Մատչելիության հղումներ

ԵՄ-ի 4 միլիոն եվրոն, Գյումրիի և Վանաձորի նոր ավտոբուսներն ու չգումարված ավագանու նիստը


Եվրամիությունը երեք տարի առաջ չորս միլիոն եվրո է տրամադրել Վանաձորի համայնքապետարանին՝ Հայաստանի երկրորդ ու երրորդ քաղաքներում՝ Գյումրիում ու Վանաձորում, նոր, էկոլոգիապես մաքուր տրանսպորտ ունենալու, աղբի վերամշակման հոսքագծեր ու տեղեկատվական թվային համակարգ ստեղծելու համար:

2021-ին դեռ Վանաձորի համայնքապետարանը խոստանում էր՝ «աղբահանություն, աղբի տեսակավորում, պլաստիկի տեսակավորում և վերամշակում մինչև վերջնական արտադրանք ստանալը, էլեկտրոնային ավտոբուսների ձեռքբերում, և երրորդ գլխավոր գործողությունը, որ պետք է կատարվի, աշխարհագրական տեղեկատվական համակարգի, քարտեզագրման ձեռքբերումը և տեղադրումն էին երկու քաղաքապետարանում»։

Նույն այդ ծրագրով դեռ անցած տարվանից երթուղիներում պետք է լինեին 10 էլեկտրական ավտոբուսներ՝ իրենց լիցքավորման կայաններով ու տոմսային նոր համակարգով: Աղբի վերամշակման հաստոցներն արդեն աշխատելիս պետք է լինեին՝ պլաստիկը շինանյութ դարձնեին: Փողոցները ավլող, լվացող մեքենաներով էին մաքրվելու: Ծրագրի մեկնարկին պատասխանատուները վստահեցնում էին, թե սա հեքիաթ չէ, ու որ 3 տարվա մեջ Գյումրին ու Վանաձորը կայուն ու կանաչ կառավարում կունենան:

Անցած տարի մեծ շուքով հայտարարում էին, որ տեխնիկան արդեն Վանաձոր ու Գյումրի է հասել:

Կես տարի առաջ խոստացված ավտոբուսները դեռ երթուղի չեն մտել

Փուչիկներով, կարմիր ժապավեններով, ծափերով ու շամպայնով՝ Վանաձորի ու Գյումրիի հրապարակ մտած էլեկտրական տասն ավտոբուսներն էլ մինչ օրս՝ արդեն կես տարի, երթուղի չեն մտել և կշարունակեն կանգնած մնալ, քանի դեռ Վանաձորի ավագանին նիստ չի գումարել՝ դրանք շահագործման հանձնելու համար։

«Այո՛, Վանաձորի համայնքապետարանը սկզբում պիտի նիստ գումարի ավագանու, հետո Գյումրու համայնքապետարանը, էդ ավտոբուսները պետք է ընդունվեն Գյումրու կողմից որպես նվեր, պետք է կառուցվեն իրենց համար էլեկտրական լիցքավորման կայաններ», - ասում էր Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը:

Սարիկ Մինասյան
Սարիկ Մինասյան

Վանաձորի ավագանին անցած տարվա մայիսից նիստեր չի գումարել՝ անհայտ պատճառով, որի մանրամասները չեն պարզաբանվում ոչ բնակիչներին, ոչ էլ լրագրողներին: Դեռ անցած տարվանից այս թեմայով «Ազատության» բոլոր հարցումներին քաղաքապետարանից պատասխանել են, թե առաջիկայում նիստ տեղի կունենա, օրակարգն են քննարկում՝ առանց մեկնաբանելու, թե օրակարգի որ հարցերի շուրջ համաձայնության չեն գալիս:

Պարզ չէ՝ ինչո՞ւ թեկուզ միայն Եվրամիության այս նվերը համայնքներին սեփականություն դարձնելու օրակարգով ավագանու նիստ տեղի չի ունենում։ Մինչ այդ ծրագրի ղեկավար Նատալյա Լափաուրին ասում է, թե ԵՄ ծրագիրը դեռ անցած տարվա ամռանն ավարտվել է, ու որ այն հաջողված են համարում:

«Ծրագրով նախատեսված բոլոր գործողություններն արված են», - ասում է Լափաուրին:

Նատալյա Լափաուրի
Նատալյա Լափաուրի

ԵՄ-ից աշխատավարձ ստացած աշխատակիցներից չորսը՝ քաղաքապետարանի պաշտոնյաների հարազատներ

