Մատչելիության հղումներ

Առևտրային պատերազմի նոր սրման ֆոնին ասիական շուկաները վերականգնվում են


Երեկվա անկումից հետո ասիական ֆինանսական շուկաներն այսօր սկսել են վերականգնվել, եվրոպականները՝ ոչ ամբողջությամբ: Սա հետևեց ԱՄՆ նախագահի հայտարարությանը, որով Դոնալդ Թրամփը 90-օրյա դադար հայտարարեց բարձր մաքսատուրքերից տուժած երկրների համար:

Միաժամանակ Միացյալ Նահանգների և Չինաստանի առևտրային պատերազմը շարունակվում է և էլ ավելի խորանում: Այսօր ուժի մեջ է մտել Չինաստանի 84 տոկոս փոխադարձ մաքսատուրքն ԱՄՆ-ի նկատմամբ: Վաշինգտոնը երեկ իր հերթին չինական ապրանքների համար սահմանած մաքսատուրքը հասցրել էր 125 տոկոսի:

Չնայած դրան՝ Սպիտակ տան ղեկավարը երեկ գովաբանել է Չինաստանի նախագահին՝ ասելով, որ Սի Ծինփինը խելացի մարդ է, ապա վստահություն հայտնել, որ ինչ-որ պահի կհաջողվի գործարք կնքել նրա հետ. «Նա իմ ընկերն է: Նախագահ Սին ինձ դուր է գալիս, հարգում եմ նրան: Բայց նրանք ճիշտ չեն վարվել մեր երկրի հետ»:


Այս ֆոնին Չինաստանը ևս մեկ բողոք է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն՝ նշելով, որ մաքսատուրքերի բարձրացումը հերթական սխալ քայլն է, ապա Թրամփին մեղադրել է Պեկինին ահաբեկելու համար: Չինաստանը նաև վստահեցրել է, որ կպաշտպանի իր իրավունքներն ու շահերը՝ կազմակերպության կանոններին համապատասխան:

Չինաստանի արտգործնախարարության խոսնակն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ մաքսատուրքերը Չինաստանին չեն կարող վախեցնել, Պեկինը կպայքարի մինչև վերջ և թույլ չի տա, որ ոտնահարվեն իր ժողովրդի շահերը, կամ խարխլվի առևտրային համակարգը։ Լին Ցզյանն ընդգծել է, որ ԱՄՆ-ն գործում է «եսասիրաբար» և մաքսատուրքերը որպես զենք է օգտագործում՝ Չինաստանին առավելագույնս ճնշելու համար, ինչն անընդունելի է:

«Դա Չինաստանի հետ վարվելու ճիշտ ճանապարհը չէ։ Եթե ամերիկյան կողմն իսկապես ցանկանում է խոսել, ապա պետք է դրսևորի հավասարության, հարգանքի և փոխադարձության վրա հիմնված վերաբերմունք», - ասել է նա։


Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի տնօրենն ասել է, որ ԱՄՆ վարչակազմն այս պահին քննարկում է մաքսատուրքերի շուրջ գործարքի վերաբերյալ 15 երկրի առաջարկ և մոտ է երկուսի ստորագրմանը, թեև չի նշել, թե որ երկրների մասին է խոսքը: Քևին Հասեթն ասել է, որ երկու ամսից ավելի կպահանջվի բոլոր գործարքներն ավարտին հասցնելու համար:

«Մենք ակնկալում ենք, որ առաջիկա 3-4 շաբաթվա ընթացքում համաշխարհային առաջնորդների բավականին մեծ հոսք կլինի դեպի Սպիտակ տուն», - նշել է նա:

Բոլոր տարբերակները մնում են սեղանին, այդ թվում՝ պատասխան մաքսատուրքերը. ֆոն դեր Լայեն

Եվրոպական միությունը, որը երեկ ևս պատասխան մաքսատուրքեր սահմանեց ԱՄՆ-ի նկատմամբ, այսօր ողջունել է 90-օրյա դադարի մասին Թրամփի որոշումը: Եվրոպական հանձնաժողովի նախագահը նշել է՝ ցանկանում են հնարավորություն ստեղծել, որպեսզի բանակցությունների միջոցով կարգավորվի հարցը: Ուրսուլա ֆոն դեր Լայենը սոցցանցում գրել է, որ այդուհանդերձ, բոլոր տարբերակները մնում են սեղանին, այդ թվում՝ պատասխան մաքսատուրքերը։

«Եթե Վաշինգտոնի հետ բանակցությունները հաջողությամբ չավարտվեն, մեր պատասխան քայլերն ուժի մեջ կմտնեն։ Հետագա պատասխան քայլերի պատրաստական աշխատանքները շարունակվում են», - նշել է նա:

ԵՄ քաղաքականության հարցերով խորհրդատու Յոհան Վեյքն ասում է, որ Թրամփը Եվրոպական միությանն ահաբեկում է, քանզի շատ լավ գիտի, որ դաշինքը մեծ հաշվով այլընտրանք չունի: Ըստ նրա՝ ԱՄՆ-ն ցանկանում է, որ Եվրոպական միությունն ավելի թույլ լինի. «Արդյոք Դոնալդ Թրամփը հասկանո՞ւմ է, որ եթե մաքսատուրքեր է սահմանում, ապա ներմուծողները, մեծածախ ու մանրածախ վաճառողները բարձրացնում են գները, քանի որ դա հարկ է, և դա վնասում է սպառողին ԱՄՆ-ում, ինչպես նաև ամբողջ աշխարհում»:


Տնտեսական վերլուծաբանները միանշանակ դրական են գնահատում մաքսատուրքերի գործողությունը կասեցնելու Թրամփի որոշումը, միաժամանակ շեշտում՝ սա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ կարգավորված է: Ավտոմեքենաների, պողպատի և ալյումինի ներմուծումն ԱՄՆ դեռ ենթակա է 25 տոկոս մաքսատուրքի, որը հաջորդ ամսվանից կտարածվի նաև ավտոպահեստամասերի վրա։ Բացի դրանից՝ 10 տոկոս համընդհանուր մաքսատուրքը, որ Թրամփն ավելի վաղ սահմանել էր գրեթե բոլոր պետությունների համար, դեռ շարունակում է ուժի մեջ լինել:

Չինական ընկերություններն անցյալ տարի ԱՄՆ-ում մոտ 440 միլիարդ դոլարի ապրանք են վաճառել՝ մոտ երեք անգամ ավելի, քան ամերիկյան ընկերություններն են վաճառել Չինաստանում: Դա ենթադրում է, որ ավելի բարձր մաքսատուրքերն ավելի մեծ հարված կհասցնեն չինական բիզնեսին: Սակայն Չինաստանի 84 տոկոս մաքսատուրքերը ևս էապես կազդեն ԱՄՆ-ի վրա, ընդ որում՝ տարբեր ոլորտներում:

Բարձր մաքսատուրքերն 90 օրով կասեցնելու Թրամփի որոշման ֆոնին ամերիկյան Goldman Sachs խոշորագույն ներդրումային բանկը վերանայել է ԱՄՆ-ում հնարավոր ռեցեսիայի մասին կանխատեսումը՝ 65 տոկոսից իջեցնելով 45-ի:

Առևտրային պատերազմի նոր սրման ֆոնին ասիական շուկաները վերականգնվում են
please wait

No media source currently available

0:00 0:04:21 0:00
XS
SM
MD
LG