Այսօր Բաքվում շարունակվում է Արցախի նախկին պաշտոնյաների գործով դատական նիստը:
Ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Գերեվարվածների շարքում են արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:
Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացրել են, Նրա գործով դատական նիստը կշարունակվի հունվարի 27-ին: Արցախի նախկին պաշտոնյաների գործով դատական նիստը մեկնարկել է հունվարի 17-ին:
Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։
Արցախի նախկին պետնախարարը նիստի նախօրեին էր ահազանգել Բաքվի բանտում ճնշումների մասին, հարցաքննությունների արձանագրությունները կեղծ են, ճնշել են, որ ստորագրի: Վարդանյանն ահազանգել էր, որ 400 հատորանոց գործին իր տիրապետած լեզուներով ծանոթանալու հնարավորություն չի ունեցել: