Մատչելիության հղումներ

Բաքվում հայ ռազմագերիները զրկված են պաշտպանության իրավունքից, գործերը շինծու են. իրավապաշտպան


Ադրբեջանական բանտերում փակելուց մեկուկես տարի անց Բաքվի զինվորական դատարանը սկսում է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության դատավարությունը: Գործերը շինծու են, հայ ռազմագերները զրկված են պաշտպանության իրավունքից, ասում է ռազմագերներին միջազգային ատյաններում ներկայացնող Սիրանուշ Սահակյանը։

«Մեր գնահատմամբ՝ այդ դատական ակտերը կանխորոշված են, դրանք մեղադրական դատական ակտեր են, տևական կամ ցմահ ազատազրկման պատժատեսակների ընտրությամբ», - ասաց Սահակյանը:

Ադրբեջանական լրատվամիջոցները կադրեր են տարածել, թե ինչպես են մեկուսարաններից ռազմագերիներին դատարան տանում ոստիկանական մեքենաների շարասյունով: Արցախի նախկին ղեկավարների, բարձրաստիճան զինվորականների դատավարությանը հետեւելու հնարավորություն չկա, այն անցկացվելու է դռնփակ ռեժիմով: Ադրբեջանին ձեռնտու չէ այս կեղծ դատավարությունն անցկացնել միջազգային կառույցների աչքի առաջ, ասում է իրավապաշտպանը:

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի քրեական հատորները 400 էջից ավելի են, 42 մեղադրանք է առաջադրվել: Դատավարությունից մեկ օր առաջ Վարդանյանը Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության մեկուսարանից ահազանգել է ճնշումների մասին: Իր ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են: Իրեն, փաստաբանին և թարգմանչին ճնշելով են ստիպել ստորագրել այդ փաստաթղթերը:

«Ինձ ասվել է, որ ինձ առաջադրված է 42 մեղադրանք, որոնցից մի քանիսով նախատեսվում է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում: Բայց մինչև հիմա ինձ հնարավորություն չի տրվել ծանոթանալու պաշտոնական մեղադրական եզրակացությանը: Ինձ և իմ փաստաբանին ընդամենը թույլ են տվել թերթել 422 հատորանոց քրեական գործը ադրբեջաներենով, որին ես չեմ տիրապետում, և դրա համար հատկացվել է բավականին կարճ ժամանակահատված՝ 2024թ. դեկտեմբերի 9-ից մինչև 2025 թ. հունվարի 8-ը», - նշել է Վարդանյանը:

Ռուբեն Վարդանյանն ուղերձը փոխանցել է ընտանիքի հետ հեռախոսազանգի միջոցով: Վարդանյանին սպառնում է ցմահ ազատազրկում:

«Պաշտոնապես հայտարարում եմ հետևյալը. Իմ ձերբակալման առաջին օրվանից ի վեր ես ոչ մի ցուցմունք չեմ տվել, բացառությամբ առաջին հարցաքննության, որի ժամանակ ուղղակի ասել եմ իմ անուն-ազգանունը: Եվս մեկ անգամ ընդգծում եմ. իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են: Այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն», - ընդգծել է Ռուբեն Վարդանյանը:

Նրա ու մյուս հայերի շահերը Բաքվում ներկայացնում են ադրբեջանցի հանրային պաշտպանները, վեց դատախազ է մեղադրական խմբում:

Ալիևի վարչակազմը թույլ չի տալիս, որ Բաքու մտնի Ռուբեն Վարդանյանի ամերիկացի փաստաբանը: Վարդանյանը պահանջում է հնարավորություն տալ իրեն ու փաստաբանին ծանոթանալ գործի նյութերին ռուսերենով: Պահանջում է վերացնել կեղծիքները, բոլոր մեղադրյալների դատավարությունն անցկացնել հրապարակային, որ կարողանան մասնակցել միջազգային լրատվամիջոցներն ու հումանիտար կազմակերպությունները:

«Միջազգային հանրությունը պետք է արձագանքի խախտումներին». իրավապաշտպան

Խոշտանգումների, աղաղակող խախտումների մասին այս ուղերձը որևէ նշանակություն չունի Բաքվի համար, ասում է Սիրանուշ Սահակյանը: Միջազգային կառույցները պետք է դրանից հետևություն անեն. - «Միջազգային հանրությունը պետք է արձագանքի խախտումներին՝ չճանաչելով այդ դատավարությունների լեգիտիմ բնույթն ու այդ դատավարությունների արդյունքում կայացված որևէ ակտ»:

Ռուբեն Վարդանյանի գործը առանձնացրել են մյուս մեղադրյալներից: Սա էլ է Սահակյանը արհեստական համարում:

Ադրբեջանական բանտերում պահվող 23 պատանդներից 7-ի վճիռը կայացվել է՝ մինչև 20 տարվա ազատազրկում: 16-ի դատավարությունն է սկսվել, որոնք գերեվարվեցին Արցախի վրա Ադրբեջանի վերջին հարձակումից ու Արցախը հայաթափելուց հետո:

Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներին Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին ծանր մեղադրանքներ են առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։ Ութ հոգի զինվորականներ են ու քաղաքացիական անձինք՝ Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը:

Ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանը, հայտնի ֆուբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, շարքային շատ քաղաքացիները սոցցանցերում Բաքվի դատաստանի առջեւ կանգնած հայ գերիների ու նրանց ընտանիքներին ուղղված հրապարակումներ արեցին։

Հայաստանի իշխանությունները, որ տարբեր առիթներով վստահեցրել են, թե աշխատում են գերիների վերադարձի ուղղությամբ, ամբողջ օրը լուռ էին, Արտաքին գործերի նախարարությունից, վարչապետի գրասենյակից ոչ մի խոսք, անգամ պատգամավորների մակարդակով չանդրադարձան դատավարությանը:

Հայաստանի կառավարությունն անգործության է մատնված, ինչն անթույլատրելի է, քննադատում է իրավապաշտպան Սահակյանը: Ադրբեջանի հետ չեն ուզում սրել հարաբերությունները: Մինչդեռ, ըստ նրա, Հայաստանի կառավարության անելիքն էր Բաքվում հավատարմագրված այլ երկրների դեսպանների միջոցով փորձել նրանց տարրական իրավունքների պաշտպանությունն առաջ մղել:

XS
SM
MD
LG