս աստիճան բարձր չէ»:

Մարիամն իր ընտանիքի օրինակն է բերում՝ յուրաքանչյուր անձի 50 հազարական աջակցությունից զրկվելու դեպքում բնակարանի վարձը վճարելու խնդիր կունենան. «Ամբողջությամբ այս տրամադրած գումարն ուղղվում է բնակվարձի և կոմունալ ծառայությունների վճարի...»:

Վաղվանից ոչ միայն ծրագրից օգտվողների թիվն է կրճատվում, այլև աջակցության չափը, առանձնացված խմբերին առաջիկա երեք ամիսներին 40 հազար դրամ են տրամադրելու: Հուլիսից օժանդակությունը ևս 10 հազար դրամով կնվազի: Այս որոշումը կառավարությունն աշնանն էր ընդունել: Հիմնավորումներում ընդգծում էին, թե շուրջ 25 հազար արցախցի աշխատանք ունի:

«2023 թվականի հոկտեմբերից բավականին մեծ ծավալի աջակցություն է տրամադրվել, հետո այս սոցիալական ծրագիրը շարունակվել է, բայց նաև մենք պետք է մեր քաղաքականությամբ քաջալերենք, որ մարդիկ արդեն մտածեն սեփական աշխատանքով ընտանիքի ծախսերը հոգալու համար», - ասել էր վարչապետ Փաշինյանը:

Ծրագիրը դադարեցնելու դեպքում մարդիկ ծանր վիճակում կհայտնվեն, կառավարական շենքի դիմաց հերթական գրառումն ավարտելուց հետո ընդգծեց Տաթևիկ Խաչատրյանը:

«Ամենասուր հարցը բնակարանային հարցն է, պարզապես քանի այն լուծված չէ, «40+10»-ը դադարեցնելու դեպքում մարդիկ փողոցում են հայտնվելու», - նշեց նա:

Մի հատվածում Խաչատրյանը գրել էր՝ պետական ծրագրերը կարիքահեն չեն:

«Դրանք սովորավար քննարկվում են ինչ որ no name- երի հետ, որոնց արցախցիները չեն ճանաչում, փոխարենը քննարկվեն հանրության վստահությունը վայելող մարդկանց, կազմակերպությունների հասարակական, բայց իրենք նախընտրում են իրենց համար լոյալ մարդկանց գտնել կամ գուցե մարդկանց, որոնք այդքան էլ տեղեկացված չեն և օգտվելով վերջիններիս տեղեկատվական իրավունքի ցածր իրացումից՝ իրենք իրենց ծրագրերն են փոփոխության ենթարկում, ինչպես իրենց է հարմար, և ոչ թե ինչպես կարիքը կա», - նկատեց նա:

Ազատության հրապարակում էլ շարունակվում է արցախցիների նստացույցը: Նրանք 12 կետանոց պահանջ են ներկայացրել կառավարություն, դրանց թվում՝ պահպանել «40+10»-ը, բնակարանային ապահովման նոր ծրագիր մշակել ու պաշտպանել տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքը: Կառավարությունն առայժմ չի արձագանքել:

XS
SM
MD
LG