2020-ի տարեվերջին այդ ժամանակ համայնքապետ Մամիկոն Ասլանյանն էր Եվրամիության հետ պայմանագիր ստորագրել ու այս ծարգիրը երեք տարում իրականացնելու համար աշխատակազմ ձևավորել: Նրա որոշմամբ, ծրագրի ութ աշխատակիցներից մեկը հենց իր կինն էր՝ որպես ծրագիրը մշտադիտարկող ու գնահատող մասնագետ, մյուսը՝ իր իսկ աշխատակազմի ղեկավար Արթուր Օհանյանի կինը՝ հանրային կապերի մասնագետ: Գնումների մասնագետի պարտականություններն էլ Ասլանյանը դրել էր իր խորհրդականի՝ Հայկ Հովսեփյանի դստեր վրա:

Ասլանյանի դեմ կոռուպցիոն մեղադրանքներից ու կալանքից հետո նրանք շարունակել են պաշտոնավարել մինչև ծրագրի ավարտը։ Ավելին, Ասլանյանին փոխարինած Արկադի Փելեշյանն էլ իր հերթին է աշխատանքի ընդունել քաղաքապետարանի կոմունալ տնտեսության բաժնի պետի՝ Բենիկ Նազարյանի կնոջը՝ որպես Եվրամիության ծրագրի վարքաբան:

Ծրագիրը ղեկավարած Նատալյա Լափաուրին, ով ևս նշանակվել էր այս պաշտոնում համայնքապետի որոշմամբ, պնդում է՝ տեղյակ չի եղել, որ Եվրամիությունից աշխատավարձ ստացած ութ աշխատակիցներից առնվազն չորսը եղել են քաղաքապետարանի պաշտոնյաների հարազատներ ու ընտանիքի անդամներ:

Հարցին, թե արդյոք այստեղ շահերի բախում չի՞ տեսնում, 2021-2024 թվականներին Եվրամիության ծրագիրը ղեկավարած Լափաուրին պատասխանեց․ - «Ես չգիտեմ, ասենք իրավական առումով, թե ընդհանրապես, իրենց, ոնց Ձեզ ասեմ, ընտանեկան, այսպես ասած, ներքին խոհանոց ես չեմ մտնում, ես չգիտեմ, որպես ծրագրի ղեկավար, ով ում կինն է, ով ում ամուսինն է, անկեղծ»:

Ծրագրի ղեկավարն ասում է՝ գործել են թափանցիկ, իրավապաշտպանը խախտումներից է խոսում

Ծրագրով նախատեսված էլեկտրական ավտոբուսները, հաստոցները, ավլող մեքենաները, աշխարհագրական տեղեկատվական համակարգն ու ևս 60 գնումներ իրականացնելու համար համայնքապետի կարգադրությամբ մրցութային հանձնաժողով է ստեղծվել։ Ծրագրի ղեկավար Նատալյա Լափաուրին վստահեցնում է՝ ամեն ինչ թափանցիկ ու հրապարակային են արել:

«Բոլոր գնումները համաձայն PRAG-ի ընթացակարգերի են իրականացվել: Այսինքն, Եվրամիության պայմանագրի շրջանակներում, այնտեղ գործում են հատուկ կանոններ՝ գնումների իրականացման ընթացակարգերը», - ասաց ծրագրի ղեկավարը:

Վանաձորցի իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանը հակադարձում է՝ Եվրամիության ստանդարտները բացառում են շահերի բախումը:

Գևորգ Քոթանջյան
Գևորգ Քոթանջյան

«PRAG համակարգը ընդհանուր ուղեցույցն է, այսինքն, ուղեցույց է, թե ինչ գործողություններ կարող են արվել, և ինչ գործողություններ չեն կարող արվել: Եվ էնտեղ կա սահմանում շահերի բախման բացառման մասին: Այսինքն, այս դեպքում, երբ որ համայնքի ղեկավարի կինը, աշխատակազմի քարտուղարի կինը, խորհրդականի դուստրը և աշխատակազմի մի բաժնի պետի կինը ընդունվել են աշխատանքի, սա փաստացի PRAG համակարգի ընթացակարգի խախտումով է տեղի ունեցել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գևորգ Քոթանջյանը։

Ո՞ր ընկերությունն է ավտոբուսներ մատակարարել Գյումրիի ու Վանաձորի համար

Գյումրիի ու Վանաձորի համար 1,7 միլիոն եվրո արժողությամբ 10 էլեկտրական ավտոբուսները մատակարարել է «Սենա Մոթորս» ընկերությունը, որը պաշտոնական էջերում հանդես է գալիս Sena Motors Georgia և Sena motors Armenia անուններով: Երկու էջերում էլ հիմնականում Sena մակնիշի մեքենաների նույն գովազդներն են տեղադրվում՝ անգլերենով ու վրացերենով: Գյումրի ու Վանաձոր հասցված ավտոբուսների մասին, սակայն, որևէ տեղեկություն չկա։

