Բաքվի զինվորական դատարանից կադրեր ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակեցին երեկ երեկոյան՝ դատական նիստից հետո: Ադրբեջանական բանտում պահվող հայ ռազմագերիների առաջին նիստն էր: Դատարանի դահլիճում Արցախի նախկին քաղաքական ու ռազմական ղեկավարներն ու մյուս հայերն էին: Մեղադրող խմբում վեց դատախազ է, նրանցից երկուսը գլխավոր դատախազ օգնականներն են։
«Ազատության» ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ նիստը փակ ռեժիմով է անցել, չնայած նախապես խոստացել էին բաց անցկացնել: Դահլիճ թույլատրվել է մտնել միայն ադրբեջանական երկու պետական լրատվամիջոցի՝ AzTV-ին և Azertac-ին: Դահլիճում հավաքված քաղաքացիները ներկայացվել են իբրև տուժողներ ու տուժողների ներկայացուցիչներ, որոնց դատարանը պատրաստվում է հարցաքննել:
Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը ադրբեջանական դատարանում ելույթ է ունեցել: Ասել է, թե իբրև զղջում է 44-օրյա պատերազմում Գյաջան հրթիռակոծելու հայտարարության համար, այդ որոշումը ինքը չի կայացրել: Արցախի նախկին նախագահի խոսքերը ճնշումների ու կյանքի սպառնալիքների հետևանք են, Հարությունյանն իր կամքով չէ նման ելույթ ունեցել, ասում է հայ ռազմագերիներին միջազգային ատյաններում ներկայացնող Սիրանուշ Սահակյանը:
«Հայտարարություններն արժանահավատ չեն և դրանք որպես ապացույց անթույլատրելի են, քանի որ Ադրբեջանում պահվող պատանդները գտնվում են ճնշումների, հարկադրանքի ներքո և նրանց ազատ կամարտահայտությունն էապես սահմանափակված է», - նշեց Սահակյանը:
Ծանր մեղադրանքներ են առաջադրել Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանին, Բակո Սահակյաին, Արկադի Ղուկասյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, բարձրաստիճան զինվորականներ Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին:
Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացրել են մյուս պաշտոնյաներից: Նա արդեն բարձրաձայնել է՝ իրեն ցմահ ազատազրկում է սպառնում:
Վարդանյանի գործը 402 հատոր է, 42 մեղադրանք են նրան առաջադրել: Երեկվա նիստում, ըստ ադրբեջանական APA գործակալության՝ Վարդանյանն ու փաստաբանը միջնորդել են, որ այս գործն էլ միացնեն մյուս հայ գերիների գործին: Այս միջնորդությունը մերժել են: Երկրորդ միջնորդությունը, որ ժամանակ են պահանջել մեղադրական նյութերին ծանոթանալու համար, դատարանը տասն օր ժամանակ է տվել:
Արցախի նախկին պետնախարարը նիստի նախօրեին էր ահազանգել Բաքվի բանտում ճնշումների մասին, հարցաքննությունների արձանագրությունները կեղծ են, ճնշել են, որ ստորագրի: Չկայացած հարցաքննություններից էլ են արձանագրություններ կազմել: Վարդանյանն ահազանգել էր, որ 400 հատորանոց գործին իր տիրապետած լեզուներով ծանոթանալու հնարավորություն չի ունեցել:
Միջազգային հանրությունը պետք է ուշադիր հետևի այս աղմկահարույց գործին. Amnesty International
Ճնշումների մասին Վարդանյանի ահազանգին արձագանքել է Amnesty International (Ամնեսթի ինտերնեյշնլ) հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը: Միջազգային հանրությունը պետք է ուշադիր հետևի այս աղմկահարույց գործին, որպեսզի «ապահովվի Ռուբեն Վարդանյանի արդար դատաքննության իրավունքը և արդարությունը», հայտարարել է կազմակերպության արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Ստրութերսը:
«Իշխանությունները պետք է Ռուբեն Վարդանյանին տրամադրեն լիարժեք հասանելիություն իր փաստաբանների հետ և համապատասխան ժամանակ ու հնարավորություն տրամադրեն նրա պաշտպանությունը նախապատրաստելու համար», - նշել է միջազգային կազմակերպության ներկայացուցիչը:
Հայ ռազմագերիների շահերը Բաքվի դատարանում ներկայացնում են ադրբեջանցի հանրային պաշտպամնները: Վարդանյանի ամերիկացի փաստաբանին թույլ չեն տալիս Բաքու մտնել: Իրականում նրանք զրկված են պաշտպանությունից, ասում է Սահակյանը:
«Մեզ հայերանդարձված ռազմագերիներն ահազանգել են, որ ճնշումերի և վատ վերաբերմունքի են արժանացել նաև փաստաբանների կողմից, բազմաթիվ սպառնալիքներ հնչեցվել են հենց փաստաբանների ներգրավվածությամբ», - ընդգծեց իրավապաշտպանը:
16 հայերի դատական նիստը կշարունակվի հունվարի 27-ին: Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունից բացի, ադրբեջանական դատի առջև կանգնած են ևս ութը՝ քաղաքացիական ու զինվորական անձինք են, որ դարձյալ գերեվարվել են Արցախի վրա Ադրբեջանի վերջին հարձակումից ու հայաթափելուց հետո:
Պաշտոնական Երևանից երեկ որևէ հայտարարություն չհնչեց այս դատավարության մասին: Ուշ երեկոյան Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարեց՝ դատավարությունները հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին: Հայերը զրկված են արդար դատաքննության իրավունքի երաշխիքներից: