Մատչելիության հղումներ

Ինչու է Հայաստանի իշխանությունը լռում Բաքվում Արցախի նախկին պաշտոնյաների դատավարության մասին


Բաքվում հայ ռազմագերիների, Արցախի ռազմական ու քաղաքական նախկին ղեկավարների դատավարության, նրանց ոտնահարված իրավունքների մասին Փաշինյանի կառավարությունը շարունակում է լռել: Ինչո՞ւ, ի՞նչն է կաշկանդում Հայաստանի իշխանությանը:

Վահագն Ալեքսանյանը իշխանության լռությունը դիվանագիտական քայլ է համարում

Իշխող կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը իշխանության լռությունը դիվանագիտական քայլ է համարում: Ըստ Փաշինյանի թիմակցի՝ խոսելը կխանգարի, որ հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնեն:

«Եթե սրտհովանքի համար կարծում եք, որ պետք էր 1-2 արտահայտություն անել, 1-2 կոշտ արտահայտություն անել, դրանով դա օգնելու էր մեր գերիների վերադարձին, դուք սխալվում եք: Հավելյալ հանրայնացումն այս պրոցեսին միայն խանգարելու է», - նշեց Ալեքսանյանը:

Իշխանության մեկնաբանությունը սուտ է, կեղծիք. հակադարձում է Արմեն Ռուստամյանը

Իշխանության մեկնաբանությունը սուտ է, կեղծիք, իշխանականին հակադարձում է ընդդիմադիր պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Կառավարության լռության միակ մղումը Ադրբեջանին չբարկացնելն է, որ խաղաղություն բառով մի թուղթ կարողանան պոկել Ալիևից, ասում է Հայաստան խմբակցության պատգամավորը:

«Հանուն դրա զոհաբերում է ամեն ինչ. մեր հայկական ինքնությունից է զոհաբերում, մեր տարածքներն է զոհաբերում, բնականաբար զոհաբերում է նաև այն անձանց, ովքեր իր համար մանրադրամ են այս մեծ խաղի մեջ», - ասաց Արմեն Ռուստամյանը:

Ըստ Ռուստամյանի՝ Բաքվի ռազմական դատարանի առջև կանգնած հայերին հարվածում է կառավարության լռության դիվանագիտությունը: Ոչ թե պետք է լռեն, այլ աշխարհով մեկ աղմկեն ադրբեջանական անմարդկային վերաբերմունքի մասին: Հումանիտար հարցերի, խոշտանգումների ահազանգն, ըստ պատգամավորի, չի կարող խոչընդոտել գերիների վերադարձի գործընթացին:

«Ոչ ոք չի հավատում Ադրբեջանական արդարադատությանը, մի երկիր, որը Եվրոպայի խորհրդի անդամը լինելով, սառեցրել է մոտ մեկ տարի իր անդամակցությունը, ձայնի իրավունքից զրկվել են այն պատճառաբանություններով, որ իրենց մոտ ոտնահարված են բոլոր այն պարտավորությունները, որոնք Ադրբեջանը ստանձնել է Եվրախորհրդի նկատմամբ, առաջին հերթին արդար դատաքննության իրավունքի խախտումների հետ կապված», - նշեց Ռուստամյանը:

Իշխանական պատգամավոր Ալեքսանյանը զարմանում է, որ լրագրողները մեծ կարևորություն չեն տալիս իրենց թիմակցի՝ Ռուստամ Բաքոյանի գրառմանը: Ազգային ժողովի Մարդու իրավունքների հանձնաժողովի պաշտոնակատարը Ֆեյսբուքում գրառում էր արել հայ գերիների իրավունքների զանգվածային խախտումների մասին: Ալեքսանյանը սա համարում է իշխանական թևից արձագանք, բայց միաժամանակ շեշտում է խմբակցությունում այդ թեման չի քննարկվել:

«Ամբողջական մենք նմանատիպ քննարկում, որոշում չենք ունեցել, բայց ես վստահ եմ, որ խմբակցությունում ոչ ոք տարաձայնություն չունի պարոն Բաքոյանի հայտարարության հետ», - ասաց նա:

Ալեքսանյանն էլ, որ սոցիալական ցանցերում ակտիվ է, մշտապես արձագանքում է քաղաքական հակառակորդներին, այս դատավարության մասին ոչ մի գրառում չէր արել:

«Իշխանությունն իր խոսքում գիտակցված կամ չգիտակցված ձևով, ըստ էության, խոստովանում է, որ այդ մարդկանց հետ ունի խնդիր»

Իշխանականների ակնարկները, երբեմն ուղիղ մեղադրանքները, որ Արցախի նախկին ղեկավարները Բաքվի բանտերում հայտնվել են այս կամ այն պատճառով, իրենց քաղաքականության հետևանքով, արդեն խոսում է, թե ինչպիսին է իշխանության մոտեցումը գերիներին վերադարձնելու հարցի վերաբերյալ, ասում է ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը և դրա իշխանությունը փորձում է ընտրողաբար մոտենալ բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ ժամանակին գաղափարական առումով, քաղաքական դիրքորոշումների առումով չի ունեցել միևնույն մոտեցումները: Իշխանությունն իր խոսքում գիտակցված կամ չգիտակցված ձևով, ըստ էության, խոստովանում է, որ այդ մարդկանց հետ, բնականաբար, ունի խնդիր, և այս տեսանկյունից հասկանալի է՝ ինչպես է լինելու նրանց մոտեցումը, դիրքորոշումը տարբեր աշխատանքներում ներկայացված լինելու», - ընդգծեց Աբրահամյանը:

Բաքվի դատաստանի առջև կանգնած է 16 հայ ռազմագերի: Վաղը 15-ի գործով նիստն է, Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացրել են, հունվարի 27-ին է նիստը: Վարդանյանը դատավարության մեկնարկից մեկ օր առաջ ահազանգել էր ադրբեջանական ճնշումների ու կեղծ արձանագրությունների մասին, որ իրեն ստիպել են ստորագրել:

XS
SM
MD
LG