Կայքում տեղադրված հայկական հեռախոսահամարով «Ազատությանը» պատասխանած աշխատակիցը ներկայացավ որպես Թամազ, ասաց՝ Եվրամիության ծրագրով նախատեսված էլեկտրական ավտոբուսների պահեստամասերը Չինաստանից են բերվել ու Հայաստանում հավաքվել:

«Ազատություն»․ - Այսինքն, ո՛չ Հայաստանում է արտադրվում, ո՛չ Վրաստանում դա:

Թամազ․ - Ի՞նչը, ավտոբո՞ւսը: Չէ՛, ստեղ ինքը հավաքվում է, պրոստը իրա էդ բաները սաղ ընդեղից ա գալիս էլի: Ես տենց գիտեմ:

«Ազատություն»․ - Որտեղի՞ց:

Թամազ․ - Չինաստանից: Դետալները, բաները էլի:

«Ազատություն»․ - Իսկ Հայաստանո՞ւմ է հավաքվել, թե՞ Վրաստանում:

Թամազ․ - Իմ իմանալով էդ էլ ա ստե հավաքվել, ինչքան գիտեմ:

«Ազատություն»․ - Հայաստանում հավաքվել է:

Ո՞վ է քվեարկել է իր իսկ հիմնադրած ընկերությանը 400 հազար եվրո վստահելու օգտին

Ծրագրով երկրորդ ամենաթանկ ձեռքբերումը աշխարհագրական տեղեկատվական թվային համակարգն է երկու քաղաքների համար, որի արժեքը, ըստ Նատալյա Լափաուրիի, 400 հազար եվրո է կազմել: Այս դեպքում էլ պատվերը Վանաձորում գործող «Շինէքսպրտ» ընկերությունն է ստացել, որը մրցույթի միակ մասնակիցն է եղել:

Այս ընկերության հիմնադիրը Վանաձորի համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Սուրեն Աբովյանն է, որն այժմ տնային կալանքի տակ է կաշառքի գործով: Սուրեն Աբովյանը, ում հիմնադրած ընկերությունը հաղթել է մրցույթում ու Եվրամիությունից 400 հազար եվրո ստացել, նաև նույն այս մրցութային հանձնաժողովի անդամ է եղել: Այս դեպքում ևս ծրագրի ղեկավար Նատալյա Լափաուրին ասում է՝ տեղյակ չի եղել, որ շահերի բախում կա. թղթերով ամեն ինչ ճիշտ է`Սուրեն Աբովյանն այդ ժամանակ իր հիմնադրած ընկերության սեփականատերը չէր: Ընկերությունը 2017-ից անցել է նրա ընտանիքի մերձավորին: Աբովյանն էլ՝ որպես մրցութային հանձնաժողովի անդամ, չի հայտարարել շահերի բախման մասին ու քվեարկել է իր իսկ հիմնադրած ընկերությանը 400 հազար եվրո վստահելու օգտին:

Լափաուրի․ - Ես նման որևէ տեղեկատվության, և որևէ մեկը և՛ էդ պահին, և՛ առհասարակ, մենք չենք տիրապետել:

«Ազատություն»․ - Իսկ Սուրեն Աբովյանը ներգրավվա՞ծ է եղել այդ աշխատանքներում:

Լափաուրի․ - Սուրեն Աբովյանը՝ որպես քաղաքաշինության բաժնի ղեկավար, ինքը, այո՛, ոչ միայն հանձնաժողովում, նաև աշխատանքային խմբերում:

Ըստ ծրագրի մասին պաշտոնական տեղեկագրերի՝ աշխարհագրական տեղեկատվական համակարգի միջոցով Վանաձորում և Գյումրիում պետք է բարելավվի քաղաքաշինական պլանավորումը:

«Տվյալների պահպանման և կառավարման միասնական համակարգի շնորհիվ համայնքային ղեկավարներին անմիջապես հասանելի կլինեն ենթակառուցվածքների, կոմունալ համակարգերի, կապի ցանցերի, հատակագծի, շրջակա միջավայրի վերաբերյալ անհրաժեշտ ցանկացած տեղեկատվություն՝ որակյալ որոշումներ կայացնելու համար», - նշվում է տեղեկագրում։

