Ղարաբաղից տեղահանված արցախցիներն առաջիկա օրերին վերջին անգամ կստանան բնակարան վարձելու համար պետությունից տրվող 50 հազար դրամի աջակցությունը մարտ ամսվա համար: Այսօրվանից արդեն բնակվարձի աջակցման ծրագիրը զգալի կրճատվում է, ու հաջորդ ամիս արդեն շատերը չգիտեն՝ ինչպես են վճարելու վարձակալության համար, ասում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Տաթև Խաչատրյանը:
«Այս ձևով կրճատումը շատ աղետալի է», - ասաց նա:
Անցած տարեվերջին կառավարությունը որոշել էր ապրիլից սահմանափակել բնակվարձի փոխհատուցման ծրագրից օգտվողների շրջանակը ու կրճատել աջակցության չափը: Եթե մինչև հիմա բոլորը, որ բռնի տեղահանվածի կարգավիճակ ունեին, ստանում էին 50 հազարական դրամ, և օրինակ՝ 4-5 հոգանոց ընտանիքն գոյացած գումարով կարող էր բնակարան վարձել, ապա այսօրվանից արդեն աջակցությունը կստանան միայն անչափահասները, ուսանողները, թոշակառուները, կերակրողին կորցրածները և 1-ին ու 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցողները, և կստանան ոչ թե 50 հազար, այլ 40, իսկ հուլիսից արդեն 30 հազար դրամ:
Տաթև Խաչատրյանն իր ընտանիքի օրինակն է բերում՝ երեք հոգանոց ընտանիքը մինչ այժմ 150 հազար դրամ էր ստանում, սակայն արդեն ապրիլից շահառու կլինի ընտանիքի միայն մեկ անդամ՝ իրենց երեխան: Թեև իրենք երկուսով էլ աշխատում են, սակայն միևնույն է՝ դժվարանում են պատկերացնել, թե ինչպես են տան վարձը տալու. «Այն դեպքում, երբ և՛ ես եմ աշխատում, և՛ ամուսինս է փորձում, իհարկե իրենը ոչ կայուն եկամուտ է, բայց հատկապես սա էլ այդքան էլ հեշտ տարբերակ չէ: Մարդիկ պարզապես ասում են, որ անելանելի վիճակում են և նույնիսկ չգիտեն՝ հաջորդ քայլը որն է, թե ինչ պետք է անեն»:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանն ասում է՝ արցախցիների համար ծրագրում փոփոխություններն անակնկալ չեն, իրենք դեռ նախորդ տարեվերջից են տեղեկացրել, որ բնակվարձի աջակցման ծրագիրը ժամանակավոր է և կրճատվելու է, իսկ ծրագրի նպատակն արցախցիներին դեպի ավելի երկարաժամկետ՝ բնակարանային ապահովման ծրագիր ուղղորդելն էր:
«Ծրագիրը տրամաբանությունը տանելու էր ավելի երկարաժամկետ լուծումների, որն առաջարկում ենք բնակապահովման ծրագրով: Այս պահի դրությամբ բնակապահովման ծրագրի շրջանակում մեր 120 հայրենակից արդեն ստացել է հավաստագիր, ու շուրջ 75 հայրենակից էլ արդեն իրացրել է հավաստագիրը, այսինքն՝ բնակարան կամ տուն է ձեռք բերել», - ասաց նա:
Դիտարկմանը, որ խոսքը 100 հազարից ավելի մարդկանց մասին է, ովքեր դուրս են մնում ծրագրից, Զարուհի Մանուչարյանը պատասխանեց. «Ինչպես արդեն նշեցի, աջակցությունը միջին ու ամսական ստացել է 105 հազար հայրենակից: Նշված աջակցության տրամաբանությամբ, փոփոխությունները հաշվի առնելով՝ ապրիլ ամսից շուրջ 51 հազար հայրենակից կշարունակի ստանալ աջակցություն»:
Տաթև Խաչատրյանն ասում է՝ կառավարության առաջարկած բնակարանային ապահովման ծրագիրը ձախողվել է, և դա վկայում է հենց սոցապնախարարության ներկայացրած վիճակագրությունը՝ որ բռնի տեղահանված և Հայաստանում բնակվող ավելի քան հարյուր հազար արցախցիներից միայն մի քանի տասնյակն են մինչ օրս կարողացել պետության աջակցությամբ տուն ձեռք բերել:
«Ծրագրերը կարիքահեն չեն, իմ ընտանիքի օրինակով՝ ես համարվում եմ շահառու 27թ.-ից, բայց ինքը հիմա է իմ բնակվարձը կրճատում, թեև սկզբից ասում էին՝ կշարունակվի այնքան ժամանակ, մինչև բռնի տեղահանվածը չունենա սերտիֆիկատ և ժամանակ այն իրացնելու համար», - հավելեց Խաչատրյանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նշում է, որ զուգահեռաբար նաև նոր ծրագիր կներդնի սոցիալապես անապահովների համար, որով կկարողանան աջակցություն ստանալ այն անապահովները, որ դուրս են մնացել բնակվարձի աջակցման ծրագրից: Դրանով առաջարկում է 40 հազար դրամ աջակցություն տալ անապահով ընտանիքի միայն մեկ անդամին, իսկ մյուսներին՝ 10 հազարական։ Սա դեռ միայն նախագիծ է, և այն դեռ պետք է հաստատվի:
«Եթե կլինեն հայրենակիցներ, ովքեր կունենան անապահովություն, այսինքն՝ կգնահատվի նրանց անապահովությունը, կունենան միջին անապահովություն, այս խնդիրն էլ հաշվի առնելով՝ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքների հրատապ աջակցություն ներկայացնելու միջոցառումը», - ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղարը:
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Տաթև Խաչատրյանն ասում է՝ անապահովների ծրագիրը իրենց խնդիրներին արժանապատիվ լուծում չի առաջարկում. «Մեղմ ասած՝ նվաստացուցիչ ծրագիր է, որովհետև բերել, բռնի տեղահանվածի և սոցիալապես անապահովի հավասարության նշան դնել դրա միջև, կարծում եմ, անթույլատրելի է: Կամ պետք է մտածեմ, որ սա հարկադիր արտագաղթի ծրագիր է, չգիտեմ, արդեն ընկնում ես դավադրությունների տեսության հետևից, որովհետև չգիտես՝ ինչպես բացատրես իրավիճակը: Անընդհատ իշխանական բոլոր մեդիաներով ստեղծում են տպավորություն, որ Արցախը բեռ էր, հիմա էլ արցախցին է բեռ, այնինչ մենք փորձում ենք ապացուցել, որ մենք ոչ թե բեռ ենք, այլ ներուժ, որը կարելի է ծառայեցնել ի նպաստ երկրի, ի նպաստ ժողովրդի»:
Արցախցիները նաև բնակվարձի աջակցության ծրագրերը շարունակելու պահանջով մի քանի օր է՝ արդեն նստացույց են սկսել Ազատության հրապարակում, կառավարությանը 12 պահանջ են ներկայացրել՝ Արցախի հարցը օրակարգից չհանելուց մինչև ավելի իրական և հասցեական աջակցություն: Կառավարությունից դեռ նստացույցի պահանջներին չեն արձագանքել: