Շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը
Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Ադրբեջանում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ր մյուսների գերիների դատավարությունը։
Ադրբեջանական լրատվամիջոցները շեշտում են, թե «Արայիկ Հարությունյանի և մյուսների գործը» վերաբերում է «մարդկության դեմ կատարված հանցագործություններին, ռազմական հանցագործություններին, ներառյալ պատերազմական ագրեսիային, ցեղասպանությանը, բնակչության բռնի տեղահանմանը, հետապնդումներին, կտտանքներին, ռազմական թալանին», որոնք Ադրբեջանի ու այդ երկրի ժողովրդի դեմ իրականացրել է Հայաստանը և նրա զինված ուժերը, ինչպես նաև Հայաստանի կողմից ստեղծված այսպես կոչված՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ու վերջինիս կողմից ստեղծված ապօրինի զինված խմբավորումները»։
Արձագանքելու որևիցե բան չկա. ԱԺ նախագահ
Ո՛չ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ո՛չ էլ Հայաստանի արտգործնախարարությունը հրապարակավ դեռևս չեն արձագանքել Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, այդ թվում՝ Հայաստանին ներկայացված մեղադրանքներին, չեն դատապարտել ընթացող դատավարությունը։
Ազգային ժողովի նախագահն էլ արձագանքելու իմաստ չի տեսնում։
«Դե ի՞նչ կա այդտեղ արձագանքելու, հետևում ենք, գիտենք, տեսնում ենք, թե ինչ է կատարվում, բայց արձագանքելու որևիցե բան չկա», - ասաց Ալեն Սիմոնյանը:
Առանց փակագծեր բացելու խորհրդարանի նախագահը շեշտեց, թե իրենց համար ակնհայտ է՝ ինչ է տեղի ունենում։ Դատապարտող որևէ խոսք խորհրդարանի խոսնակն այդպես էլ չհնչեցրեց, ընդամենը ափսոսանք հայտնեց. - «Ցավալի է։ Հույս ունենանք, որ դատավարությունն ավարտից հետո հնարավորություն կտա այդ մարդկանց ինչ-որ ձևով հետ բերելու և ազատելու քննարկում ունենալ»։
«Խնդիր է դրված Գյանջայի հրթիռակոծության հրաման տվողի «բացահայտմանը», որն էլ «կարվում» է Նիկոլ Փաշինյանի վրա»
Հայաստանի իշխանության լռության ֆոնին և ըստ իրավապաշտպանների, Բաքվի ճնշումների ներքո, Արցախի նախկին նախագահն անցած դատական նիստին 44-օրյա պատերազմին առնչվող հայտարարություններ է արել։
Մասնավորապես, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Արայիկ Հարությունյանն ասել է, թե իբր «զղջում է 2020-ի 44-օրյա պատերազմում Գյանջան հրթիռակոծելու հայտարարության համար», և որ ամենակարևորն է՝ «այդ որոշումը ինքը չի կայացրել»։ Թե ով է նման որոշում կայացրել, չի նշվում։ Ի դեպ, ադրբեջանական լրատվամիջոցները միայն թարգմանաբար են ներկայացրել Արայիկ Հարությունյանին վերագրվող այս հայտարարությունը՝ առանց հրապարակելու հայերեն լեզվով նրա ցուցմունքը։
Իսկ ինչո՞ւ է Ադրբեջանը կենտրոնացել Գյանջայի ուղղությամբ հրթիռակոծության ու, մասնավորապես, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանից ցուցմունքներ կորզելու վրա: Հարցին այսօր անդրադարձել է Սերժ Սարգսյանի առաջնորդած «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ադրբեջանական քարոզչական ակնարկներից ակնհայտ է, որ խնդիր է դրված Գյանջայի հրթիռակոծության հրաման տվողի «բացահայտմանը», որն էլ հետևողական «կարվում» է Նիկոլ Փաշինյանի վրա։ Ավելին, Ադրբեջանից ակնարկներ կան, որ եթե այդ հանգամանքն ապացուցվի, իսկ Բաքվի դատարանում ինչ էլ ուզեն՝ կկեղծեն, ապա դա լեգիտիմ իրավունք կվերապահի Ադրբեջանին, որպեսզի ռազմական գործողություններ նախաձեռնի Հայաստանի դեմ», - հայտարարել է պատգամավորը։
ԱԺ նախագահն այսօր չցանկացավ պատասխանել ընդդիմադիր գործչի պնդմանը, թե Բաքուն նպատակ ունի մի գործ էլ Փաշինյանի վրա կարել։ Փոխարենը Ալեն Սիմոնյանը Տիգրան Աբրահամյանին հորդորեց անհանգստանալ իր ղեկավարի՝ Սերժ Սարգսյանի ճակատագրով. - «Տիգրան Աբրահամյանն ավելի լավ է՝ անհանգստանա Սերժ Սարգսյանի քրեական գործերով և դատավարություններով Հայաստանի Հանրապետությունում»:
Միաժամանակ իշխող «Քաղաքացիական պայմանագրում» չեն բացառում, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից ճնշումների ներքո կորզված ցուցմունքների հիման Բաքուն մեղադրանքներ առաջադրի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն ասաց, որ ոչ ժողովրդավարական երկրի հետ գործ ունեն, և հետևաբար ամեն բան էլ հնարավոր է։ Ջուհակյանը սակայն, վտանգավոր է համարում այսօրինակ քննարկումները, պնդելով, թե դրանք հանրության շրջանում միայն «պանիկա» և «վատ տրամադրություններ» են առաջացնում։