Թե՛ գնումների պատվիրատու Վանաձորի քաղաքապետարանից ու թե՛ Եվրամիության ծրագիրը ղեկավարած Նատալյա Լափաուրին ասում են, որ աշխարհագրական տեղեկատվական համակարգն իր սերվերներով արդեն քաղաքապետարաններ է հասել ու, որ դրանք արդեն գործածվում են: Մինչդեռ Գյումրիի համայնքապետարանի քաղաքաշինության բաժնում «Ազատությանն» ասել են, որ այն, ինչ կա իրենց ձեռքի տակ, ընդամենը տրանսպորտային երթուղիները, կանգառներն ու ավտոբուսների շարժը ցույց տվող GPS համակարգ է:

«Յուրաքանչյուր միկրոավտոբուսի շարժը, մուտքը ավտոպարկ, բոլորը կերևան, որ օրը քանի մեքենա է դուրս եկել, քանի մեքենա կարող է համայնքի կարիքների համար գնացել է ուրիշ տեղ: Հատիկ-հատիկ կերևա», - փոխանցել են քաղաքապետարանից՝ նշելով, որ սեպտեմբեր ամսվանից սկսած է աշխատում ծրագիրը, սակայն ընդմիջումներով է գործել:

Գյումրիի քաղաքապետարանում ասում են, որ սրանից բացի, այլ քաղաքաշինական պլանավորում ապահովող ծրագիր դեռ չունեն:

Ծրագրով նախատեսված պլաստիկի վերամշակման 200 հազար եվրո արժողությամբ հաստոցները ևս դեռ օգտագործողներին չեն հասել։ Պատվերը ստացել է Գյումրիում գործող «Քարհատ» ընկերությունը։

Կառավարիչ Ռաֆայել Հովհաննիսյանը ստորև լուսանկարում ցույց է տալիս իրենց արտադրամասում պահվող հաստոցը, որը մինչ այսօր չի տեղափոխվել և նպատակին չի ծառայում։

Ռաֆայել Հովհաննիսյան
Ռաֆայել Հովհաննիսյան

Ռաֆայել Հովհաննիսյան. - Այսքանն է, ուղղակի փորձարկել ենք ու վերջ:

«Ազատություն». - Վանաձորինը տեղափոխվե՞լ է Վանաձոր:

Ռաֆայել Հովհաննիսյան. - Վանաձորը տեղափոխվել է Վանաձոր, Գյումրիինը մնացել է այստեղ:

Ինչո՞ւ ի վերջո Եվրամիության այս ծրագիրը ավարտվել, բայց դեռ համայնքներին զարգացում չի բերել, ինչո՞ւ 4 միլիոն եվրոյի ներդրումը գյումրեցիներն ու վանաձորցիները դեռ չեն տեսնում, ինչո՞ւ Վանաձորի ավագանու վճռորոշ նիստն այդպես էլ չի նախաձեռնվում: «Ազատություն»-ը գրավոր հարցում էր ուղարկել նաև Հայաստանում Եվրամիության գրասենյակ՝ մանրամասներ իմանալու ծրագրի, գնումների ու դրանց համար անցկացված մրցույթների մասին:

Պատվիրակությունից ասել են, որ իրենք ուշադիր հետևում են Հայաստանում Եվրամիության կողմից ֆինանսավորվող բոլոր ծրագրերի ընթացքին։ Նշել են, որ դեռ ծրագրի ոչ բոլոր փաստաթղթերն են իրենց հասել, հետևաբար հարցերին կպատասխանեն ծրագրի վերջնական գնահատումից ու աուդիտից հետո:

«ԵՄ ընթացակարգերին համապատասխան գնումների ողջ գործընթացն իրականացրել է Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմը: Եվրամիությունը հաշվետվությունների ներկայացման հետ հսկողություն է իրականացնում: Որպես այս ծրագրի պատվիրատու մարմին՝ ԵՄ պատվիրակությունը, բացի փաստաթղթերի ուսումնասիրությունից, մոտ ապագայում նախատեսում է լինել ծրագրի իրականացման վայրերում և տեղում ուսումնասիրել կատարվածը: Ընդհանուր առմամբ, Եվրամիությունը շատ լուրջ է վերաբերվում իր բոլոր ֆինանսավորվող ծրագրերին և մանրակրկիտ ստուգումներ է անցկացնում տարբեր մեխանիզմների միջոցով։ Ուստի այս նախագծին նույնպես շատ լուրջ և ուշադիր հետևում ենք», - փոխանցել են կառույցից:

Մինչ օրս Եվրամիությունը ծրագրի երկու ֆինանսական աուդիտ է իրականացրել: Այժմ արդեն անկախ աուդիտորական ընկերությունը երրորդն է անում: Ծրագրի ղեկավար Նատալյա Լափաուրին ասում է՝ նախորդ երկու ստուգումների արդյունքում խախտումներ ու Միության սկզբունքներից շեղումներ չեն հայտնաբերվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG