Մատչելիության հղումներ

«Բալասանյանը փախնող անձ չէ»․ փաստաբանի պնդմամբ, նա նախաքննությունից չի թաքնվում


Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյան
Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյան

Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը հետախուզման մեջ է, կրտսեր որդին՝ Խաչատուրը տնային կալանքի տակ՝ ընտանիքին պատկանող «Սև բերդ» պատմական ամրոցի հարակից հողերն ապօրինի օտարելու մեղադրանքներով:

Փաստաբան Տիգրան Գրիգորյանը պնդում է՝ փողերի լվացման ու պաշտոնական լիազորությունների չարաշահման համար մեղադրվող իր վստահորդը նախաքննությունից չի թաքնվում և չի փախել, բուժվելու համար մեկնել է Միացյալ Նահանգները ու երբ առողջական վիճակը թույլ տա, կվերադառնա:

«Էս գործ կոչվածը մոտ երեք տարի չգիտես ինչ են քննել, և պարոն Բալասանյանը էս ընթացքում մի քանի անագամ տարվա մեջ գնացել է Հայաստանից դուրս, վերադարաձել է, էլի է գնացել: Պարոն Բալասանյանը փախնող անձ չէ։ Քրեական դատավարության օրենսգիրքը հստակ նախատեսում է, կարգ կա, հեռակա վարույթով էլ կարելի է այս ամենը պարզաբանել», - ասաց փաստաբանը։

Իրավապահները չեն հստակեցնում՝ արդյոք 70-ամյա նախկին քաղաքապետին գտնելու համար դիմել են Միացյալ Նահանգներին, համենայն դեպս, հայաստանյան դատարանն արդեն թույլատրել է նրան կալանավորել:

Ըստ մեղադրանքի՝ Բալասանյանն իր պաշտոնավարման տարիներին պետությանը կամ համայնքին պատկանող հատուկ պահպանվող հողատարածքները մաս-մաս արել ու վաճառել է այլոց, ու, ի վերջո, դրանք ավելի ցածր գնով գնել է կրտսեր Բալասանյանը: Եթե դատախազը հաստատի մեղադրանքը, գործը դատարան կուղարկվի:

Հայր և որդի Բալասանյաններից բացի այս գործով ևս երեք մարդ է անցնում՝ Բալասանյանի քրոջ ամուսինը՝ Գյումրիի նախկին փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, մեկ այլ նախկին փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը և ընտանիքի ևս մեկ մերձավոր:


Բալասանյանների փաստաբանը կարծում է՝ հատկապես փողերի լվացման ծանր մեղադրանք առաջադրելով՝ նախաքննական մարմինը ցանկացել է հնչեղություն տալ այս գործին:

«Մեր հարգարաժան դատախազության աշխատանքային ոճը անպայաման պտի ծանրացնեն, որ ծանր լիներ, հնչեղություն լիներ, բայց չկար էդպիս հիմքեր, իմ խորին համոզմամբ, - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը:

Փողերի լվացաման համար նախատեսվում է մինչև 10 տարվա ազատազրկում: Փաստաբանն իր վստահորդներին առաջադրված այս մեղադրանքի վերաբերյալ իր դիքորոշումն ունի:

«Առահասարակ նախ բացակայում է և չհիմնավորված է: Մեղադրական եզրակացությունը դատարան ուղարկելը դեռ չի նշանակում, որ նման բան կա: Վարույթ իրականացնող մարմինը դիտել է փողերի լվացում, չի էլ կարա խոսք գնա անգամ ոչ միայն պարոն Բալասանյանի, Խաչատուր Բալասանյանին նման մեղադրանքը,շատ ներողություն, անհեթեթություն է», - նշեց Գրիգորյանը։

Փաստաբանի փոխանցմամբ, Բալասանյանները մեղադրանքը չեն ընդունում:

Գործարար Խաչատուր Բալասանյանը անցած հոկտեմբերին ԱՄՆ մեկնելու ճանապարհին՝ «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվեց ու 70 միլիոն գրավի դիմաց տնային կալանքի ենթարկվեց: Որոշ ժամանակ անց նա բանտ տեղափոխվեց, ապա 80 միլիոն դրամի դիմաց դարձյալ տնային կալանքի տակ հայտնվեց: Ինչո՞ւ է հաճախ փոխվում Խաչատուր Բալասանյանի խափանման միջոցը:

«Պաշտպանական կողմի կարծիքն է, որ ճնշումներ էին գործադրում, իսկ այդ փոփոխությունը կապված է դատական ակտից՝ վերաննիչ բողոք է պաշտպանական կողմը տարել, Վերաքննիչ դատարանը փոփոխել էր խափանման միջոցը», - պարզաբանեց Տիգրան Գրիգորյանը։


Հենց այս քրեական գործը օրակարգ բերելուց հետո Գյումրիի իշխող «Բալասնայան» դաշինքը ողջ կազմով հրաժարական տվեց՝ այդպես էլ չհստակեցնելով պատճառը:

Նախքան այս իրադարձությունները Գյումրիի ավագանին, ՔՊ-ի նախաձեռնությամբ, նիստ գումարեց ու որոշեց երկու նախկին քաղաքապետերի օրոք օտարված 24 անուն գույքը համայնքին ետ վերադարձնելու պահանջով դիմել դատարան: Կողմ քվեարկեց նույնիսկ «Բալասանյան» դաշինքը: Ավագանու նշած գույքերի ցանկում նաև Բալասանյաններին պատկանող հողատարածքներն են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG