«Այս պահին խաղաղ օրակարգում առաջընթաց արձանագրելու շատ լավ և բարենպաստ հնարավորություններ կան», - այսօր ԲաքվումԼատվիայի խորհրդարանի խոսնակի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Այն բանից հետո, երբ Ադրբեջանը վերականգնեց իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, տարածաշրջանում խաղաղության հաստատման պատմական հնարավորություն է ստեղծվել»,- հայտարարել է Ալիևը՝ ընդգծելով, թե «երկկողմ գործընթացի շրջանակներում, մասնավորաբար սահմանազատման և սահմանագծման հարցում, դրական պայմանավորվածություններ են ձեռք բերվել»։
- Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները մայիսի 15-ին ստորագրեցին ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի 1976թ. քարտեզով Բաղանիս– Բաղանիս Այրում, Ոսկեպար– Աշաղը Ասկիպարա, Կիրանց– Խեյրումլի և Բերքաբեր– Կըզըլ Հաջիլի բնակավայրերի միջև սահմանագծի համաձայնեցման մասին արձանագրությունը։ Իշխանության պնդմամբ՝ սա ԽՍՀՄ վերստուգված ամենավերջին քարտեզներն են: Երևանի ու Բաքվի ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ այս հատվածներն այլևս համարվում են սահմանազատված։
- Հայաստանի վարչապետը Տավուշի ու Ղազախի սահմանագծի 4 գյուղերի հատվածում սահմանազատումը օրեր առաջ «մեծ հաջողություն» էր որակել։