Մատչելիության հղումներ

Անվտանգության աշխատակիցը ԱԺ նախագահության ամբիոնից պոկեց Հայաստանի ու Արցախի միասնական քարտեզը


Խորհրդարանի այս տարվա առաջին նիստը մեկնարկեց Հայաստանի քարտեզի շուրջ իշխանության և ընդդիմության միջև վիճաբանությամբ։ Ազգային ժողովի նիստերի դահլիճում հենց ամբիոնի վերևում անցած տարեվերջից փակցվել է Հայաստանի քարտեզի մակետը՝ առանց Արցախի։ Քարտեզը փակցվել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ, «Ազատությանը» փոխանցեց նրա խոսնակը:

«Մենք նստաշրջանը սկսում ենք հերթական ուրացման գործընթացով», - հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Ենթադրենք մենք իրոք ուրացել ենք և ենթադրենք ձեր համար խնդիրը մեր ուրացումն ա, դա ի՞նչ կապ ունի Հայաստանի քարտեզի հետ», - հակադարձեց Ազգային ժողովի փոխնախագահ Ռոուբեն Ռուբինյանը:

«Սևանը դատարկ է՞», - հարցրեց Մինասյանը:

«Ի՞նչ ա նշանակում՝ Սևանը դատարկ, ի՞նչ եք ակնարկում՝ որ Սևանը հանձնե՞լ ենք: Պարզ չի՞, որ դատարկ ա, որովհետև սենց ընդգծվում ա, որ սա մեծ լիճ ա, էդպես ա», - արձագանքեց Ռուբեն Ռուբինյանը:

«Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության քարտեզի հետ կռիվ եք տալիս արդեն ինչքան ժամանակ ա, էլի, ոնց որ խաչը Դրակուլային ցույց տաս, Դրակուլան բան անի, էլի, չնայած Դրակուլան ձեր համեմատ շատ խարիզմատիկ կերպար էր», - հավելեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Թե Հայաստանի քարտեզը խի սենց իրարանցում առաջացրեց, մարդ չի հասկանում», - հավելեց ԱԺ նախագահը:

«Կարելի է ասել, որ սա ճակատագրի հեգնանք է, որովհետև սա փակցնելու պարտականությունն էլ դրել են մի մարդու վրա, ով ընդամենը մի տանի տարի առաջ ասում էր, որ Աղդամն իր հայրենիքն է, որ ինքը աղդամցի Ալենն է և հնարավորություն չի տալու որևէ մեկին գեթ մեկ սանտիմետր հող հանձնել Արցախից և Աղդամից, բայց հիմա էդ մետաղի ջարդոնից, էս կեղծիքից, էս քարտեզ կոչվածից ջնջել է ոչ միայն Աղդամը, այլ նաև մեր հայրենիքի ուղիղ կեսը». - ի պատասխան՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն ԱԺ նախագահության ամբիոնին փակցրեց Հայաստանի և Արցախի միասնական քարտեզը։

«Սիրելի հայրենակիցներ, ընդամենը մի քանի տարի առաջ ձեր հայրենիքը, մեր բոլորի հայրենիքը այ էս տեսքն ուներ: Դուք ապրել եք էդ հայրենիքում, քայլել եք էդ հայրենիքում, էդ հայրենիքի ճանապարհներով երթևեկել եք, ձեզ էդ հայրենիքի ճանապարհներից որևէ մեկը երբեք գերի չի տարել: Հիմա գոնե թող էդ հայրենիքը Ազգային ժողովի այս դահլիճում մնա այնքան ժամանակ, քանի դեռ այն ետ չի գա մեզ, քանի դեռ մենք այն չենք վերականգնի», - հայտարարեց Մկրտչյանը:

Ընդդիմադիր պատգամավորին որոշեց հակադարձել խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, հիշեցնելով՝ Սերժ Սարգսյանն իր նախագահության տարիներին բանակցում էր Արցախի հարակից տարածքների վերադարձի շուրջ։

