Մատչելիության հղումներ

Շռնդալից հաղթանա՞կ, թե՞ արտագաղթ. սահմանազատման թեման՝ սուր բանավեճի առարկա ԱԺ-ում


ԱԺ նիստ, արխիվ
ԱԺ նիստ, արխիվ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը վստահ է՝ 2026-ի ընտրություններում շռնդալից հաղթանակ կտանի Տավուշի սահմանազատված գյուղերում, ընդդիմությունը զգուշացնում է՝ ադրբեջանական զինուժի առաջխաղացումից հետո այդ գյուղերում մարդ չի մնալու։

«Դուք օգտագործում եք «սահմանի վերարտադրություն» արտահայտությունը, հլը բացեք տեսեք Հայաստանի Հանրապետության որևէ օրենքում «սահմանի վերարտադրություն» հասկացություն կա՞: Դուք էս ի՞նչ եք անում, տանում եք, հանձնում եք, ինչի՞ համար, մեկ բանի՝ ձեր աթոռների համար, որ մնաք էդ աթոռին կպած: Կպեք, ինչքան կպնեք, էնքան կսոսնձվեք, բայց որ հեռացվեք, աթոռն էլ ձեր հետ է հեռացվելու և փոխարինվելու է նորմալ ազգային աթոռով», - Ազգային ժողովում հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Հիմա որ մեր հակառակորդը գա Ձեր գրասենյակի մոտ պոստ դնի, ասի՝ «Արծվիկ Մինասյանը ասել ա սահման չկա», էդ վախտ ի՞նչ եք ասելու», - հակադարձեց խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Ալիևը «նոլդու, Փաշինյան» էր շվշվացնում: Էլի է ուզելու, էլի եք արհամարհվելու», - ասաց մեկ այլ դաշնակցական պատգամավոր՝ Աղվան Վարդանյանը:

«Անունը դրել են սրբազան շարժում, սրբազան շարժման առաջնորդ սրբազանը երեսով ա տալի իրա աջը համբուրելը: Էս չե՞ք, ժողովուրդ ջան», - իր հերթին, հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Այս շարժումը նաև ձեր փրկության համար է՝ մի քանիսիդ չհաշված», - պնդեց Աղվան Վարդանյանը:

Սահմանազատման թեման այսօր լարել էր իրավիճակը խորհրդարանում։ Չնայած ընդդիմության զգուշացումներին ու մտահոգություններին՝ Ազգային ժողովի նախագահը վստահեցրեց, թե սահմանազատված Տավուշի գյուղերը դառնալու են օրինակելի բնակավայրեր։ Իսկ սահմանազատման հետևանքով տուն կորցնող բնակիչների հետ կբանակցեն այնքան, մինչև համաձայնության գան։

«Հայաստանի Հանրապետությունը որևէ մեկին իր քաղաքացիներից չի նեղացնելու, անտեր չի թողնելու, անտուն չի թողնելու: Վստահեցնում եմ ձեզ՝ մի քանի տարի հետո էդ գյուղերը լինելու են օրինակելի գյուղեր, և 2026 թվականի ընտրությունների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր»-ը էնտեղ հաղթելու է շռնդալից ձևով», - հայտարարեց Ալեն Սիմոնյանը:

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը զգուշացրեց՝ 30 տարվա կահավորված առաջնագիծը հանձնելու և մարդկանց անվտանգության որևէ երաշխիք չտալու հետևանքով Կիրանցից մարդիկ հեռանալու են:

«Ու դուք մտածում եք, որ դրանից hետո էդ գյուղերը, մեր տարածաշրջանը, լավ, մարդ ա՞ ապրելու, մեր ժողովուրդը կարալու ա՞ ըտե անվտանգ ապրի: Չէ, չի կարալու անվտանգ ապրի: Ես չեմ տեսնում որևէ մի շանս այդտեղ ադրբեջանցիների հետ ապրելու, չի՛ լինելու», - հայտարարեց Դանիելյանը:

