ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Չինաստանից ներկրվող ապրանքների համար մաքսատուրքը բարձրացնում է մինչև 125 տոկոս ընդամենը մի քանի ժամ այն բանից հետո, երբ Չինաստանը հայտարարեց, որ ի պատասխան ԱՄՆ՝ ավելի վաղ սահմանած 104 տոկոս մաքսատուրքերի, վաղվանից իր հերթին 84 տոկոս մաքսատուրք կսահմանի ամերիկյան ապրանքների համար:
«Համաշխարհային շուկաների նկատմամբ Չինաստանի ցուցաբերած անհարգալից վերաբերմունքից ելնելով՝ ես սույնով բարձրացնում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Չինաստանից գանձվող սակագինը մինչև 125 տոկոս, որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես», - իր հիմնադրած TruthSocial սոցցանցում գրել է Դոնալդ Թրամփը՝ հույս հայտնելով, որ ինչ-որ պահի՝ մոտ ապագայում, «Չինաստանը կհասկանա, որ ԱՄՆ-ն և այլ երկրներ թալանելու օրերն» արդեն անցյալում և անընդունելի:
Թրամփը նաև նշել է՝ հաշվի առնելով, որ ավելի քան 75 երկրներ կապ են հաստատել Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ մաքսատուրքերի հարցով և իր իսկ առաջարկով պատասխան քայլեր չեն ձեռնարկել, այդ երկրների համար 90-օրով կդադարեցվեն բարձր մաքսատուրքերը, թեև 10 տոկոս նվազագույն համընդհանուր մաքսատուրքտ կմնա ուժի մեջ: Այս որոշումը նույնպես ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԱՄՆ-ն Չինաստանի նկատմամբ 104 տոկոս մաքսատուրք էր սահմանել, երբ Պեկինը հրաժարվեց վերացնել իր պատասխան մաքսատուրքերը՝ խոստանալով պայքարել մինչև վերջ: Պեկինը Վաշինգտոնին կոչ էր արել չեղարկել մաքսատուրքերը և բանակցել։ Սակայն Թրամփը մերժել էր՝ ասելով, որ Չինաստանն իրականում ցանկանում է գործարք կնքել և ինչ-որ պահի կանի դա, պարզապես չգիտի, թե ինչպես, քանզի չինացիները հպարտ մարդիկ են:
Այսօր, երբ Չինաստանը հայտարարեց, որ պատասխան 84 տոկոս մաքսատուրք է սահմանում, ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարեց, թե սա անհաջող և պարտվողական որոշում է: Դրանից կարճ անց Թրամփն իր սոցցանցում արած գրառմամբ արտերկրում գործող ընկերություններին կոչ արեց տեղափոխվել ԱՄՆ՝ խոստանալով բիզնեսի համար նպաստավոր պայմաններ ստեղծել և մաքսատուրք առհասարակ չկիրառել:
«Սա հիանալի ժամանակ է ձեր ընկերությունն ԱՄՆ տեղափոխելու համար, ինչպես Apple-ը, և ռեկորդային թվով շատ այլ ընկերություններ են անում … Մի՛ սպասեք, եկե՛ք հիմա», - նշել էր Թրամփը:
Եվրոպական միությունը ևս այսօր պատասխան մաքսատուրքեր սահմանեց սահմանեց ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների համար: Մինչ այդ ԱՄՆ-ն էր 25 տոկոս մաքսատուրք էր սահմանել ԵՄ-ից ներկրվող պողպատի և ալյումինի նկատմամբ: Եվրոպական հանձնաժողովի հայտարարությունում ասվում է, որ մաքսատուրքերն արդարացված չեն և վնասում են երկու կողմերին: ԵՄ-ն պատրաստ է բանակցությունների միջոցով հավասարակշռված և փոխշահավետ լուծումներ գտնել:
Վերջին օրերին համաշխարհային բորսաներում արժեթղթերի արժեզրկման պատճառով մի քանի տրիլիոն դոլար է փոշիացել: Ըստ Forbes-ի՝ նոր մաքսատուրքեր սահմանելուց հետո Թրամփն ինքն է կես միլիարդ դոլար կորցրել:
ԱՄՆ նախագահն այս մաքսատուրքերով ցանկանում է նվազեցնել ապրանքների ներհոսքը և կանխել աշխատատեղերի արտահոսքը այլ երկրներ՝ ամերիկյան արտադրությունն աշխուժացնելու համար: Սակայն, ըստ տնտեսագետների, այս քաղաքականությունը մեծացնում է ռեցեսիայի վտանգն ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում: