Մատչելիության հղումներ

«Ճնշումների եմ ենթարկվել ուժային կառույցներից ու դիմակայել եմ». Հովիկ Աղազարյան


Նախկին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարում է՝ մինչև դատախազի միջնորդությունը, իշխանությունից իր առաջ պայման են դրել, եթե մանդատը վայր դնի, քրեական գործերը կփակեն: Նաև ուժային կառույցներից են իրեն ճնշել:

«Ձեզ չի հետաքրքրում էն հարցը, թե ինչ ճնշումների եմ ես ենթարկվել ուժային կառույցների կողմից և դիմակայել եմ էդ ճնշումներին», - «Ազատությանն» ասաց Աղազարյանը:

Թե ո՞վ է առաջարկել ու ուժային ո՞ր կառույցից են իրեն ճնշել, Աղազարյանն անուններ չի նշում: Խորհրդարանի վաղվա նիստում գլխավոր դատախազը Հովիկ Աղազարյանին ու ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն կներկայացնի: Աղազարյանին առնչվող քրեական գործով կասկածներ կան, որ նա խոշոր չափի կաշառքի դիմաց խոստացել է կազմակերպել մանր եղջերավորների արտահանումը Արաբական Միացյալ Էմիրություններ՝ առանց կարանտինի:

«Դատախազի միջնորդության մեջ սենց խորհրդավոր բան կա՝ պարոն Աղազարյանի բաները անարժանահավատ են, որովհետև Աշոտի, Աղազարյան Հովիկի ու Սլավիկ Պողոսյանի հեռախոսները գտնվել են նույն ալեհավաքի տակ: Հետո՞: 10 մետրի վրա կորող է նստած է եղել, ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ», - նշեց պատգամավորը:

Ըստ քրեական գործի՝ քաղաքացիներ Սլավիկ Կարապետյանն ու Աշոտիկ Կամավոսյանը հանդիպել են իշխանական պատգամավոր Աղազարյանին ու առաջարկել 200-300 հազար դոլար այդ գործը կազմակերպելու համար, Աղազարյանն էլ համաձայնել է: Պատգամավորը չի հերքում, որ այդ հարցով իր հետ խոսել են, բայց պնդում է, թե մերժել է: Մեկ այլ գործով էլ ցուցմունք կա, որ կառուցապատման թույլտվության միջնորդության դիմաց 23 հազար դոլար է ստացել: Պատգամավորը վստահեցնում է, թե այդ նույն մարդուն 8 հազար դոլար է պարտք եղել ու վերադարձրել է:

«Ինքը սրանից է վերցրել 25 հազար դոլար, նրանից է վերցրել 20 հազար դոլար, նրանից է վերցրել 10 հազար դոլար և յուրաքանչյուրին ասում է, որ էդ գումարը տվել է Հովի Աղազարյանը իրանց գործն անելու համար, բայց չի արել ու փողն էլ չի տալիս», - ասաց նա:

Մանր եղջերավորների գործը հարուցվել էր դեռ մեկ տարի առաջ, բայց Աղազարյանն ասում է՝ քննության տեմպը արագացել է, երբ մերժեց վարչապետ Փաշինյանին ու մանդատը վայր չդրեց: Հիմա նա քննադատում է Նիկոլ Փաշինյանին: Կարծում է, որ անձեռնմխելիությունից զրկելու, մեղադրանք առաջադրելու գործընթացը ճնշում է ու չի բացառում, որ իրեն կկալանավորեն:

Իսկ նախկին թիմակիցները ի՞նչ որոշում ունեն՝ կողմ, թե դեմ կքվեարկեն Աղազարյանին մանդատից զրկելու հարցին: Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը փակագծեր չբացեց:

«Երբ որ դատախազը կգա, կներկայացնի, երեկ մեր մոտ թեթև քննարկում է եղել չաթային մակարդակում, խմբակցությունը կքննարկի ու իր կարծիքը կասի», - ասաց Սիմոնյանը:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կուսակից, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին առնչվող քրեական գործն էլ վերաբերում է Երևանում մանկապարտեզների ու դպրոցների տարածքների ապօրինի օտարման դեպքերին: Տարոն Մարգարյանը հայտարարել է թե սա իր նկատմամբ քաղաքական հետապնդում է: Նա վաղվա նիստին չի մասնակցելու և հորդորել է՝ ընդդիմադիր գործընկերներն էլ չգնան:

«Պատիվ ունեմ», «Հայաստան» խմբակցությունները չեն լինի Տարոն Մարգարյանի հարցով քննարկմանը: Հովիկ Աղազարյանի քննարկմանը «Հայաստան» խմբակցությունը կմասնակցի: Աղազարյանն էլ ներկա կլինի իր հարցով քննարկմանը, ելույթ կունենա:





Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG