Մատչելիության հղումներ

Բաքուն պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատաքննության իրավունքները. Amnesty International


Արձագանքելով Լեռնային Ղարաբաղում դե ֆակտո նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարության մեկնարկին, Amnesty International-ը նշում է՝ «Ադրբեջանի Իշխանությունները պետք է պաշտպանեն և ապահովեն Ռուբեն Վարդանյանի արդար դատաքննության իրավունքները»:

«Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ դատի են տվել Ռուբեն Վարդանյանին՝ պատասխանատվություն ապահովելու այն հանցագործությունների համար, որոնցում նրան մեղադրում են։ Բայց նրան զրկելով արդար դատաքննության իրավունքներից՝ նրանք արդարադատության ճիշտ հակառակն են անում», - ասել է Amnesty International-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Ստրութերսը:

Նա նշել է, որ Ռուբեն Վարդանյանը լուրջ մեղադրանքներ է հնչեցրել մարդու իրավունքների խախտումների մասին, որոնք ներառում են կալանքի ժամանակ վատ վերաբերմունք, կեղծված գործի նյութեր ստորագրելու հարկադրանքը և պաշտպանությունը նախապատրաստելու հնարավորությունից զրկվելը։

Մարի Ստրութերսն ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունները «պետք է անհապաղ, մանրակրկիտ, անկախ, անաչառ և արդյունավետ հետաքննեն այս ծանր մեղադրանքները և պատասխանատվության ենթարկեն նրանց, ովքեր կասկածվում են, որ մեղավոր են»:

«Իշխանությունները պետք է Ռուբեն Վարդանյանին տրամադրեն լիարժեք հասանելիություն իր փաստաբանների հետ և համապատասխան ժամանակ ու հնարավորություն տրամադրեն նրա պաշտպանությունը նախապատրաստելու համար: Միջազգային հանրությունը պետք է ուշադիր հետևի այս աղմկահարույց գործին, որպեսզի ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատաքննության իրավունքը և արդարությունը», - ասել է Ստրութերսը։

Բաքվի զինվորական դատարանը նախօրեին սկսել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության դատավարությունը: Նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունն անցկացվում է մյուսներից անջատ:

Ռուբեն Վարդանյանի քրեական հատորները 400 էջից ավելի են, 42 մեղադրանք է առաջադրվել: Դատավարությունից մեկ օր առաջ Վարդանյանը Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության մեկուսարանից ահազանգել է ճնշումների մասին: Իր ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են: Իրեն, փաստաբանին և թարգմանչին ճնշելով են ստիպել ստորագրել այդ փաստաթղթերը:

Ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Գերեվարվածների շարքում են արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG