Մատչելիության հղումներ

Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունը


Ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի ցույց Երևանում, մարտ, 2025թ.
Ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի ցույց Երևանում, մարտ, 2025թ.

Ադրբեջանական «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունն ուշ երեկոյան հաղորդեց, որ այսօր շարունակվել է Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունը՝ հրապարակելով լուսանկարներ, որոնցում 15-րդ օրը հացադուլ անող Վարդանյանը հյուծված տեսք ունի: Հայտնի չէ, երբ են արվել լուսանկարները:

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարարը, ըստ Բաքվի, այսօր ևս հրաժարվել է ցուցմունք տալ, ինչպես նաև չի պատասխանել մեղադրողների որևէ հարցի:

Ադրբեջանի պետական լրատվամիջոցը որևէ տեղեկություն չի հաղորդել Վարդանյանի հացադուլի, ինքնազգացողության մասին: Նախորդ նիստին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Ռուբեն Վարդանյանի համար բժիշկ էր հրավիրվել:

Դատական հաջորդ նիստը նշանակվել է մարտի 11-ին:

Վարդանյանը մեղադրվում է Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու և իրագործելու, ահաբեկչության ֆինանսավորման, հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, տեղափոխելու, կտտանքներ իրականացնելու, մարդկանց տեղահանելու մեջ։ Բաքուն Վարդանյանին մեղադրում է նաև արտերկրում ադրբեջանցի դիվանագետների դեմ ահաբեկչական գործողություններ ծրագրելու, կամ ինչպես Ադրբեջանի գլխավոր դատախազությունն է ձևակերպել` «Նեմեսիս 2» կազմակերպելու համար։

XS
SM
MD
LG