«Սերժ Սարգսյանը հրապարակային իր ելույթներում, հարցազրույցներում նշել ա, չէ՞, որ Հայաստանը պատրաստ էր 5+2 շրջաններից դուրս գալ, ասել ա, չէ՞, չեք հերքի: Հայրենիքից դուրս է՞ր պատրաստ գալ, ուզում էր հանձնե՞ր հայրենիքը», - նշեց Ռուբինյանը:

Սերժ Սարգսյանի կուսակից Հայկ Մամիջանյանն էլ հակադարձեց՝ Ռուբինյանի մատնանշած՝ Քելբաջարի ու Լաչինի վերադարձի հարցը բանակցություններում քննարկվում էր միայն մի պարագայում՝ Արցախի անկախության հանրաքվեից հետո։ «Փորձել բացի ձեզանից որևէ մեկի վրա բարդել Արցախի հանձնումը, իհարկե ձեր մոտ ամեն ինչ կարող ա ստացվի, բայց էդ մեկը անհնար ա ստացվի: Փողոցում հիմա դուրս գանք հարցնենք ով ա հանձնել Արցախը, բոլորը կպատասխանեն՝ Նիկոլ Փաշինյանը», - հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը:

Քարտեզի թեման շարունակեց դաշնակցական Արծվիկ Մինասյանը՝ խորհրդարանի նախագահին հարցնելով, թե ինչպե՞ս է որոշվել, որ Հայաստանի քարտեզը հենց այդ տեսքը պետք է ունենա, իրավական ո՞ր ակտի հիման վրա։ Ալեն Սիմոնյանը հարցին ուղիղ չպատասխանեց:

«Էս ո՞վ է պատվիրատուն, և ի՞նչ չափանիշների է համապատասխանում, էլի, ո՞րով է սահմանված, որ Հայաստանի տարածքի մակետը էս տեքստը պետք է ունենա, էս նկարագրով», - հարցրեց Մինասյանը:

«Ինձ հետաքրքիր ա՝ հիմա, այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետությունը քանի՞ քառակուսի կիլոմետր է ըստ Ձեզ, կասե՞ք», - արձագանքեց Սիմոնյանը:

«Հետաքրքիր է, որ իմ հարցին Դուք չեք պատասխանում», - հակադարձեց ընդիմադիր պատգամավորը:

Սիմոնյանին օգնության հասավ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ պնդելով, թե խորհրդարանում փակցված այդ քարտեզը տեսել է իր դասագրքերում, իսկ այդ ժամանակ կրթության նախարարը դաշնակցական Լևոն Մկրտչյանն էր։

«Ես իմ դպրոցական դասագրքերում տեսել եմ էս քարտեզը՝ որպես Հայաստանի Հանրապետություն, մեջն էլ գրած, որ Հայաստանի տարածքը 29 հազար 743 կիլոմետր քառակուսի: Խնդիր ունե՞ք էս մակետի հետ, գնացեք Լևոն Մկրտչյանին ասեք՝ «էս ինչի՞ ես սխալ քարտեզ դրել դասագրքերի մեջ, ինչո՞ւ ես պղծել մեր մանուկներին և աշակերտներին»: Ուրեմն Լևոն Մկրտչյանն ա ուրացել, ինձ էլ իրա հետ ա ուրացրել», - հայտարարեց Ռուբինյանը:

Հենց այն պահին, երբ դաշնակցական Արծվիկ Մինասյանը հայտարարում էր, որ իշխանությունն ուրանում է Արցախը, խորհրդարանի անվտանգության աշխատակիցը զուգահեռ պոկում էր ամբիոնին փակցված Հայաստանի և Արցախի միասնական քարտեզը։

«Եվ էդ ծավալի ուրացմանը զուգընթաց՝ նաև ներկայացնում են, թե իբր մի հերոսական գործողություն է իրականացվել: Խնդրեմ, սա էլ իշխանության հանձնարարականի հիման վրա մեր անվտանգության ապահովման ծառայության գործողությունն է, երբ որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միասնական քարտեզը պատռվում և տարվում է», - ասաց Մինասյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG