Մատչելիության հղումներ

2026-ի ընտրություններին ՔՊ-ն այդ գյուղերում հաղթելու է շռնդալից ձևով․ Ալեն Սիմոնյան


Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան, արխիվ
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան, արխիվ

Ի՞նչ է լինելու, եթե կիրանցեցիները հրաժարվեն դուրս գալ իրենց տներից, որոնք պետք է անցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ, «Ազատության» այս հարցին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ կբանակցեն այնքան ժամանակ, մինչև որ իրենց համաձայնությունը տան:

Հարցին, թե հնարավո՞ր է նրանց թույլ տան մնալ իրենց տներում, ԱԺ նախագահը պատասխանեց. - «Չգիտեմ, ամեն ինչ էս աշխարհում հնարավոր է: ժամը մեկ ամեն ինչ փոխվում է, կարա շատ բան փոխվի»:

ԱԺ խոսնակը վստահեցրեց՝ ՀՀ-ն իր քաղաքացիներից որևէ մեկին չի նեղացնելու, անտեր չի թողնելու, անտուն չի թողնելու:

«Վստահեցնում եմ, մի քանի տարի հետո էդ գյուղերը լինելու են օրինակելի գյուղեր: Եվ 2026-ի ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիրը» այնտեղ հաղթելու է շռնդալից ձևով», - ասաց Սիմոնյանը:

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները մայիսի 15-ին ստորագրեցին ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի 1976թ. քարտեզով Բաղանիս– Բաղանիս Այրում, Ոսկեպար– Աշաղը Ասկիպարա, Կիրանց– Խեյրումլի և Բերքաբեր– Կըզըլ Հաջիլի բնակավայրերի միջև սահմանագծի համաձայնեցման մասին արձանագրությունը։ Իշխանության պնդմամբ՝ սա ԽՍՀՄ վերստուգված ամենավերջին քարտեզներն են: Երևանի ու Բաքվի ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ այս հատվածներն այլևս համարվում են սահմանազատված։

Օրեր առաջ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց տվել Հանրային ու ասաց, որ Կիրանցում 4 շինություն է անցնում այն կողմ՝ մեկ տուն, մեկ կացարան, ավտոտնակ և խանութ: Բացի տներից, նաև կամրջի հարցը կա այստեղ, ընդհանրապես Վրաստան գնացող միջպետական ճանապարհի մի հատվածն անցնում է ադրբեջանական կողմին: Պաշտոնյաները խոստանում են, որ շրջանցիկ ճանապարհ է կառուցվելու երկու ամսվա ընթացքում:

Բնակիչները նաև ասում են, որ տասնյակ հեկտարների վարելահողեր կան, որոնք թեև անմիջական ադրբեջանական վերահսկողության տակ չեն անցնելու, բայց ադրբեջանցի սահմանապահների թիկունքում են լինելու: Թե ինչպե՞ս են դրանք մշակելու, հասանելի՞ են լինելու այդ տարածքները գյուղացիներին, դեռ հստակություն չկա:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG