Մատչելիության հղումներ

«Արյունոտ սպանդ». խոշորագույն ֆոնդային ինդեքսները կորուստներ են արձանագրում


Արյունոտ սպանդ․ այսպես են տնտեսագետները բնորոշում ասիական ֆոնդային շուկաներում տիրող իրավիճակը, որ առաջացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած առևտրային պատերազմի հետևանքով:

Անցած շաբաթ Սպիտակ տան ղեկավարը հրապարակեց նոր քաղաքականությունը, որը ի թիվս այլ երկրների, 20 տոկոս մաքսատուրքեր է սահմանում Եվրամիությունից, ավելի քան 30 տոկոս Չինաստանից, Վիետնամից, ասիական այլ երկրներից ներմուծվող ապրանքների վրա։

Այս որոշմանը Ասիական - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային շուկաները արձագանքում են չափազանց ծանր, շուկաները բացվել են ցավոտ անկումներով։ Խոշորագույն ֆոնդային ինդեքսները՝ Շանհայից Տոկիո և Սիդնեյից մինչև Հոնկոնգ, երկուշաբթի օրը բացված առուվաճառքից անմիջապես հետո միայն կորուստներ են արձանագրում:

MSCI Asia Pacific ինդեքսը, որը ներառում է Ասիական - Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 13 երկրների խոշոր և միջին կապիտալով ընկերություններ, բախվել է 2008 թվականից ի վեր իր ամենախոշոր անկմանը՝ կորցնելով ավելի քան յոթ տոկոս, ճապոնական Nikkei 225-ի կացությունն ավելի դրամատիկ է՝ ընկերությունը արձանագրել է մոտ 20 տոկոս կորուստ։

Չինաստանի, Հոնկոնգի և Թայվանի բորսաներն ուրբաթ օրը տոների պատճառով փակ էին, ներդրողները միայն երկուշաբթի օրն արձագանքեցին համաշխարհային տնտեսական ցավոտ իրողություններին։ Եվ քանի որ Ասիական տարածաշրջանն է արտադրում ամբողջ աշխարհում վաճառվող ապրանքների մեծ մասը, ԱՄՆ մաքսատուրքերից ամենաշատը տուժում են հատկապես ասիական երկրները: Տարածաշրջանը առանձնահատուկ զգայուն է հատկապես վերջին օրերի մռայլ կանխատեսումների նկատմամբ, որոնց համաձայն համաշխարհային առևտրային պատերազմը կարող է դանդաղեցնել կամ նույնիսկ այնպիսի ռեցեսիայի հանգեցնել, որն աշխարհը մինչ օրս չի տեսել:

Goldman Sachs-ը արդեն 10 տոկոսային կետով բարձրացրել է առաջիկա տարում ԱՄՆ-ի ռեցեսիայի հավանականության գնահատականը հասցնելով մինչև 45 տոկոս հավանականության։ Ուոլ Սթրիթի այլ ներդրումային ընկերություններ նույնպես վերանայում են իրենց կանխատեսումները մաքսատուրքերի մասին Թրամփի վարչակազմի հայտարարությունների ֆոնին։

JPMorgan-ը ևս ԱՄՆ-ում և աշխարհում ռեցեսիայի հավանականությունը գնահատում է 60 տոկոս։ Այս ընկերության մասնագետները փոխել են նաև ամերիկյան տնտեսության վերաբերյալ իրենց լավատեսական գնահատականները՝ նախկին 1,3 տոկոս աճի կանխատեսման փոխարեն այժմ ենթադրում են 0,3 տոկոս անկում, փոխանցում է Reuters-ը։

Ուոլ Սթրիթի բորսաները բացվեցին բաժնետոմսերի կտրուկ նվազմամբ

Այս ամենի ֆոնին Ուոլ Սթրիթի բորսաները մի քանի ժամ առաջ բացվեցին բաժնետոմսերի կտրուկ նվազմամբ։ Ամերիկյան երեք հիմնական ինդեքսները վաղ առուվաճառքի ժամանակ անկում են գրանցել ավելի քան երեք տոկոսով։

Թրամփի առևտրային պատերազմին Շուկաների արձագանքը արտացոլում է ներդրողների վախը համաշխարհային տնտեսական լճացման նկատմամբ, Վաշինգտոնը պետք է սեղմի դադարի կոճակը, կարծում է տնտեսագետ, Փարիզի միջազգային հարաբերությունների դպրոցի դասախոս Արանչա Գոնսալես Լայան։

«ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ասիայի շուկաները ցնցված են։ Ցնցվա՛ծ են քանի որ Թրամփի վարչակազմի հայտարարած քայլերը շատ ավելի կոշտ են, քան կարծում էին շուկաները, քանի որ դրանք ընդհանրական են, քանի որ դրանք թիրախային չեն և քանի որ դրանք հիմնված չեն տնտեսական փաստերի վրա: Եվ այս ամենը բացասական ազդեցություն է թողնում շուկաների վրա, ահաբեկում ներդրողներին», - ասել է Լայան։

Տնտեսական ծանր հետևանքների,10-15 տոկոս գնաճի կանխատեսումների ֆոնին նախագահ Թրամփը համոզմունք է հայտնել, թե դրամատիկ իրավիճակը ժամանակավոր է, արդյունքում ներմուծման ծավալների կրճատմանը զուգահեռ կընդլայնվեն ամերիկյան արտադրության ծավալները՝ համապատասխանաբար երկրում կստեղծվեն նոր աշխատատեղեր։ Մինչ այդ՝ նա ամերիկացիներին հորդորում է՝ խուճապի չմատնվել:

«Եղեք ուժեղ, խիզախ և համբերատար։ Արդյունքը կլինի հզորացում», - սոցիալական ցանցերում այսօր գրել է Սպիտակ տան ղեկավարը։

Համաշխարհային և նույնիսկ ամերիկյան տնտեսությունում ստեղծված դրամատիկ այս իրավիճակին անդրադառնալով՝ երեկ Թրամփը չէր էլ թաքցրել՝ մտահոգված չէ։

«Երբեմն ինչ- որ բան շտկելու համար դեղ է պետք», - արձագանքել է ԱՄՆ նախագահը լրագրողների հետ զրույցում։

Դոնալդ Թրամփը նաև հավելել է, որ անցած հանգստյան օրերին Եվրոպայի և Ասիայի առաջնորդների հետ է զրուցել, որոնք մաքսատուրքերը նվազեցնելու հույս ունեն. - «Նրանք պատրաստվում են բանակցությունների նստել։ Նրանք ցանկանում են խոսել, բայց չի լինի, եթե նրանք մեզ ամեն տարի շատ փող չվճարեն»։

Լայեն. Բրյուսելը բանակցություններում արդյունքների հասնելու հույս ունի

Մինչ աշխարհի երրորդ տնտեսությունը՝ Չինաստանը, անցած օրերին առանց երկար սպասելու պատասխան հարված հասցրեց Թրամփի կողմից սահմանված նոր սակագներին՝ ամերիկյան ապրանքների համար սահմանելով 34 տոկոս մաքսատուրք, Վաշինգտոնի մյուս խոշորագույն առևտրային գործընկերը՝ Եվրամիությունը, դեռ չի շտապում գործի անցնել։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է՝ Բրյուսելը բանակցություններում արդյունքների հասնելու հույս ունի։

«Շատ հստակ է՝ մենք բաց ենք բանակցությունների համար, և զուգահեռաբար պատրաստում ենք հնարավոր հակաքայլերի ցանկ ու անհրաժեշտության դեպքում պատասխան այլ միջոցներ։ Մենք նախընտրում ենք բանակցային լուծում գտնել», - ասել է Լայենը:

Նախագահ Թրամփի մերձավոր զինակիցը՝ միլիարդատեր Իլոն Մասկը, որը համակարգում է ԱՄՆ արդյունավետության պետական դեպարտամենտի աշխատանքը, երեկ, ի դեպ, անուղղակի իր անհամաձայնությունն է հայտնել ամերիկյան իշխանությունների նոր քաղաքականությանը՝ մասնավորապես Եվրամիությունից ներկրվող ապրանքների համար 20 տոկոսանոց մաքսատուրքերը։

«Ես հուսով եմ, որ ի վերջո բոլոր կհամաձայնեն, որ Եվրոպան և Միացյալ Նահանգները պետք է, իմ կարծիքով, անցնեն զրոյական մաքսատուրքերի, փաստացի ստեղծելով ազատ առևտրային գոտի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի միջև», - ասել է Մասկը։




XS
SM
MD
LG