Մատչելիության հղումներ

Ալիև․ «Քանի դեռ Հայաստանը չի հրաժարվել տարածքային պահանջներից, պատերազմի վտանգը պահպանվելու է»


Պատերազմի վտանգը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ Երևանը չի հրաժարվել Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջներից։ Իլհամ Ալիևի այս հայտարարությունը հնչել է այսօր Բաքվում, Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում կազմակերպված համաժողովի ընթացքում։

«Քանի դեռ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել, քանի դեռ Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջներից, որոնք դեռևս առկա են այդ երկրի Սահմանադրությունում, քանի դեռ Հայաստանն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված անկեղծ պահվածք չի ցուցաբերել, զինված դիմակայության վտանգը մշտապես առկա է լինելու», - հայտարարում էր Ադրբեջանի նախագահը։

Բաքվում հավաքված ադրբեջանամետ փորձագետների հետ հանդիպման ժամանակ Ալիևը խաղաղության պայմանագրի ստորագրման մյուս նախապայմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման պահանջը ևս հիշեց՝ պնդելով, թե այս հարցում պաշտոնական Երևանը դեռ համառում է։

«Ադրբեջանի հետ միասին Մինսկի խմբի լուծարման հարցով ԵԱՀԿ դիմելուց խուսափելը վկայում է, որ հայերը ժամանակ են ձգում, գուցե որոշակի փոփոխությունների և ավելի շահեկան միջազգային իրավիճակի սպասումներ ունեն։ Նրանք մեծ հույսեր ունեին, որ [Միացյալ Նահանգների] ընտրություններից հետո դեմոկրատները կշարունակեն կառավարել։ Գաղտնիք չէ, որ նախագահ Թրամփի հաղթանակը նրանց համար մեծ հիասթափություն և հուսախաբություն էր», - նշում էր Իլհամ Ալիևը։

«Մահաբեր զենքերը, որ առաքում են Հայաստանի նոր բարեկամները, ապագա լարվածության կհանգեցնեն»

Ադրբեջանի նախագահի այսօրվա ելույթի առանձնահատկություններից ևս մեկը Հայաստանի գործող իշխանություններին նրա տված որակումներն էին։ Ալիևի համոզմամբ, գաղափարական առումով, հայաստանյան իշխանությունների և ընդդիմության միջև մեծ տարբերություններ չկան։

«Հայաստանում բավական ազդեցիկ ռևանշիստական խմբեր կան։ Դրանց ես կբաժանեի երկու խմբի՝ ակտիվ ռևանշիստներ, որոնք պատասխանատու են 30-ամյա օկուպացիայի համար, և պասիվ ռևանշիստներ։ Դա այսօրվա կառավարությունն է, որը փորձում է, այսպես կոչված, կառուցողական մոտեցումներ ցուցաբերել, սակայն ապրում է նույն ռևանշի ու վրեժխնդրության զգացմունքներով», - պնդում էր Ալիևը։

Որպես ասվածի ապացույցը Իլհամ Ալիևհ այսօր հերթական անգամ խոսում էր Հայաստանի կողմից ձեռք բերվող սպառազինության մասին։

«Հայաստանի ռազմականացման մեծ գործընթաց կա։ Մահաբեր զենքերը, որ առաքում են Հայաստանի նոր բարեկամները, ոչ թե խաղաղության և կայունության, այլ ապագա լարվածության կհանգեցնեն», - հայտարարում էր Ադրբեջանի նախագահը։

«Պետք չէ ապավինել նոր կամ հին բարեկամներին, որովհետև ի վերջո, տեղում նրանք մեզ հետ են առերեսվելու»

Իլհամ Ալիևի այսօրվա ելույթից նաև պարզ դարձավ՝ Բաքուն շարունակում է զգուշացնել հայկական կողմին՝ արտաքին ուժերը մի օր գնալու են և հայերը ադրբեջանցիների հետ մնալու են դեմ առ դեմ։

«2020 թվականին Հայաստանը կապիտուլյացիա ստորագրեց։ Բոլորս էլ գիտենք, թե ինչ է լինում այն երկրների հետ, որոնք կապիտուլյացիա են ստորագրում։ Հայաստանը, սակայն, փորձում էր իրեն այնպես պահել կարծես ոչ 30-ամյա օկուպացիա էր եղել, ոչ էլ 44-օրյա պատերազմ։ Բացի այդ նրանք շատ վատ խորհուրդներ էին ստանում իրենց, այսպես կոչված, բարեկամներից։ Դա, ի դեպ, այսօր էլ շարունակվում է։ Մենք նրանց բազմիցս զգուշացրել ենք, որ պետք չէ ապավինել նոր կամ հին բարեկամներին, որովհետև ի վերջո, տեղում նրանք մեզ հետ են առերեսվելու», - զգուշացնում էր Ալիևը։

Ու չնայած գրեթե անթաքույց սպառնալիք պարունակող այս հայտարարությանն՝ Ալիևն այսօր կրկին պնդում էր, թե իր երկիրը նոր պատերազմ հրահրելու ցանկություն չունի։ Նա նույնիսկ հայտարարում էր, թե սպասվող ագրեսիայի մասին, իր բնորոշմամբ, կեղծ լուրերը տարածում են Ֆրանսիայի իշխանություններն ու «Փարիզի հետ գործակցող եվրոպական երկրները»։ «Եթե մենք ցանկանայինք շարունակել պատերազմը՝ կշարունակեինք 2020 թվականին», - ասում էր Ադրբեջանի նախագահը։

«Մենք Հայաստանի հետ սահմանին ամենուր էինք՝ Զանգելանում, Քելբաջարում, այլ ուղղություններում։ Հայաստանի բանակը լիակատար բարոյալքման վիճակում էր։ Նրանք 12 հազար դասալիք ունեին, այս փաստը իրենք՝ Հայաստանի իշխանություններն են հաստատել», - հայտարարում էր Ալիևը։





Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG