Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հետևում է այս օրերին Ադրբեջանում ընթացող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց դատավարություններին։ Կառույցը տեղեկացնում է, որ ըստ սահմանված ընթացակարգի՝ Եվրոպական դատարան և Արդարադատության միջազգային դատարան կներկայացվեն անհրաժեշտ լրացուցիչ ապացույցներ և պահանջներ։
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերով դատաքննության մեկնարկի առնչությամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հիշեցման կարգով հայտնում է, որ դեռևս 2022 և 2024 թվականներին Հայաստանի կողմից՝ Ադրբեջանում ապօրինաբար մեղադրվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց արդար դատաքննության, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների պաշտպանությանն ուղղված երկու միջպետական գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Շարունակում են ուժի մեջ մնալ Արդարատության միջազգային դատարանի նախկին երկու որոշումները, որոնցով դատարանը կիրառել է ժամանակային միջոցներ՝ ի թիվս այլնի Ադրբեջանում պահվող բոլոր անձանց անվտանգությունը և օրենքի առջև հավասարությունը ապահովելու վերաբերյալ։
Ադրբեջանական բանտերում փակելուց մեկուկես տարի անց Բաքվի զինվորական դատարանը սկսել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության դատավարությունը:
Ադրբեջանական բանտերում պահվող 23 պատանդներից 7-ի վճիռը կայացվել է՝ մինչև 20 տարվա ազատազրկում: 16-ի դատավարությունն է սկսվել, որոնք գերեվարվեցին Արցախի վրա Ադրբեջանի վերջին հարձակումից ու Արցախը հայաթափելուց հետո:
Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին ծանր մեղադրանքներ են առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։ Ութ հոգի զինվորականներ են ու քաղաքացիական անձինք՝ Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը: