Մատչելիության հղումներ

Թրամփն անհամբեր սպասում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ ԱՄՆ պաշտոնյա


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհամբեր սպասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկար սպասված խաղաղության պայմանագրի ստորագրմանը, այսօր Բաքվում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի էներգետիկ ռեսուրսների պետական բյուրոյի ավագ խորհրդական Էրիկ Ջեյքոբսը։

Ելույթ ունենալով Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված էներգետիկ հարցերով հավաքին ԱՄՆ պետքարտության բարձրաստիճան պաշտոնյան շեշտել է, որ խաղաղության պայմանագիրը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը։

«Այն կխթանի տնտեսական զարգացումը՝ ապահովելով կայունություն և խաղաղություն տարածաշրջանում: Կայուն խաղաղությունը վերջ կդնի տարածաշրջանում հակամարտություններին և անվտանգություն, բարգավաճում կբերի Հարավային Կովկաս: Մենք գնահատում ենք այն քայլերը, որոնք դուք անում եք այս ճանապարհին», - հայտարարել է Էրիկ Ջեյքոբսը:

Խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին մարտի 13-ի հայտարարությունից հետո Միացյալ Նահանգներն այդ առթիվ ողջունեց Երևանին և Բաքվին։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասաց, որ «սա հնարավորություն է, որպեսզի երկու երկրները շրջեն տասնամյակների հակամարտության էջը՝ շեշտելով՝ «այժմ խաղաղության հանձնառության, պայմանագրի ստորագրման և վավերացման, Հարավային Կովկասի մարդկանց համար բարգավաճման դարաշրջանի հռչակման ժամանակն է»։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծվ խորհրդական Մայք Ուլցն էլ հայտարարեց՝ «կոնֆլիկտը Հարավային Կովկասում պետք է ավարտվի»։

Թեև մարտի13-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, որ ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները, Բաքուն գրեթե ամենօրյա ռեժիմով պնդում է խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայմանները՝ Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագրի հղման հեռացում, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքով՝ «գնդակը Հայաստանի դաշտում է»։

Երևանը հայտարարում է, որ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է, իսկ Մինսկի խմբի լուծարումը հնարավոր է համաձայնագրի ստորագրումից հետո։

Նախօրեին Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարեց՝ Կառավարությունն Ալիևի հնչեցրած մտքերը որպես նախապայմաններ չի դիտարկում:

«Խաղաղությունը այլընտրանք չունի, և մեր գործողությունները, այո՛, պետք է միտված լինեն խաղաղության վերջնական հաստատմանը: Բայց թե ինչ կոնցեպտով պետք է առաջ շարժվենք դեպի խաղաղության պայմանագրի կնքումը, կարծում եմ, որ շատ շուտով հանրությանը հայտնի կլինի», - ասել է Գալյանը՝ չմանրամասնելով։


XS
SM
MD
LG