Արձագանքելով վարչապետի այն դիտարկմանը, թե Կիրանցի բնակիչների համար ծառ կտնկեն, եթե չեն ուզում տեսնել ադրբեջանցիներին, Գառնիկ Դանիելյանը նույնը առաջարկեց անել Ազգային ժողովին. - «Ազգային ժողովում, ստեղ անվտանգության աշխատողներ կան, էդ անվտանգության աշխատողները թող դուրս գան, ստեղ ծառեր տնկենք: Չի կարելի սեփական ժողովրդին ծաղրանքի ենթարկել»:

Խորհրդարանում չշրջանցվեց նաև վարչապետի հրաժարականը պահանջող Բագրատ սրբազանի թեման։ Ազգային ժողովի նախագահը վստահեցրեց՝ իշխանության համար այդ շարժման մեջ որևէ արտառոց բան չկա. - «Վազգեն Մանուկյանին ըտեղ փոխարինել են Բագրատ սրբազանով»։

Ալեն Սիմոնյանի համոզմամբ՝ անթույլատրելի է, որ եկեղեցին զբաղվի քաղաքականությամբ. - «Աստվածաշնչի մեջ էլ ա ասված՝ իմ հոր տունը մի՛ սարքեք առևտրի տեղ: Քաղաքականությունը առևտուր ա, պատարագների շղարշի տակ միտինգներ և բաներ կազմակերպելը՝ դա հենց Աստվածաշնչով անընդունելի է: Ասում ա՝ «Կեսարինը՝ կեսարին, Աստծունը՝ Աստծուն»:

Խոսելով վարչապետի պաշտոնում Բագրատ սրբազանի հնարավոր թեկնածության մասին՝ խորհրդարանի խոսնակը հիշեցրեց սահմանադրական արգելքը, համաձայն որի՝ թեկնածուն վերջին չորս տարում պետք է միայն Հայաստանի քաղաքացի լինի, իսկ Տավուշի թեմի առաջնորդը երկքաղաքացի է։

Իսկ եթե հրապարակում հավաքված ժողովուրդը ճնշի՞ իշխանությանը. - «Այսինքն, հրապարակը ճնշի՝ Սահմանադրությունը պետք ա քանդե՞նք», - արձագանքեց Ալեն Սիմոնյանը:

Քանի որ Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատումն իրականացվում է 1976 թվականի քարտեզներով՝ կա՞ արդյոք պայմանավորվածություն, որ հայ - ադրբեջանական սահմանի մյուս հատվածների սահմանազատման համար հենց այդ նույն քարտեզները կդառնան ամրագրված հիմք: Ալեն Սիմոնյանն ըստ էության ընդունեց, որ այս պահին նման հստակ պայմանավորվածություն չկա։

«Ես տենց կարծում եմ, որ դա ամենալավ տարբերակն է, և չեմ բացառում, որ կարող ա մի քիչ էս կողմ, մի քիչ էն կողմ տարբերակ ընտրվի», - հայտարարեց խորհրդարանի խոսնակը:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, մինչդեռ, հակադարձում է՝ իշխանության համար իրավական հիմքը Ադրբեջանի պահանջներն են։

«Երբ որ հարցնում ես, ասում ես՝ նույն 88 թվականի երկու խորհրդային երկրների Նախարարների խորհրդի նախագահների տեղակալների ստորագրած փաստաթուղթը, տեսնում եք՝ ինչ են ասում, ասում են՝ դա իրավական հիմք չկա: Այսինքն՝ էն, ինչ որ Ադրբեջանը ասում է, իրանց համար իրավական հիմքը դա է, այսինքն՝ Ադրբեջանի ցանկությունն է իրանց իրավական հիմքը», - հայտարարեց Մինասյանը:

Երևանն ու Բաքուն մեկ շաբաթ առաջ ստորագրեցին Տավուշ - Ղազախ հատվածի սահմանազատման արձանագրությունը։ Առայժմ հայտնի չէ, թե կողմերը երբ կանցնեն միջպետական սահմանի մյուս հատվածների սահմանազատմանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG