Մատչելիության հղումներ

Մեզ որևէ տեղ ոչ ոք չի կարող ո՛չ խոչընդոտել, ո՛չ վախեցնել. Բագրատ սրբազան


Արխիվ
Արխիվ

Կիրանց տանող ճանապարհը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ու նրա աջակիցների առջև այդպես էլ այսօր չբացվեց։ Ոստիկանական ուժերը շարունակում են փակ պահել մուտքը։

Տավուշի ոստիկանապետի հետ բանակցություններն էլ օգուտ չտվեցին։ Բագրատ սրբազանի բացատրությունները, թե ուզում է Կիրանցի բնակիչների հետ զրուցել, որոնց կյանքը խաթարվել է, չօգնեցին։ Դժոխք են դարձրել երկիրը, դժգոհեց Բագրատ սրբազանը։

«Վերից վար ապօրինի են, սկսած այս հակասահմանադրական սահմանազատման, Ալիևի դիմաց ծնկած վիճակից մինչև այս պահը», - ասաց սրբազանը։

Գյուղի մուտքի մոտ հավաքվել էին նաև Բագրատ արքեպիսկոպոսի առաջնորդած շարժման աջակիցները, «Հայաստան» խմբակցության պատգամավորներն ու լրագրողները։ Նրանք էլ թույլ չէին տալիս ճեղքել ոստիկանական պատը։ Բայց, Տավուշի թեմի առաջնորդին հաջողվեց այլ ճանապարհով Կիրանց հասնել։

Եկեղեցու բակում Բագրատ սրբազանը զրուցեց բնակիչների հետ։ Նրանց գոտեպնդեց, հորդորեց չտխրել, խոստացավ՝ իշխանությունները կհեռանան։

«Ոչ մեկդ չտխրեք։ Խնդրում եմ՝ իրար շատ բռնեք, ժողովո՛ւրդ, մի՛ թողեք, որ խնդիրը մեկինը լինի կամ այդպես նկատվի», - ասաց նա։

«Սա Կիրանցի, Ոսկեպարի, Բաղանիսի կամ որևէ այլ փոքրիկ գյուղական համայնքի խնդիրը չէ, սա Հայաստանի Հանրապետության գոյության խնդիրն է, որի արժանապատիվ, պատվով քաղաքացիներն այստեղ են։ Խնդիրը, հարցը այս տեղում է, լուծումը՝ Երևանում։ Այս ապօրինի գործողությունները և ապօրինի իշխանությունը, այս մարդկանց քվեները գողացած իշխանությունը, այս մարդկանց հակառակ խոստում տված իշխանությունն ի՞նչ գործ ունի այս մարդկանց կյանքի հետ», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի շարժման» առաջնորդը։

Մինչ սրբազանը գյուղում էր, մուտքի մոտ իրավիճակը լարվեց։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները, լրագրողներն ու շարժման աջակիցները պահանջում էին բացել ճանապարհը։ Ոստիկանները մերժեցին, հրմշտոց սկսվեց, ապա բերման ենթարկեցին Տավուշի թեմի առաջնորդի աջակիցներին։

Պաշտոնական տվյալներով՝ 14 մարդ է բերման ենթարկվել։ Ավելի ուշ պատգամավորներ Գառնիկ Դանիելյանն ու Արման Սարգսյանը գնացին նրանց հետևից ոստիկանության բաժանմունք։

Իրավիճակն արդեն հանդարտվել էր, երբ Սրբազանը գյուղից վերադարձավ։ Այստեղ ամփոփեց այցն ու շարժվեց Երևան։

«Մեզ որևէ ձևով որևէ տեղ ոչ ոք չի կարող ո՛չ խոչընդոտել, ո՛չ վախեցնել, ո՛չ սարսափեցնել, ո՛չ էլ որևէ այլ կերպ, մեր գործը ճշմարտության մասին է», - նշեց նա, - «Դուք պիտի գյուղում տեսնեիք՝ մեր սիրելի քույրերն ու եղբայրներն ինչ ծանր հոգեկան վիճակում են գտնվում, և այս ողբերգությունը պետք է ավարտ գտնի մեր կյանքում»։

Վարչապետի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած Բագրատ արքեպիսկոպոսը վաղը Երևանում կշարունակի քաղաքական հանդիպումները։ Մայիսի 26-ին էլ Բագրատ սրբազանը հանրահավաք է հրավիրել։ Ավելի վաղ հայտարարել էր նաև վարչապետին անվստահություն հայտնելու մտադրության մասին։

Իշխանական խմբակցությունում համոզված են, ոչ մեկը իրենց շարքերից չի միանա ընդդիմության նախաձեռնությանը, Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը համարում են հեղաշրջման փորձ։

XS
SM
MD
LG